Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մարդու թշվառությունը1 Աշխատանք է սահմանված ամեն մարդու համար, և ծանր …

Մարդու թշվառությունը

1 Աշխատանք է սահմանված ամեն մարդու համար, և ծանր լուծ է դրված մարդու որդիների վրա իրենց մորից ելնելու օրից մինչև բոլորի մոր ծոցում թաղվելու օրը։
2 Ակնկալիքի և վախճանի օրվա մասին մտածումը նրանց խորհրդածության նյութն ու սրտի ահն է.
3 սկսած նրանից, որ ինքնագոհ նստած է փառքի աթոռին, մինչև նա, որ թշվառացել և հող ու մոխրի մեջ է,
4 սկսած նրանից, որ հակինթ և պսակ է կրում, մինչև նա, որ ցնցոտի է հագնում, ամեն ոք ունի ցասում և նախանձ, խռովք և անհանգստություն, մահվան երկյուղ, ոխ և հակառակություն։
5 Հանգստի ժամանակ անկողնում գիշերվա երազը մթագնում է նրա միտքը։
6 Քիչ հանգիստ, նա համարյա հանգիստ չունի, որից հետո երազների մեջ տանջվում է, ինչպես ցերեկը։
7 Իր սրտի տեսիլքներից ցնցված՝ նա նման է պատերազմից մազապուրծ եղածի. արթնանում է իր տեսիլքներից փրկվելու պահին և զարմանում է, որ սարսափել է ոչինչ բանից։
8 Թեպետ սա պատահում է ամեն էակի հետ՝ մարդուց մինչև անասուն, բայց մեղավորների հետ դա լինում է սրանից յոթնապատիկ ավելի։
9 Մահն ու հակառակությունը, արյունն ու սուրը, հարվածներն ու սովը, կործանումն ու տանջանքը, այս բոլորը ստեղծվել են մեղավորների համար։
10 Նաև նրանց պատճառով եղավ ջրհեղեղը։
11 Ամեն ինչ, որ հողից է, հողին է վերադառնում, ինչ որ ջրից է, ծովին է վերադառնում, այդպես էլ ամբարիշտները նզովքից գնում են դեպի կորուստ։

Կեղծ և ճշմարիտ բարիքներ

12 Ամեն տեսակ կաշառք և անիրավություն կկործանվի, իսկ հավատարմությունը հավիտյանս կմնա։
13 Անիրավ մարդկանց ունեցվածքը գետի նման պիտի ցամաքի, և նրանք պիտի գոռան տեղատարափ անձրևի որոտի պես։
14 Նրանցից ով բացի իր ձեռքը, ուրախ կլինի, այդպես էլ հանցագործներն ի վերջո կցամաքեն։
15 Ամբարիշտների սերունդը չի շատացնի ճյուղերը, իսկ պիղծ արմատները ապառաժ քարի վրա են լինում։
16 Ոսկեծաղիկը, որ բուսնում է ամեն տեսակ ջրի մոտ, գետեզրին, ամեն տեսակ խոտից առաջ է արմատախիլ լինում։
17 Սակայն բարեգործությունը՝ իբրև դրախտ, հավիտյան կմնա օրհնության մեջ։

Խրատներ լավի և լավագույնի մասին

18 Աշխատավորի և ինքնագոհ մարդու կյանքը քաղցր է, բայց երկուսին գերազանցում է նա, ով գանձ է գտնում։
19 Որդիներ ունենալն ու քաղաք կառուցելը հավերժացնում են մարդու անունը, բայց անբիծ կինն այս երկուսից առավել հարգելի է։
20 Գինին և երգը ուրախացնում են սիրտը, բայց իմաստության սերը երկուսից առավել է։
21 Սրինգն ու տավիղը հաճելի են դարձնում նվագը, բայց քաղցր լեզուն երկուսից առավել է։
22 Աչքը ցանկանում է շնորհ և գեղեցկություն, բայց այս երկուսից առավել՝ բույսերի գեղեցկությունը։
23 Ժամանակին հանդիպած բարեկամն ու ընկերը լավ են, բայց այս երկուսից առավել՝ բարի կինը։
24 Եղբայրներն ու օգնությունը փրկում են նեղության ժամանակ, բայց այս երկուսից առավել՝ ողորմածությունը։
25 Ոսկին և արծաթը հաստատուն են պահում ոտքերը, բայց ընտիր խորհուրդն այս երկուսից առավել է համարվում։
26 Հարստությունը և ուժը հպարտություն են տալիս սրտին, բայց բոլորից առավել է երկյուղը Տիրոջից։
27 Ով երկյուղ ունի Տիրոջից, նա պակասություն չի զգա։
28 Երկյուղը Տիրոջից օրհնյալ դրախտի նման է, և այն հովանի է ամեն տեսակ փառքից ավելի։

Չապրել մուրացկանի նման

29 Որդյա՛կ, մի՛ ապրիր մուրացկանի կյանքով. լավ է մեռնել, քան մուրալ։
30 Ով նայում է ուրիշի սեղաններին, նրա կյանքը չի կարելի կյանք համարել. նա իր հոգին ստորացնում է ուրիշի կերակուրներով։
31 Իսկ իմաստուն և խելացի մարդը զգույշ է լինում։
32 Անամոթի բերանին քաղցր է մուրալով ստացածը, բայց նրա որովայնի մեջ կրակ պիտի վառվի։