Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Տերը մարդուն ստեղծեց հողից, ըստ իր պատկերի ստեղծեց նրան և դարձյալ վ…
1 Տերը մարդուն ստեղծեց հողից, ըստ իր պատկերի ստեղծեց նրան և դարձյալ վերադարձրեց հողին։
2 Նա մարդկանց տվեց հաշված օրեր ու ժամանակներ և նրանց իշխանություն տվեց երկրի վրա առկա ամեն բանի վրա։
3 Ըստ իրենց բնույթի՝ զորությամբ զգեստավորեց նրանց և ըստ իր պատկերի արարեց նրանց։
4 Մարդու ահը դրեց ամեն կենդանի էակի վրա՝ տիրելու գազաններին և թռչուններին։
5 Մարդկանց միտք, լեզու, աչք, ականջ և սիրտ տվեց՝ դրանցով իմացություն ստանալու համար։
6 Նրանց լցրեց գիտության հանճարով և չարն ու բարին ցույց տվեց նրանց։
7 Իր աչքը դրեց նրանց սրտի մեջ՝ նրանց ցույց տալու իր գործերի մեծությունը, որպեսզի օրհնեն իր սուրբ անունը.
8 նաև որ պատմեն իր գործերի մեծությունը։
9 Ավելացրեց նրանց գիտությունը և նրանց ժառանգություն տվեց կյանքի օրենքը։
10 Հավիտենական ուխտ հաստատեց նրանց հետ և իր դատաստանները ցույց տվեց նրանց։
11 Նրանց աչքը տեսավ նրա փառքի մեծությունը, և նրանց ականջը լսեց նրա ձայնի փառքը։ Տերը նրանց ասաց. «Զգո՛ւյշ եղեք ամեն անիրավությունից»։
12 Նա նրանցից յուրաքանչյուրին պատվիրեց հոգ տանել մերձավորին։
13 Նրանց ճանապարհները միշտ նրա առջև են և չեն վրիպում նրա հայացքից։
14 Յուրաքանչյուր ազգի համար առաջնորդ կարգեց, բայց Իսրայելը Տիրոջ բաժինն է։
16 Նրանց բոլոր գործերը արեգակի նման նրա առջև են, և նրա աչքը միշտ նրանց ճանապարհի վրա է։
17 Նրանց անիրավությունները չծածկվեցին նրանից, նրանց բոլոր մեղքերը Տիրոջ առջև են։
18 Մարդու ողորմածությունը կնիք է նրա համար, և մարդու շնորհները նա պահպանելու է բիբի նման։
19 Սրանից հետո Տերը պիտի ելնի ու հատուցի նրանց և նրանց արածների փոխարենը պիտի բերի նրանց գլխին։
20 Սակայն ապաշխարողներին նա վերստին դարձի է բերում և մխիթարում նրանց, որոնց համբերությունը նվազել էր։
21 Դարձի՛ր դեպի Տերը և թո՛ղ մեղքերդ։
Կոչ՝ Տիրոջը դառնալու
22 Աղերսի՛ր նրա առջև, և նա կնվազեցնի հանցանքներդ։
23 Դարձի՛ր դեպի Բարձրյալը, հե՛տ դարձիր անիրավությունից և խիստ ատի՛ր գարշությունը։
25 Բարձրյալին ո՞վ գոհություն կտա գերեզմանում նրանց փոխարեն, ովքեր ողջ են և գոհություն են տալիս նրան։
26 Մեռյալից՝ իբրև անգոյից, կորել է փառաբանությունը։ Կենդանի և ողջ մարդը միայն կգովի Տիրոջը։
27 Որքան մեծ է Տիրոջ ողորմությունը,
28 նույնքան էլ՝ քավությունը նրանց նկատմամբ, ովքեր դառնում են դեպի Տերը։
29 Ամեն ինչ չէ, որ մարդ կարող է անել, քանզի մարդու որդին անմահ չէ։
30 Ի՞նչն է ավելի լուսավոր, քան արեգակը, բայց նա էլ է նվազում. մարդու մարմինն ու արյունը չարի մասին են մտածում։
31 Տերն ինքն է հետևում երկնքի բարձր զորքերին. բոլոր մարդիկ հող և մոխիր են։