Հին Կտակարան
Նոր Կտակարան
Բերեթի ճակատամարտը և Հուդա Մակաբեի մահը1 Երբ Դեմետրիոսը լսեց, որ Նիկա…
Բերեթի ճակատամարտը և Հուդա Մակաբեի մահը
1 Երբ Դեմետրիոսը լսեց, որ Նիկանորն իր բանակով կոտորվել է պատերազմում, դարձյալ երկրորդ անգամ Բաքիդեսին և Ալկիմոսին իր բանակի աջակողմյան թևի հետ ուղարկեց Հուդայի երկիր։ 2 Նրանք գնացին Գաղգաղա տանող ճանապարհով, եկան ու ճակատ կազմեցին Մեսալովթում՝ արբելացիների երկրում, գրավեցին այն ու այնտեղ բազմաթիվ մարդկանց սպանեցին։ 3 152 թվականի առաջին ամսում նրանք բանակ դրեցին Երուսաղեմի մոտ, 4 հետո քսան հազար նիզակակիր մարդկանցով ու երկու հազար սպառազինված հեծյալներով գնացին Բերեթ։ 5 Հուդան երեք հազար սպառազեն ընտիր զինվորներով բանակ էր դրել Ելիշայում։ 6 Զորագնդի բազմությունը երբ տեսան, խիստ վախեցան. շատերը լքեցին նրան, Հուդայի մոտ ոչ ոք չմնաց, բացի ութ հարյուր սպառազեն հեծյալներից։ 7 Երբ Հուդան տեսավ, որ զինվորները լքել են իրեն, իսկ պատերազմը նեղում է իրեն, ընկճվեց, որովհետև չէր հասցնի նորից հավաքել նրանց, 8 և հուսալքված սկսեց խոսել մնացածների հետ ու ասաց. «Եկեք նրանց դեմ ելնենք, գուցե կարողանանք դիմադրել նրանց»։ Ինքը համարձակորեն առաջ շարժվեց, բայց զինվորները մոտենալով շրջապատեցին նրան, որ հետ դարձնեն։ 9 Սկսեցին խոսել նրա հետ ու ասացին. «Ո՜վ մարդ, մենք չենք կարող նրանց վնասել, այժմ մեր անձը փրկելու մասին մտածենք, հետո կգնանք, կհավաքենք մեր եղբայրներին ու կկռվենք. մենք սակավաթիվ ենք»։ 10 Հուդան պատասխան տվեց նրանց և ասաց. «Ես այդ բանը չեմ անի, ես նրանց առաջ փախուստի չեմ դիմի։ Եթե հասել է մեր ժամանակը, քաջությամբ մեռնենք հանուն մեր եղբայրների և վախկոտի անուն չխառնենք քաջի արիությանը»։
11 Երկու կողմի բանակների զինվորները ելան ու ճակատ կազմեցին միմյանց դեմ։ Բաքիդեսի սպառազեն բանակը բաժանվեց երկու մասի։ Պարսատիկավորներն ու աղեղնավորները գնում էին գնդի առաջից. նրանք բոլորն էլ ի ծնե պատերազմողներ էին։ Բաքիդեսն աջ թևում էր։ 12 Նա շտապեցնում էր զինվորներին, տագնապի փող հնչեցնելով՝ առաջ էր տանում նրանց։ 13 Հուդայի գունդն էլ փող հնչեցնելով հարձակում գործեց։ Երկիրը երկու կողմերի աղմուկ-աղաղակից դղրդում էր։ Պատերազմը շարունակվեց առանց դադարի՝ առավոտից մինչև երեկո։ 14 Երբ Հուդան նկատեց, որ Բաքիդեսն ընտիր զորքով աջ թևում է կանգնած, իր գնդի սպառազեն, ընտիր զինվորներին իր մոտ կանչեց, քաջալերեց նրանց ու հարձակման անցավ։ 15 Նա ջախջախեց Բաքիդեսի զորքի աջակողմյան թևը և նրանց իր առաջն առած՝ հալածեց մինչև Ազովտ լեռան կողմերը։ 16 Երբ ձախակողմյան թևի զինվորները տեսան, որ աջակողմյան թևը ջախջախվել է Հուդայի զինվորների առաջ, եկան, միացան ու պաշարեցին Հուդային իր գնդով հանդերձ։ 17 Այդ վայրում երկու կողմից էլ շատերը խոցված ընկան։ 18 Առաջին նահատակվողների հետ այդտեղ ընկավ նաև Հուդան, իսկ մնացածները փախուստի դիմեցին։
19 Երկու եղբայրները՝ Հովնաթանն ու Շմավոնը, վերադարձան, վերցրին Հուդային և տարան թաղեցին իրենց հայրերի գերեզմանում՝ Մովդիիմում։ 20 Իսրայելացիները մեծ կոծով ողբացին, սուգ պահեցին բազում օրեր և ասացին. 21 «Ինչպե՜ս ընկավ, ինչպե՜ս տապալվեց հզորը՝ Իսրայելի փրկիչը»։ 22 Այն բոլոր ճակատամարտերի ու պատերազմների մասին, որ մղել է Հուդան, և այն քաջությունների մասին, որ գործել է նա, այս մատյանում չի գրվել, որովհետև դրանք չափազանց շատ են։
Հովնաթանը հաջորդում է Հուդային
23 Հուդայի մահվանից հետո ուրացողները նորից հայտնվեցին Իսրայելի բոլոր սահմաններում, աճեցին ու բազմացան նրանք, որ անիրավություն էին գործում։ 24 Այդ օրերին մեծ սով եղավ, և մարդիկ ինքնակամ գնացին նրանց մոտ. բոլորը նրանց կողմն անցան։ 25 Բաքիդեսն ընտրեց անօրեն մարդկանց և նրանց իշխանություն տվեց։ 26 Նրանք փնտրում, գտնում էին Հուդայի բարեկամներին և բերում Բաքիդեսի մոտ, որը նրանցից վրեժ էր լուծում, չարչարում ու ծանակում։ 27 Նեղում ու ծաղրում էին իսրայելացիներին. նրանք այնպիսի բաների միջով անցան, որպիսիք չէին եղել նույնիսկ այն ժամանակ, երբ մարգարեները վերացել էին։
28 Հուդայի բոլոր բարեկամները հավաքվեցին, գնացին Հովնաթանի մոտ ու ասացին. 29 «Քո եղբայր Հուդայի մահից ի վեր չկա նրա նման մեկը, որ ելնի թշնամիների դեմ, պատասխան տա նրանց, ովքեր, թշնամությամբ գալով, նեղում են մեր ազգը։ 30 Արդ, նրա փոխարեն մենք քեզ ընտրեցինք, որ դու մեզ զորապետ ու առաջնորդ լինես և պատերազմես մեր թշնամիների դեմ»։ 31 Այդ ժամանակ Հովնաթանն ստանձնեց առաջնորդությունը և բարձրացավ իր եղբայր Հուդայի տեղը։
Հովնաթանը վրեժխնդիր է լինում իր եղբոր համար
32 Երբ Բաքիդեսն իմացավ այդ մասին, հնար էր փնտրում սպանելու 33 Հովնաթանին ու նրա եղբայր Շմավոնին։ Նրանք փախան Թեկովեի անապատը և եկան, բանակ դրեցին Ասփարի ջրամբարի մոտ։ 34 Բաքիդեսն այդ մասին իմացավ շաբաթ օրը. եկավ և ինքն էլ իր զորքով բանակ դրեց Հորդանան գետի այն կողմում։ 35 Հովնաթանն իր եղբորը՝ բազմության առաջնորդին, ուղարկեց և իր բարեկամ նաբատացիներին խնդրեց, որ նրանց մոտ պահ թողնեն իրենց կայքն ու գրաստները և այն ամենը, ինչ մնացել էր իրենց մոտ։ 36 Սակայն Դամասայում գտնվող Համբրիի որդիները ելան ու բռնեցին Հովհաննեսին և կահ-կարասիով հանդերձ վերցրին տարան իրենց հետ։ 37 Դրանից հետո նրա եղբայրներ Հովնաթանին ու Շմավոնին հայտնեցին, որ Համբրիի որդիները հարսանիք են անում և Նադաբաթից մեծ երթով ու անչափ հանդերձանքով հարս են բերում քանանացի մեծամեծ ազնվականներից մեկի դստերը։ 38 Նրանք հիշեցին իրենց Հովհաննես եղբորը և վեր կացան, դարան մտան լեռան մի ծործորում։ 39 Իրենց հայացքը բարձրացնելով՝ նրանք տեսան, որ մի մեծ երթ՝ հոծ մի ամբոխ է գալիս։ Փեսան իր բարեկամների և իր եղբայրների հետ փողերով, թմբուկներով, տարբեր նվագածուների ու բազում զինված մարդկանց ուղեկցությամբ նրանց առաջ դուրս եկավ։ 40 Նրանք ելան դարանից, շատերին սպանեցին ու վիրավոր տապալեցին, իսկ զինված մարդկանց փախուստի մատնեցին և ավար առան նրանց իրերն ու զգեստները։ 41 Հարսանիքը փոխվեց լաց ու կոծի, իսկ երաժիշտների ձայնը սգի ու ողբի վերածվեց։ 42 Այդպես ամբողջովին լուծեցին իրենց եղբոր վրեժը և վերադարձան Հորդանան գետի ճահճուտը։
43 Երբ Բաքիդեսն այդ իմացավ, զորք վերցրեց, շարժվեց նրանց վրա և եկավ հասավ Հորդանան գետի քարայրների մոտ։ 44 Հովնաթանն ասաց իր զորքին. «Եկեք ելնենք ու կռվենք հանուն մեր կյանքի, որովհետև այս օրը նման չէ երեկվան և ոչ էլ նախորդ օրվան։ 45 Ահավասիկ զորքը ճակատ է կազմել մեր դիմաց։ Ո՛չ ամրոց կա պատսպարվելու, ո՛չ էլ դաշտ՝ փախուստի համար. մեր ետևում էլ՝ Հորդանան գետը։ 46 Արդ, եկեք աղաղակենք առ Աստված և հարձակվենք նրանց վրա. գուցե փրկվենք մեր թշնամիների ձեռքից»։ 47 Այս խոսքն ասաց ու անմիջապես հարձակվեց Բաքիդեսի վրա, ձեռքը բարձրացրեց, որ հարվածի, բայց նա խույս տվեց։ 48 Հովնաթանն ու նրա հետ եղողները նետվեցին Հորդանան գետը և լողալով անցան մյուս կողմը, իսկ թշնամին նրանց չհետապնդեց։ 49 Այդ օրը Բաքիդեսի զորքից մոտ հազար մարդ ընկավ։
Ալկիմոսի մահը
50 Բաքիդեսը վերադարձավ Երուսաղեմ։ Հուդայի երկրում սկսեցին ամուր քաղաքներ կառուցել՝ Երիքովի ամրոցը, Ամմաուսը, Բեթորոնը, Բեթելը, Մինաթարովթը և Սթեփը՝ ամուր պարիսպներով, հզոր դարպասներով ու հաստատուն նիգերով։ 51 Այդ քաղաքներում պահակազոր դրեցին, որպեսզի նեղեն իսրայելացիներին։ 52 Ամրացրին նաև Բեթսուր քաղաքը, Գազերան ու Երուսաղեմի միջնաբերդը և այնտեղ մեծ ուժեր ու մթերքի ամբարներ հաստատեցին։ 53 Նա երկրի իշխանների որդիներին պատանդ վերցրեց և նրանց բանտարկեց Երուսաղեմի միջնաբերդում։
54 153 թվականի երկրորդ ամսին Ալկիմոսը հրամայեց քանդել սրբարանի ներքին սրահի պատը. նրանք սկսեցին քանդել մարգարեների արած գործը։ 55 Սակայն Ալկիմոսը կաթվածահար եղավ, և նրա գործերը խափանվեցին։ Նրա բերանը թուլացավ ու լեզուն պապանձվեց, և չէր կարողանում որևէ բան ասել ու իր տան վերաբերյալ կարգադրություններ անել։ 56 Այդ ժամանակ Ալկիմոսը մեծ տանջանքներով մեռավ։ 57 Երբ Բաքիդեսը տեսավ, որ Ալկիմոսը մեռավ, վերադարձավ արքայի մոտ, և Հուդայի երկիրը երկու տարի խաղաղություն վայելեց։
Բաքիդեսի անհաջողությունը և մեկնումը Հուդայի երկրից
58 Անօրենները միտք արեցին ու ասացին. «Ահա Հովնաթանն ու նրա հետ եղողները ապրում են խաղաղ ու անհոգ։ Եկեք բերենք Բաքիդեսին, որ մի գիշերվա մեջ բռնի բոլորին»։ 59 Գնացին ու իրենց մտածածն ասացին նրան։ 60 Նա մեծաթիվ զորքով արագ ճանապարհ ընկավ և գաղտնի հրովարտակ ուղարկեց Հուդայի երկրում գտնվող իր համախոհներին, որ բռնեն Հովնաթանին ու նրա հետ եղողներին, բայց սրանք դա անել չկարողացան, քանի որ դավը բացահայտվեց։ 61 Նրանք բռնեցին երկրի մարդկանցից մոտ հիսուն հոգու, որոնք այս չար խորհրդի առաջնորդներից էին, և խողխողեցին։ 62 Հովնաթանը, Շմավոնն ու նրանց հետ եղող մարդիկ խույս տվեցին դեպի Բեթբես, որ անապատում էր, նրա քանդված պատերը վերանորոգեցին և ամրացրին այն։ 63 Երբ Բաքիդեսը դա տեսավ, զորք հավաքեց, եկավ պաշարեց այն 64 և բազում օրեր կռվեց Բեթբեսի դեմ՝ նրա շուրջը պատերազմական մեքենաներ կանգնեցնելով։ 65 Այդ ժամանակ Հովնաթանն իր Շմավոն եղբորը թողեց քաղաքում, իսկ ինքը սակավաթիվ մարդկանցով դուրս եկավ այդ գավառը 66 և իրենց վրանում սպանեց Օդոմերային, նրա եղբայրներին ու Փասիրոնի որդիներին։ Դրանից հետո սկսեց կոտորել զինվորներին։ 67 Շմավոնն ու նրա հետ եղող մարդիկ էլ ելան քաղաքից ու հրկիզեցին պատերազմական մեքենաները։ 68 Նրանք պատերազմեցին Բաքիդեսի դեմ և պարտության մատնեցին նրան, որովհետև նրա մտադրությունն ու նրա արշավանքն իզուր էին։ 69 Սա խիստ բարկացավ այն անօրեն մարդկանց վրա, ովքեր իրեն խորհուրդ էին տվել արշավել նրա երկիրը, և սպանեց նրանցից շատերին ու որոշեց վերադառնալ իր երկիրը, որտեղից եկել էր։
70 Երբ Հովնաթանն իմացավ այդ, բանագնացներ ուղարկեց նրա հետևից, որ նրա հետ խաղաղություն հաստատեն, դաշինք կնքեն, և նա վերադարձնի բոլոր գերիներին։ 71 Նա համաձայնվեց և արեց ըստ Հովնաթանի խոսքի ու երդվեց, որ այլևս չարիք չի հասցնի նրանց մինչև իր կյանքի վերջը։ 72 Նա վերադարձրեց այն գերիներին, որ նախկինում վերցրել էր Հուդայի երկրից, իսկ ինքը գնաց իր երկիրն ու այլևս չարշավեց նրանց սահմանների վրա։ 73 Եվ պատերազմը դադարեց Իսրայելում։ Հովնաթանը բնակվեց Մաքմասում և սկսեց դատել իր ժողովրդին։ Նա Իսրայելից վերացրեց անօրեններին։