Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ուխտի տապանակի պատրաստումը(Ելք 25.10-22)1 Բեսելիելը տապանակը շինեց չփ…
Ուխտի տապանակի պատրաստումը
(Ելք 25.10-22)
1 Բեսելիելը տապանակը շինեց չփտող փայտից, երկուսուկես կանգուն երկարությամբ, մեկուկես կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ։ Այն ներսից ու դրսից պատեց ոսկով, 2 դրա վրա շուրջանակի ոսկե պսակ շինեց։ 3 Չորս կողմերի համար չորս ոսկե օղակներ ձուլեց. երկու օղակներ՝ մի կողմի և երկու օղակներ՝ մյուս կողմի համար ու դրանք հագցրեց լծակներին։ 4 Լծակները շինեց չփտող փայտից և դրանք պատեց ոսկով։ 5 Լծակները տապանակի կողքերից մտցրին օղակների մեջ, որպեսզի դրանցով բարձրացնեն այն։
6 Տապանակի վրայի Քավությունը պատրաստեցին մաքուր ոսկուց, երկուսուկես կանգուն երկարությամբ և մեկուկես կանգուն լայնությամբ։ 7 Քավության երկու ծայրերին երկու ոսկյա հղկված քերովբեներ պատրաստեց։ 8 Մի քերովբեն դրված էր Քավության մի ծայրին, իսկ մյուս քերովբեն՝ Քավության մյուս ծայրին։ Երկու քերովբեները միաձույլ էին Քավության երկու ծայրերին։ 9 Քերովբեները դեպի վեր էին տարածել իրենց թևերը և իրենց թևերով հովանի էին անում Քավության վրա։ Քավության վրայի քերովբեների դեմքերը նայում էին միմյանց։
Աստծուն մատուցված հացի սեղանի պատրաստումը
(Ելք 25.23-30)
10 Առաջավորության հացի սեղանը պատրաստեց մաքուր ոսկուց։ Դրա համար ոսկե չորս օղակներ ձուլեց. երկուսը՝ մի կողմի և երկուսը՝ մյուս կողմի համար։ Պատրաստեց նաև լծակներ, որպեսզի դրանցով բարձրացնեն սեղանը։ Տապանակի ու սեղանի լծակները պատրաստեց չփտող փայտից և դրանք պատեց ոսկով։ Երկու կանգուն էր սեղանի երկարությունը, մեկուկես կանգուն*՝ դրա լայնությունը, և մեկուկես կանգուն՝ դրա բարձրությունը։ 11 Այն պատեց մաքուր ոսկով և շուրջանակի պատեց ոսկե պսակով։ 12 Դրա վրա շուրջանակի մեկ թզաչափ բարձրությամբ շրջանակ դրեց և շրջանակի չորս կողմը ոսկե պսակներ դրեց։ 13 Սեղանի համար ոսկե չորս օղակներ պատրաստեց և օղակներն ամրացրեց չորս անկյուններին, 14 որոնք նրա չորս ոտքերի վրա էին՝ պսակի տակ։ Օղակները լծակների համար իբրև ագույց ծառայեցին սեղանը բարձրացնելու համար։ 15 Չփտող փայտից երկու լծակներ պատրաստեց, որպեսզի դրանցով բարձրացնեն սեղանը, և դրանք պատեց ոսկով։ 16 Մաքուր ոսկուց պատրաստեց սեղանի անոթները՝ խնկամաններն ու սկուտեղները, գավաթներն ու սկիհները, որոնցով գինի են նվիրաբերում։
Աշտանակի պատրաստումը
(Ելք 25.31-40)
17 Ձույլ ոսկուց պատրաստեց լույսի աշտանակը՝ բունն ու նրա երկու կողմերի թևերը։ Աշտանակի թևերից բաժանվում էին ճյուղերը. երեքը՝ մի կողմից, և երեքը՝ մյուս կողմից՝ իրար հավասար։ Ձույլ ոսկուց պատրաստեց նաև աշտանակի ընկուզաձև ծայրեր ունեցող լուսակալներն ու ճրագակալները, որոնց վրա ճրագամաններն են դրվում, և աշտանակի լուսակալի գլխին յոթերորդ կանթեղը, որը բնի ամենավերին մասում է դրվում, ձույլ ոսկուց էր։ Մաքուր ոսկուց պատրաստեց աշտանակի վրա գտնվող յոթ ճրագամանները, ունելիներն ու մոխրակալները։ Քանդակազարդ արեց աշտանակը՝ բունն ու նրա թևերն ու ճյուղերը։ Հղկված պատրաստեց աշտանակը, բունը և նրա ճյուղերը։ Սկահակները, գնդիկներն ու շուշանաձև ծաղիկները միաձույլ էին։ 18 Վեց ճյուղեր էին բաժանվում նրա երկու կողմերից. երեք ճյուղը՝ աշտանակի մի կողմից, և երեք ճյուղը՝ աշտանակի մյուս կողմից։ 19 Մի ճյուղն ուներ գնդիկից ու շուշանաձև ծաղկից բաղկացած ընկուզաձև երեք սկահակ, մյուս ճյուղն էլ ուներ գնդիկից ու շուշանաձև ծաղկից բաղկացած ընկուզաձև երեք սկահակ։ Այսպես բոլոր վեց ճյուղերը դուրս էին գալիս աշտանակի երկու կողմերից։ 20 Աշտանակի բնի վրա քանդակված էին ընկուզաձև չորս սկահակներ՝ իրենց գնդիկներով ու շուշանաձև ծաղիկներով։ 21 Երկու ճյուղերի տակ՝ մեկական գնդիկ ու ծաղիկ՝ բնին ձուլված. այսպես էին բնից բաժանված վեց ճյուղերը։ 22 Դրանց գնդիկներն ու ծաղիկները միաձույլ էին՝ բոլորը քանդակված մի կտոր մաքուր ոսկուց։ 23 Դրա յոթ ճրագամանները, ունելիներն ու մոխրակալները մաքուր ոսկուց էին։ 24 Մի տաղանդ մաքուր ոսկուց պատրաստեց աշտանակն ու դրա բոլոր մասերը։
Խնկարկության սեղանի պատրաստումը
(Ելք 30.1-5)
25 Նա խնկարկության սեղանը՝ ոսկեպատ, պատրաստեց չփտող փայտից, քառակուսի, մեկ կանգուն երկարությամբ, մեկ կանգուն լայնությամբ և երկու կանգուն բարձրությամբ։ Դրա եղջյուրավոր անկյունները զոհասեղանի հետ միաձույլ էին։ 26 Մաքուր ոսկով պատեց այն, ինչպես նաև դրա կափարիչը, բոլոր կողերն ու եղջյուրավոր անկյունները։ 27 Դրա չորս կողմերի համար պատրաստեց ոսկե պսակներ, պսակների տակ՝ երկու կողմերին, ոսկե երկու օղակներ ամրացրեց, որպեսզի այն բարձրացնելիս լծակները մտցնեն այդ օղակների մեջ։ 28 Լծակները պատրաստեց կարծր փայտից և դրանք պատեց ոսկով։
Օծության յուղի և խնկի պատրաստությունը
(Ելք 30.22-38)
29 Նա վարպետ յուղագործների նման պատրաստեց օծության սուրբ յուղը և բաղադրյալ խունկը։