Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Շաբաթ օրը հարգելու հարցը(Մրկ. 2.23-28, Ղուկ. 6.1-5)1 Այդ ժամանակ Հիսո…

Շաբաթ օրը հարգելու հարցը

(Մրկ. 2.23-28, Ղուկ. 6.1-5)

1 Այդ ժամանակ Հիսուսը շաբաթ օրը գնաց նրանց արտերի միջով։ Նրա աշակերտները քաղցեցին և սկսեցին հասկ պոկել ու ուտել։ 2 Իսկ փարիսեցիները, երբ տեսան, ասացին նրան. «Ահա քո աշակերտներն անում են այն, ինչ օրինավոր չէ անել շաբաթ օրը»։ 3 Հիսուսը նրանց ասաց. «Դուք չե՞ք կարդացել, թե ի՛նչ արեց Դավիթը, երբ քաղցեցին ինքը և նրանք, որ իր հետ էին։ 4 Ինչպե՛ս Աստծու տունը մտավ և կերավ Առաջավորության հացը, մի բան, որ բացի քահանաներից, օրինավոր չէր ուտել ո՛չ նրա և ո՛չ էլ նրանց համար, որ իր հետ էին։ 5 Կամ չե՞ք կարդացել Օրենքում, որ քահանաները լուծում են շաբաթ օրերը՝ տաճարում ծառայելով, սակայն մեղավոր չեն համարվում։ 6 Բայց ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից ավելի կարևոր բան կա։ 7 Եթե իմանայիք, թե ի՛նչ է նշանակում. “Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ” (Ովս. 6.6), ապա անմեղներին չէիք դատապարտի։ 8 Այնպես որ Մարդու Որդին շաբաթ օրվա տերն է»։

Չորացած ձեռքի բժշկումը

(Մրկ. 3.1-6, Ղուկ. 6.6-11)

9 Այդտեղից հեռանալով՝ Հիսուսը եկավ նրանց ժողովարանը։ 10 Այնտեղ մի մարդ կար, որի ձեռքը չորացած էր։ Հիսուսին հարցրին՝ ասելով, թե՝ «Օրինավո՞ր է շաբաթ օրը բժշկել», որպեսզի ամբաստանեն նրան։ 11 Նա պատասխանեց. «Ձեր միջից ո՞վ է այն մարդը, որ եթե մի ոչխար ունենա, և շաբաթ օրով այն ընկնի փոսի մեջ, մի՞թե չի բռնի ու վեր հանի նրան։ 12 Իսկ արդ, մարդը ոչխարից որքա՜ն առավել է։ Հետևաբար, օրինավոր է շաբաթ օրով բարիք գործել»։ 13 Այդժամ մարդուն ասաց. «Երկարի՛ր ձեռքդ»։ Նա երկարեց չորացած ձեռքը, և այն մյուս ձեռքի նման առողջ դարձավ։ 14 Իսկ փարիսեցիները դուրս եկան և խորհրդակցեցին նրա դեմ, թե ինչպե՛ս կորստյան մատնեն նրան։ 15 Երբ Հիսուսն իմացավ, հեռացավ այդտեղից։ Նրա հետևից մի մեծ բազմություն գնաց, և նա ամենքին բժշկեց։ 16 Եվ խստիվ պատվիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի բան չասեն, 17 որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասվածը.

18 «Ահա իմ ծառան, որին ընտրեցի,

և իմ սիրելին, որին հավանեց հոգիս։

Նրա վրա կդնեմ իմ Հոգին,

և հեթանոսներին կպատմի արդարության մասին։

19 Չի հակառակվի և չի աղաղակի,

և ոչ ոք հրապարակներում նրա ձայնը չի լսի։

20 Ջախջախված եղեգը չի փշրի

և առկայծող պատրույգը չի հանգցնի,

մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի։

21 Եվ հեթանոսներն իրենց հույսը նրա վրա կդնեն» (Ես. 42.1-3, 4բ)։

Հիսուսը և Բեեղզեբուղը

(Մրկ. 3.22-30, Ղուկ. 11.14-23, 6.43-45)

22 Այդ ժամանակ Հիսուսի մոտ բերվեց կույր ու համր մի դիվահար, և Հիսուսը բժշկեց նրան, այնպես որ համր ու կույր մարդն սկսեց խոսել ու տեսնել։ 23 Ժողովրդի ողջ բազմությունը զարմացավ և ասում էր. «Մի՞թե սա է Քրիստոսը՝ Դավթի Որդին»։ 24 Բայց փարիսեցիները, երբ լսեցին, ասացին. «Դա դևերին ուրիշ կերպ չի հանում, եթե ոչ Բեեղզեբուղի՝ դևերի իշխանի միջոցով»։ 25 Երբ Հիսուսն իմացավ նրանց խորհուրդները, նրանց ասաց. «Ինքն իր մեջ մասնատված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն չի կարող կանգուն մնալ։ 26 Եթե սատանան սատանային հանում է, ինքն իր մեջ բաժանվեց. ուրեմն նրա թագավորությունը ինչպե՞ս կարող է կանգուն մնալ։ 27 Եթե ես Բեեղզեբուղի միջոցով եմ հանում դևերին, ձեր որդիներն ինչո՞վ են հանում. հետևաբար նրանք ձեր դատավորներն են։ 28 Իսկ եթե Աստծու Հոգով եմ հանում դևերին, ուրեմն Աստծու արքայությունը հասել է ձեզ վրա։ 29 Կամ ինչպե՞ս կարող է մեկն ուժեղ մարդու տունը մտնել և նրա ունեցվածքը կողոպտել, եթե նախ չկապի այդ ուժեղ մարդուն և ապա նրա տունը կողոպտի։ 30 Ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է»։

31 «Ուստի ասում եմ ձեզ, ամեն մեղք ու հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չի ներվի։ 32 Ով Մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի ներվի ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ հանդերձյալում։ 33 Եթե ծառը լա՛վ պահեք, նրա պտուղը լավը կլինի, եթե ծառը վա՛տ պահեք, նրա պտուղը վատը կլինի, որովհետև ծառն իր պտղից է ճանաչվում։ 34 Իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, երբ ինքներդ չար եք, որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։ 35 Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարիք է հանում, իսկ չար մարդն իր սրտի չար գանձերից չարիք է հանում։ 36 Բայց ասում եմ ձեզ, որ մարդիկ ամեն դատարկ խոսքի համար, որ խոսում են, հաշիվ են տալու դատաստանի օրը։ 37 Քո խոսքերը արդարացնելու են քեզ և քո խոսքերը դատապարտելու են քեզ»։

Նշանի հայցում

(Մրկ. 8.11-12, Ղուկ. 11.29-32)

38 Այդ ժամանակ դպիրներից ու փարիսեցիներից ոմանք դիմեցին Հիսուսին և ասացին. «Վարդապե՛տ, ուզում ենք մի նշան տեսնել քեզնից»։ 39 Հիսուսը պատասխան տվեց նրանց և ասաց. «Չար ու շնացող մի սերունդ նշան է ուզում, բայց նշան չի տրվի նրան Հովնան մարգարեի նշանից բացի։ 40 Ինչպես որ Հովնանը երեք օր ու երեք գիշեր մնաց կետի փորի մեջ, նույնպես էլ Մարդու Որդին երեք օր ու երեք գիշեր կմնա երկրի ընդերքում։ 41 Նինվեացիները դատաստանի օրն այս սերնդի դեմ դուրս կգան և կդատապարտեն նրան, որովհետև նրանք Հովնանի քարոզչությամբ զղջացին. իսկ ահա այստեղ Հովնանից ավելի մեծը կա։ 42 Հարավի թագուհին դատաստանի օրն այս սերնդի դեմ դուրս կգա և կդատապարտի նրան, որովհետև երկրի ծայրամասերից եկավ լսելու Սողոմոնի իմաստությունը. իսկ ահա այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա»։

Պիղծ ոգու վերադարձը

(Ղուկ. 11.24-26)

43 «Երբ պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում և չի գտնում։ 44 Այդ ժամանակ ասում է. «Վերադառնամ իմ տունը, որտեղից դուրս եկա»։ Եվ գալիս գտնում է այն դատարկ, մաքուր ու կարգի բերված։ 45 Ապա գնում է և իր հետ վերցնում իրենից ավելի չար յոթ ուրիշ ոգիներ և մտնում բնակվում է այնտեղ, և այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան նախկինում էր։ Այսպես կլինի նաև այս չար սերնդի հետ»։

Հիսուսի մայրն ու եղբայրները

(Մրկ. 3.31-35, Ղուկ. 8.19-21)

46 Մինչ Հիսուսը խոսում էր ժողովրդի հետ, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնել էին դրսում և ուզում էին խոսել նրա հետ։ 47 Եվ մեկն ասաց նրան. «Ահա քո մայրն ու քո եղբայրները կանգնած են դրսում և ուզում են քեզ հետ խոսել»։ 48 Նա պատասխանեց իր հետ խոսողին և ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»։ 49 Եվ ձեռքը պարզելով դեպի իր աշակերտները՝ ասաց. «Ահա իմ մայրը և իմ եղբայրները, 50 որովհետև ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է, նա՛ է իմ եղբայրը, քույրն ու մայրը»։