Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Գայթակղության մասին(Մտթ. 18.6-9, Մրկ. 9.42-48)1 Հիսուսն ասաց նաև իր ա…

Գայթակղության մասին

(Մտթ. 18.6-9, Մրկ. 9.42-48)

1 Հիսուսն ասաց նաև իր աշակերտներին. «Անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վա՜յ նրան, ում ձեռքով կգա։ 2 Նրա համար լավ կլիներ, եթե իր պարանոցից երկանաքար կախվեր, և ծովը գցվեր, քան թե այս փոքրիկներից մեկին գայթակղեցներ։ 3 Զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար»։

Եղբայրական անհիշաչարություն

«Եթե քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. և եթե զղջա, ների՛ր նրան։ 4 Եվ եթե յոթ անգամ մեղանչի քո դեմ և յոթ անգամ դառնա քեզ և ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան»։

Հավատի ուժը

5 Եվ առաքյալները Տիրոջն ասացին. «Ավելացրո՛ւ մեր հավատը»։ 6 Եվ Տերն ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս թթենուն ասե՛ք՝ “Արմատախի՛լ եղիր և տնկվի՛ր ծովի մեջ”, նա կհնազանդվի ձեզ»։

Խոնարհաբար ծառայել

7 «Իսկ ձեզնից ո՞վ, որ հողագործ կամ հովիվ ծառա ունի, երբ ագարակից տուն մտնի, նրան կասի իսկույն՝ “Անցի՛ր սեղան նստիր”. 8 այլ նրան չի՞ ասի՝ “Պատրաստի՛ր, ինչ ընթրելու եմ, և գոտի կապած՝ ծառայի՛ր ինձ, մինչև ուտեմ և խմեմ, և ապա կուտես և կխմես դու էլ”։ 9 Մի՞թե տերը պարտական պիտի մնա այդ ծառային, որ իր բոլոր հրամանները կատարեց։ 10 Նույնպես և դուք, երբ կատարեք այն բոլորը, որ ձեզ հրամայված է, ասացեք. “Նվաստ ծառաներ ենք. ինչ որ պարտավոր էինք անելու, այն արեցինք”»։

Տասը բորոտների մաքրվելը

11 Եվ մինչ նա Երուսաղեմի կողմ էր գնում, անցնում էր Սամարիայի և Գալիլեայի միջով։ 12 Մի գյուղ մտնելիս նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին, 13 բարձրացրին իրենց ձայնը և ասացին. «Հիսո՛ւս վարդապետ, ողորմի՛ր մեզ»։ 14 Եվ երբ նրանց տեսավ, ասաց. «Գնացե՛ք, ձեզ ցո՛ւյց տվեք քահանաներին»։ Երբ գնում էին, նույն ժամին մաքրվեցին։ 15 Նրանցից մեկը, երբ տեսավ, որ բժշկվեց, վերադարձավ և բարձր ձայնով փառավորում էր Աստծուն. 16 երեսի վրա ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և շնորհակալություն էր հայտնում նրան, և ինքը սամարացի էր։ 17 Հիսուսը պատասխանեց և ասաց. «Սրանք տասն էլ չմաքրվեցի՞ն. իսկ արդ, մնացած ինը ո՞ւր են, 18 որ չվերադարձան՝ փառք տալու համար Աստծուն, բացի այս օտարազգի մարդուց»։ 19 Եվ ասաց նրան. «Վե՛ր կաց գնա, որովհետև քո հավատը քեզ փրկեց»։

Աստծու արքայության գալուստը

(Մտթ. 24.23-28, 37-41)

20 Երբ փարիսեցիների կողմից հարց տրվեց, թե ե՞րբ պիտի գա Աստծու արքայությունը, նա պատասխանեց և ասաց. «Աստծու արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս, 21 և չեն ասի՝ “Ահավասիկ այստեղ է կամ այնտեղ”, որովհետև ահա Աստծու արքայությունը ներսում, ձեր մեջ է»։ 22 Իսկ իր աշակերտներին ասաց. «Կգան օրեր, երբ կկամենաք Մարդու Որդու օրերից մեկը տեսնել, և չեք տեսնի։ 23 Եվ եթե ձեզ ասեն՝ “Ահավասիկ այստեղ է կամ այնտեղ”, մի՛ շտապեք գնալու, 24 որովհետև Մարդու Որդու երևումը այնքան տեսանելի կլինի, ինչպես որ երբ փայլակը փայլատակում է հորիզոնի մի կողմում, փայլում է նաև մյուս կողմում։ 25 Բայց նա նախ պետք է շատ չարչարվի և մերժվի այս սերնդից։ 26 Եվ ինչպես եղավ Նոյի օրերին, այնպես կլինի և Մարդու Որդու օրը։ 27 Ուտում էին, խմում, կին էին առնում և մարդու էին գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ, և ջրհեղեղը եկավ ու բոլորին կորստյան մատնեց։ 28 Նույնպես, ինչպես Ղովտի օրերին էլ եղավ. ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին, շինում։ 29 Եվ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելավ, երկնքից կրակ և ծծումբ տեղաց ու բոլորին կորստյան մատնեց։ 30 Նույն ձևով է նաև լինելու այն օրը, երբ Մարդու Որդին է հայտնվելու։ 31 Այն օրը, ով տանիքում է, և իր կարասին՝ տանը, թող չիջնի առնելու այն. և ով հանդում է, նույնպես թող հետ չդառնա։ 32 Հիշե՛ք Ղովտի կնոջը։ 33 Ով ուզի իր կյանքը փրկել, կկորցնի այն, իսկ ով կորցնի իր կյանքը, կփրկի այն։ 34 Ասում եմ ձեզ, այն գիշերը, եթե երկու հոգի լինեն մի մահճի մեջ, մեկը պիտի վերցվի, իսկ մյուսը՝ թողնվի։ 35 Եվ եթե երկու կին միասին աղալիս լինեն, մեկը պիտի վերցվի, իսկ մյուսը՝ թողնվի։ Եվ եթե հանդում երկու հոգի լինեն, մեկը պիտի վերցվի, իսկ մյուսը՝ թողնվի»։ 36 Պատասխան տվեցին և ասացին նրան. «Որտե՞ղ, Տե՛ր»։ 37 Եվ նա ասաց նրանց. «Որտեղ մարմինն է, այնտեղ էլ կհավաքվեն արծիվները»։