Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ամովսի տեսիլքներըա. Մորեխների մասին1 Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը.«…

Ամովսի տեսիլքները

ա. Մորեխների մասին

1 Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը.

«Ահա մորեխի պարս էր գալիս առավոտյան,

և ահա մի ջորյակ՝ Գովգ արքան։

2 Եվ կլինի, որ կվերջացնի երկրի խոտն ուտելը,

և կասեմ. «Տե՛ր, Տե՛ր, խնայի՛ր,

որովհետև ո՞վ կլինի, որ ոտքի կկանգնեցնի Հակոբին,

քանի որ սակավաթիվ է։

3 Զղջա՛, Տե՛ր, դրա համար»։

«Դա այլևս չի լինի»,- ասում է Տերը»։

բ. Կրակի մասին

4 Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը.

«Ահա կրակով դատաստան հրավիրեց Տեր Տերը,

և լափեց բազում անդունդներ ու կերավ մի մասը։

5 Եվ կասեմ. «Տե՛ր, Տե՛ր, դադարեցրո՛ւ դա,

որովհետև ո՞վ է, որ ոտքի կկանգնեցնի Հակոբին,

քանի որ սակավաթիվ է։

6 Զղջա՛, Տե՛ր, դրա համար»։

«Դա այլևս չի լինի»,- ասում է Տերը»։

գ. Ադամանդի մասին

7 Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը.

«Ահա մի մարդ կար ադամանդե պարսպի վրա,

և նրա ձեռքին՝ ադամանդ։

8 Եվ Տերն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛վս»։

Ասացի՝ ադամանդ։

Եվ Տերն ինձ ասաց. «Ահա ես ադամանդ կդնեմ Իսրայելի իմ ժողովրդի մեջ

և այլևս չեմ շարունակի շրջանցել նրանց։

9 Կկործանվեն ծաղրական բագինները,

և Իսրայելի մեհյանները կավերվեն,

և սրով կելնեմ Հերոբովամի տան վրա»։

Ամասիա քուրմն սպառնում է Ամովսին

10 Եվ Բեթելի քուրմ Ամասիան մարդ ուղարկեց Իսրայելի արքա Հերոբովամի մոտ և ասաց.

«Ամովսը քո դեմ դավադրություններ է նյութում Իսրայելի տան մեջ,

և մեր երկիրը չի կարողանում տանել նրա բոլոր խոսքերը,

11 քանի որ այսպես է ասում Ամովսը.

«Հերոբովամը սրով կվախճանվի,

և Իսրայելն ամբողջությամբ կգերեվարվի իր երկրից»։

12 Եվ Ամասիան ասաց Ամովսին.

«Ո՛վ դու, տեսանո՛ղ, տեղի՛ տուր,

գնա՛ Հուդայի երկիրը,

այնտեղ ապրի՛ր և այնտեղ մարգարեացի՛ր։

13 Բեթելում այլևս չշարունակես մարգարեանալ,

որովհետև թագավորի սրբարանն ու թագավորության տունն է»։

14 Պատասխան տվեց Ամովսը և ասաց Ամասիային.

«Ես ո՛չ մարգարե էի, ո՛չ էլ մարգարեի որդի,

այլ հովիվ էի և թութ էի քաղում.

15 Տերն ինձ վերցրեց ժողովուրդների միջից, և ասաց ինձ Տերը.

«Դու գնա՛ և մարգարեացի՛ր Իսրայելի իմ ժողովրդի համար»։

16 Արդ, լսի՛ր Տիրոջ պատգամները.

դու ասում ես. «Մի՛ մարգարեացիր Իսրայելի համար,

և ամբոխ մի՛ հավաքիր Հակոբի տան դեմ»։

17 Դրա համար այսպես է ասում Տեր Տերը. «Քո կինն այդ քաղաքում կպոռնկանա,

և քո որդիներն ու քո դուստրերը սրով կընկնեն,

քո երկիրը լարերով կբաժանվի,

դու պիղծ երկրում կվախճանվես,

և Իսրայելն ամբողջությամբ կգերեվարվի իր երկրից»։