Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տիրոջ երկրորդ գալստյան խոստումը1 Սիրելինե՛ր, գրում եմ ձեզ այս երկրորդ…
Տիրոջ երկրորդ գալստյան խոստումը
1 Սիրելինե՛ր, գրում եմ ձեզ այս երկրորդ նամակը, որով հիշեցման համար, ձեր մաքուր մտքերն եմ արթնացնում. 2 հիշե՛ք սուրբ մարգարեների կողմից նախապես ասված պատգամները, ինչպես նաև ձեր առաքյալների կողմից ասված Տիրոջ և Փրկչի պատվիրանները։
3 Բայց նախ ա՛յս իմացեք, որ վերջին օրերին պիտի գան արհամարհողներ, ծաղրողներ, որոնք պիտի ընթանան ըստ իրենց ցանկությունների։ 4 Եվ պիտի ասեն. «Ո՞ւր է նրա գալստյան խոստումը, քանի որ նախահայրերի ննջելուց հետո ամեն ինչ նույնն է մնում, ինչպես որ արարչագործության սկզբից էր»։
5 Այս կամեցողները մոռացության են տվել այն, որ ի սկզբանե երկինքն էր, և երկիրը՝ ջրերից. ջրերը հաստատ են մնում Աստծու խոսքով. 6 դրա համար այն ժամանակվա աշխարհն ապականվելով կործանվեց ջրհեղեղով։
7 Իսկ այժմ երկինք և երկիր այդ նույն խոսքով են հարատևում՝ պահված դատաստանի օրվա կրակին և ամբարիշտ մարդկանց կործանման։
8 Այս ևս ձեզնից ծածկված թող չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մեկ օրը հազար տարվա պես է, հազար տարին էլ՝ մեկ օրվա պես։
9 Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես անգիտությամբ կարծում են ոմանք, այլ համբերատար է ձեր հանդեպ. քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքն էլ ապաշխարեն։
10 Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա, երբ երկինքը պիտի անցնի շառաչյունով, և բնության տարրերը, հրով կիզված, պիտի լուծվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերը պիտի բացահայտվեն։
Նոր երկինք, նոր երկիր
11 Եվ քանի որ այս ամենն այսպես պիտի լուծվի, ուրեմն ինչպիսի՜ մարդիկ պետք է լինեք դուք. սուրբ վարմունքով և աստվածապաշտ ընթացքով՝ 12 սպասելով և ջանալով հասնել Տիրոջ օրվա գալստյան, երբ հրավառ երկինքը պիտի չքանա, և բնության տարրերը հրկիզվելով պիտի հալվեն։
13 Մենք Աստծու խոստման համաձայն սպասում ենք նոր երկնքի և նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվում։
Հորդոր և փառաբանություն
14 Ուստի, սիրելինե՛ր, սպասելով այս բաներին, ջա՛նք թափեք, որ Նա գտնի ձեզ անբիծ և անարատ, խաղաղության մեջ։ 15 Եվ մեր Տիրոջ համբերատարությունը փրկությո՛ւն համարեք, ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ գրեց ձեզ՝ ըստ իրեն շնորհված իմաստության, 16 և ինչպես իր բոլոր նամակներում խոսում է դրանց մասին. դրանց մեջ կան ինչ-ինչ դժվարիմաց բաներ, որ անուսներն ու տատանվողները ծուռ են մեկնում. նրանք այդպես էլ մեկնում են նաև ամբողջ Սուրբ Գիրքը՝ իրենց անձերի կորստյան համար։
17 Ուստի դուք, սիրելինե՛ր, իբրև նախապես իմացողներ, զգուշացե՛ք, որ անառակ մոլորությամբ տարված՝ չկորցնեք ձեր վստահությունը։ 18 Աճե՛ք մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի շնորհով և գիտությամբ։ Նրան փա՜ռք թե՛ այժմ և թե՛ մինչև հավիտենության օրը։ Ամեն։