Հին Կտակարան
Նոր Կտակարան
ե. Մովաբի դեմ1 Այսպես է ասում Տերը.«Մովաբի երեք ամբարշտությունների և …
ե. Մովաբի դեմ
1 Այսպես է ասում Տերը.
«Մովաբի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով
առանց պատժելու չեմ դառնա նրանից,
քանի որ այրեցին եդովմացիների թագավորների ոսկորները՝
մոխրացնելու համար»։
2 «Կրակ կուղարկեմ Մովաբի վրա,
և կրակը կուտի նրա քաղաքների հիմքերը,
և կմեռնի Մովաբը տկարության մեջ,
աղաղակով և փողի ձայնով։
3 Նրա միջից կվերացնեմ դատավորին
և նրա բոլոր իշխաններին կկոտորեմ նրա հետ»,- ասում է Տերը։
զ. Հուդայի երկրի դեմ
4 Այսպես է ասում Տերը.
«Հուդայի որդիների երեք
ամբարշտությունների և չորսի պատճառով
առանց պատժելու չեմ դառնա նրանից,
քանի որ մերժեցին Տիրոջ օրենքները և նրա հրամանները չպահեցին,
մոլորեցրին նրանց իրենց ստեղծած սնոտի բաներով,
որոնց հետևից գնացին նրանց հայրերը։
5 Կրակ կուղարկեմ Հուդայի վրա,
և կուտի Երուսաղեմի հիմքերը»։
է. Իսրայելի դեմ
6 Այսպես է ասում Տերը.
«Իսրայելի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով
առանց պատժելու չեմ դառնա նրանից,
քանի որ արդարին վաճառեցին արծաթով
և տնանկին՝ կոշիկների դիմաց,
7 որ կոխկռտում են երկրի հողը,
կռփահարում էին աղքատների գլուխները և
շեղում խոնարհների ճանապարհները,
և հայր ու որդի միևնույն բոզի մոտ էին մտնում,
որպեսզի պղծեն իրենց Աստծու անունը։
8 Իրենց զգեստները որպես ծածկոց էին գցում իրենց վրա ու զոհասեղանին
և զրպարտությունների գինի էին խմում իրենց աստծու տան մեջ։
9 Բայց ես ամորհացուն վերացրի նրա երեսից,
որի հասակը մայրու բարձրություն ուներ,
և հզոր էր կաղնու պես.
վերացրի նրա պտուղը՝ վերևից,
և նրա արմատները՝ ներքևից»։
10 «Ես հանեցի ձեզ եգիպտացիների երկրից
և քառասուն տարի պտտեցրի ձեզ անապատում՝
ժառանգել տալու ամորհացիների երկիրը։
11 Եվ վերցրի ձեր որդիներից մարգարեների համար
և ձեր երիտասարդներից՝ ուխտավորների համար։
Մի՞թե այդ բաները չեն լինի, Իսրայելի՛ որդիներ»,- ասում է Տերը։
12 «Հարբեցնում էիք իմ ուխտավորներին՝ գինի խմեցնելով,
և մարգարեներին պատվիրում, որ չմարգարեանան։
13 Դրա համար ահա ես գլորվում եմ ձեր ներքո,
ինչպես որ հասկով լի սայլն է գլորվում։
14 Փախչելը կանհետանա վազողից, և ով հզոր լինի,
չի հզորանա իր հզորության մեջ,
և պատերազմողը չի փրկի իր անձը։
15 Աղեղնավորը չի կարողանա ընդդիմանալ,
և ով արագընթաց լինի, չի փրկվի,
հեծյալն էլ չի փրկի իր անձը։
16 Նրա սիրտը զորություն չի գտնի, և մերկը կհալածվի այն օրը»,- ասում է Տերը։