Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մատաթիա քահանայի ողբը1 Այդ ժամանակներում Շմավոնի որդի Հովհաննեսի որդի…
Մատաթիա քահանայի ողբը
1 Այդ ժամանակներում Շմավոնի որդի Հովհաննեսի որդի Մատաթիան՝ Հովարիմի տոհմից սերած մի քահանա, Երուսաղեմից եկավ ու բնակվեց Մովդիիմի քարայրների մոտ գտնվող բերդում։ 2 Նա ուներ հինգ որդի՝ Կադդիշ մականունով Հովհաննեսը, 3 Թարսսի մականունով Շմավոնը, 4 Մակաբե մականունով Հուդան, 5 Ավարան մականունով Եղիազարը և Հովնաթանը, որ կոչվեց Սափութ։ 6 Երբ Մատաթիան տեսավ Հուդայի երկրում և Երուսաղեմում կատարվող սրբապղծությունները, սկսեց ողբալ իր անձը՝ 7 ասելով.
«Վա՜յ ինձ, ինչո՞ւ ականատես եղա իմ ժողովրդի կոտորածին,
կամ ինչո՞ւ տեսա սուրբ քաղաք Երուսաղեմի ավերումը։
Ինչո՞ւ նա մատնվեց իր թշնամու ձեռքը,
և սրբությունն ընկավ օտարների ձեռքը։
8 Տաճարն ինչպե՜ս նմանվեց փառքից ընկած մի տղամարդու,
9 իսկ նրա փառավոր սպասքը՝ գերության մատնված մարդու։
Նրա մանուկները կոտորվեցին իր փողոցներում,
իսկ նրա երիտասարդներն ընկան թշնամու սրից։
10 Կա՞ մի ազգ, որ ժառանգած չլինի մի մաս նրա տերությունից,
կամ կա՞ մի մարդ, որ չի կողոպտել նրան ու չի տիրել նրա ունեցվածքին։
11 Նրա բոլոր զարդերը վերցվել են նրանից։
Ազատության փոխարեն նա ստրկության է մատնվել։
12 Մեր սրբավայրը, մեր գեղեցկությունն ու մեր փառքը կործանվել են.
հեթանոսները պղծել են այդ բոլորը։
13 Այլևս մեր ինչի՞ն է պետք այս կյանքը»։
Մատաթիան ապստամբության կոչ է անում
14 Այն ժամանակ Մատաթիան ու նրա որդիները ձեռքները գցեցին օձիքներին, պատառոտեցին իրենց պատմուճանները, քուրձ հագան ու սուգ պահեցին։ 15 Թագավորի մարդիկ, որ հավատուրացություն էին պարտադրում, եկան Մովդիիմ քաղաքը, որպեսզի այնտեղ զոհեր մատուցեն։ 16 Նրանց մոտ եկան ու հավաքվեցին բազմաթիվ իսրայելացիներ, նաև՝ Մատաթիան ու իր որդիները։ 17 Ապա թագավորի մոտից եկած մարդիկ սկսեցին խոսել ու ասացին Մատաթիային. «Դու հռչակավոր իշխան ես, դու մեծավոր ես այս քաղաքում։ Դու սրանց մեջ ես հաստատվել քո որդիների ու եղբայրների հետ։ 18 Արդ, նախ դո՛ւ մոտեցիր, կատարի՛ր թագավորի հրամանը, ինչպես կատարեցին բոլոր ազգերը, Հուդայի երկրի մարդիկ ու բոլոր նրանք, ովքեր բնակվում են Երուսաղեմում. դուք կդառնաք արքայի բարեկամները, դու և քո որդիները կպատվվեք ոսկով, արծաթով և արքունի հրովարտակներով»։
19 Մատաթիան պատասխան տվեց՝ բարձր ձայնով ասելով. «Եթե թագավորի իշխանության տակ գտնվող բոլոր ազգերը ենթարկվել են թագավորի հրամաններին, ընկրկել և հրաժարվել են իրենց հայրերի օրենքներից ու ընտրել են թագավորի հրամանները կատարել, 20 ապա ես, իմ որդիներն ու իմ եղբայրները կհետևենք մեր հայրերի պատվիրաններին։ 21 Քավ լիցի, եթե հրաժարվենք Աստծու օրենքներից ու կանոններից 22 և ենթարկվենք թագավորի հրամաններին։ Մենք չենք փոխի մեր հայրերի կրոնը, աջ ու ձախ չենք շեղվի և թագավորի հրամանին չենք անսա»։
23 Հազիվ էր նա այս խոսքերն ասել, որ հրեաներից մի մարդ բոլորի ներկայությամբ առաջ եկավ, որպեսզի Մովդիիմի բագինի վրա՝ մեհյանի առաջ, զոհ մատուցի թագավորի հրամանի համաձայն։ 24 Երբ Մատաթիան դա տեսավ, այնքան զայրացավ, որ դողացին իր երիկամները։ Նա դատաստան անելու համար բարկությամբ լցվեց, վազեց ու հարվածեց հրեային և սպանեց նրան բագինի առաջ։ 25 Սպանեց նաև այն մարդուն, որ արքունի հրամանով ստիպում էր զոհեր մատուցել։ Նա կործանեց բագինը, ավերեց մեհյանը։ 26 Նա օրենքի հանդեպ նախանձախնդիր եղավ այնպես, ինչպես Փենեեսն էր վարվել Եդովմի որդու՝ Զամբրիի նկատմամբ։
Դիմադրության նախապատրաստություն
27 Նա սկսեց բարձրաձայն աղաղակել ու ասաց. «Յուրաքանչյուր ոք, ով մտադիր է օրենքի նախանձախնդիր լինել, ով ուզում է հավատարիմ մնալ օրենքին, թող հետևի ինձ»։ 28 Նա ու իր եղբայրները փախան գնացին լեռները՝ իրենց ամբողջ ունեցվածքը թողնելով քաղաքում։
29 Այն ժամանակ իրավունք և արդարություն փնտրող շատ մարդիկ անապատ իջան, 30 որ այնտեղ բնակվեն իրենց կանանցով, որդիներով ու անասուններով, որովհետև չարագործությունը սաստկանում էր նրանց նկատմամբ։
31 Թագավորի իշխաններին ու Դավթի քաղաքում գտնվող զորքին հայտնեցին, որ թագավորի հրամանն անտեսած մի քանի հոգի իջել են անապատի մոտ գտնվող ապաստանները, 32 իսկ շատերը, նրանց միանալով, գնացել են նրանց հետ։ Ժամանակ նշանակեցին, պատրաստություն տեսան, ձի հեծած եկան ու պաշարեցին անապատի մոտ գտնվող ապաստանները։ Նրանք պատերազմի պատրաստություն տեսան ու շաբաթ օրը պաշարեցին նրանց։ 33 Նախ բանագնաց ուղարկեցին, սկսեցին բանակցել նրանց հետ՝ ասելով. «Գոնե սրանից հետո ենթարկվե՛ք թագավորի հրամանին, որ կենդանի մնաք»։ 34 Պաշարվածներն այնտեղից խոսել սկսեցին ու ասացին. «Ո՛չ դուրս կելնենք ապաստաններից, ո՛չ թագավորի հրամանին անսալով՝ կպղծենք մեր շաբաթ օրերը, ո՛չ էլ կշեղվենք մեր օրենքներից»։ 35 Երբ նրանք այս խոսքերը լսեցին, ավելի սաստկացրին պատերազմը նրանց դեմ և ավելի սեղմեցին ապաստանները պաշարող օղակը, որպեսզի գերի վերցնեն նրանց։ 36 Սակայն սրանք ո՛չ կիրճերը փակեցին, ո՛չ քար արձակեցին, ո՛չ ապաստաններն ամրացրին, ո՛չ իսկ նրանց ասածին պատասխան տվեցին, որովհետև օրը շաբաթ էր։ 37 Այլ միայն իրար էին քաջալերում՝ ասելով. «Հենց այստեղ կմեռնենք մեր նեղության մեջ, որովհետև երկինքն ու երկիրը վկա են, որ իզուր եք մեզ ոչնչացնում։ 38 Մեզ համար ավելի լավ է մեռնել, քան թե մեր օրենքները խախտել ու շաբաթ օրերը պղծել»։ Երբ նրանք դա լսեցին, շաբաթ օրը սաստկացրին պատերազմը և նրանցից հազար հոգի սպանեցին, չհաշված այն, որ մարդկանց ու անասուններին գերի տարան։
39 Երբ Մատաթիան ու իր եղբայրները լսեցին այդ, խիստ տրտմեցին ու մեծ սուգ արեցին։ 40 Նրանք, միմյանց հետ խոսելով, ասացին. «Եթե հետևենք մեր եղբայրների օրինակին, այսինքն՝ մեր անձն ու իրավունքները պաշտպանելու համար պատերազմի չելնենք հեթանոսների դեմ, կարճ ժամանակ հետո մեզ ավելի շուտ կսպանեն, քան նախորդ օրերի մարդկանց»։ 41 Ուստի հավաքվեցին, պայմանավորվեցին, իրար հետ խորհուրդ արեցին ու ասացին. «Ով էլ շաբաթ օրը գա մեր դեմ պատերազմելու, համարձակ մարտնչենք, և ոչ թե ամենքս առհասարակ մեռնենք, ինչպես մեռան անապատում ապրող մեր եղբայրները»։
42 Այն ժամանակ նրանց մոտ հավաքվեցին խասիդական* շատ զինվորներ։ Սրանք իսրայելացիների մեջ հզոր ու պատերազմող մարդիկ էին՝ բոլորն էլ Օրենքի համար նահատակվելու պատրաստակամ։ 43 Գալիս և նրանց էին միանում նաև ամեն տեսակի չարիքներից խուսափած մարդիկ և համալրում նրանց ուժերը։ 44 Նրանք զորք հավաքեցին, գնդեր կազմեցին, պատրաստություն տեսան, իրենց բարկության ու ցասման մեջ կոտորեցին մեղավորներին ու անօրեն մարդկանց, իսկ մնացածները փախան հեթանոսների մոտ։ 45 Մատաթիան իր եղբայրների ու բարեկամների հետ հետապնդեց նրանց, հասավ, ջարդեց, ավերեց մեհյանները, կործանեց բագինները, 46 թլփատեց անթլփատ երեխաներին և ամրացավ իսրայելացիների սահմանների վրա։ 47 Նրանք հալածական արեցին ամբարտավան մարդկանց։ Նրանց ձեռնարկած գործը հաջողություն ունեցավ։ 48 Նրանք պաշտպանեցին իրենց օրենքները, վրեժ լուծեցին հեթանոսներից, մերժեցին թագավորի անօրեն հրամանը, թույլ չտվեցին, որ գլուխ բարձրացնի ամբարտավանության եղջյուրը։
Մատաթիայի կտակն ու մահը
49 Երբ մոտեցան Մատաթիայի մեռնելու օրերը, իր մոտ կանչեց իր որդիներին ու ասաց նրանց. «Գոռոզությունն ու ամբարտավանությունն են հաստատվել այժմ, բայց ահա հասել է կշտամբանքի ու գոռոզության կործանման ժամանակը։ 50 Արդ, զավակնե՛րս, օրենքի հանդեպ նախանձախնդրությա՛մբ լցվեք, ձեր կյանքը տվե՛ք հայրերի ուխտի պահպանման համար, 51 հիշե՛ք, թե ձեր հայրերը քաջության ի՛նչ գործեր են արել իրենց ժամանակին, և ավագության փառք կստանաք ու հավիտենական անուն կժառանգեք։ 52 Չէ՞ որ Աբրահամը փորձության ժամանակ հավատարիմ գտնվեց, և դա նրան արդարություն համարվեց։ 53 Հովսեփն իր նեղության ժամանակ պահեց պատվիրանը և տեր դարձավ Եգիպտոսին։ 54 Մեր նախահայր Փենեեսը, արդարության նախանձախնդրությամբ լցված լինելով, ստացավ հավիտենական քահանայության ուխտը։ 55 Նավեի որդի Հեսուն Տիրոջ պատգամները կատարելու շնորհիվ դարձավ իսրայելացիների դատավորը։ 56 Քաղեբը ժողովրդի մեջ վկայություն տալու համար ժառանգություն ստացավ։ 57 Դավիթն իր հեզության, արդարամտության ու ողորմած լինելու համար հավիտենապես ժառանգեց թագավորության գահը։ 58 Եղիան Օրենքի նկատմամբ նախանձախնդիր լինելու համար երկինք փոխադրվեց։ 59 Անանիան, Ազարիան ու Միսայելը իրենց հավատով փրկվեցին հնոցի կրակից։ 60 Դանիելն անմեղ լինելու շնորհիվ փրկվեց առյուծների երախից։
61 Այսպես դիտարկե՛ք սերունդ առ սերունդ. բոլոր նրանք, ովքեր իրենց հույսը դրել են Նրա վրա, չեն տկարանա։ 62 Ամբարիշտ մարդու խոսքից մի՛ վախեցեք, որովհետև նրա փառքը աղբ է ու կեղտ։ 63 Այսօր կբարձրանա, բայց վաղն այլևս չի լինի, կվերածվի հողի, և նրա բոլոր մտադրությունները կկորչեն։ 64 Գոտեպնդվե՛ք, զավակնե՛րս, զորացե՛ք օրենքի մեջ, որովհետև դրանով պիտի փառավորվեք։ 65 Գիտեմ, որ ձեր եղբայր Շմավոնը խոհեմ մարդ է։ Լսե՛ք նրան, և թող նա ձեզ հոր փոխարեն լինի։ 66 Հուդա Մակաբեն ձեր զորքերի սպարապետը թող լինի և պատերազմի ելնի թշնամու զորքերի դեմ։ 67 Դուք պետք է ձեզ միավորեք Օրենքը պահող բոլոր մարդկանց, որպեսզի լուծեք ձեր ժողովրդի վրեժը։ 68 Հեթանոսներին արժանի՛ն հատուցեք ու հետևե՛ք Օրենքի հրամաններին»։
69 Նա օրհնեց նրանց, վախճանվեց ու միացավ իր նախնիներին։ 70 Նա մեռավ հարյուր քառասունութ թվականին։ Նրան թաղեցին իր նախնիների գերեզմանոցում՝ Մովդիիմում, և ամբողջ Իսրայելը մեծապես սգաց նրան։