Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Անտիոքոս Է արքայի թուղթը Շմավոնին1 Դեմետրիոս արքայի որդի Անտիոքոսը կղ…

Անտիոքոս Է արքայի թուղթը Շմավոնին

1 Դեմետրիոս արքայի որդի Անտիոքոսը կղզիներից հրովարտակներ ուղարկեց Շմավոնին՝ հրեաների քահանայապետին ու կառավարչին, և նրա ամբողջ ազգին։ 2 Հրովարտակներն այսպիսի բովանդակություն ունեին. «Անտիոքոս արքայից ողջո՜ւյն քահանայապետ և հրեա ազգի կառավարիչ Շմավոնին։ 3 Քանի որ մի քանի անօրեններ եկան ու խլեցին իմ հայրերի թագավորությունը, ուստի ուզում եմ նույն թագավորությունը վերականգնել և հաստատել ինչպես առաջ էր։ Արդ, ես մեծ զորք եմ հավաքել, ռազմանավեր պատրաստել, 4 որպեսզի ելնեմ ու իմ հայրերի վրեժը լուծեմ այն ազգերից, որոնք մեր երկրին վնաս պատճառեցին և ավերեցին մեր մեծամեծ քաղաքները։ 5 Արդ, ես վերահաստատում եմ հարկերից ազատելու մասին նախկին թագավորների բոլոր պայմանագրերն ու ձեզ ազատ արձակում այլ տեսակի բոլոր վճարումներից։ 6 Միաժամանակ հրաման ենք տալիս, որ իրավունք ունենաս առանձին դրամ հատելու քո երկրում։ 7 Երուսաղեմն ու սրբարանն ամեն ինչից թող ազատ լինեն։ Քո պատրաստած զենքն ու զրահը և քո կառուցած բերդերը թող քեզ պատկանեն։ 8 Արքունի բոլոր պարտքերը, նաև հարկերն ու տուրքերը, որ տալիս եք, այսուհետ հավիտյան թող քեզ պատկանեն։ 9 Երբ վերականգնենք մեր թագավորությունը, մեծ փառքով կպատվենք քեզ, քո ազգն ու քո տաճարը, որպեսզի ձեր փառքը հայտնի լինի ամբողջ երկրում»։

Դովրայի պաշարումը

10 Հարյուր յոթանասունչորս թվականին Անտիոքոսը եկավ հասավ իր հայրերի երկիրը։ Նրա մոտ հավաքվեցին բոլոր զորքերը, իսկ Տրիփոնի մոտ մնացին սակավաթիվ մարդիկ։ 11 Անտիոքոսը նրան հալածեց և քշեց ծովեզրյա Դովրա բնակավայրը։ 12 Տեսնելով նրա գլխին եկած չարիքները՝ բոլոր զինվորները լքեցին նրան։ 13 Անտիոքոսը եկավ տասներկու հազար հետևակ զինվորներով և ութ հազար սպառազեն հեծյալներով ու բանակ դրեց Դովրայի շուրջը։ 14 Նա նավերով փակեց ծովի կողմը և քաղաքը շրջափակեց ծովի ու ցամաքի կողմից։ Ոչ ոքի չէին թողնում ելնել կամ մտնել։

Հռոմեացիների դաշինքի վերահաստատումը

15 Նումենիոսն ու նրա ուղեկիցները եկան Հռոմ քաղաքից և երկրի թագավորներին հրովարտակներ բերեցին, որոնցում գրված էր հետևյալը. 16 «Հռոմեացիների հյուպատոս Լևկիոսից ողջո՜ւյն Պտղոմեոս արքային։ 17 Հուդայի երկրից պատվիրակներ եկան մեզ մոտ, որպես մեր նիզակակից ու օգնական՝ նորոգելու նախկին բարեկամությունը։ Նրանց մեզ մոտ էին ուղարկել Շմավոն քահանայապետն ու հրեա ժողովուրդը։ 18 Նրանք մեզ բերեցին հազար քանքարի ոսկյա վահան։ 19 Դրա համար որոշեցինք գրել երկրի թագավորներին և բոլոր ազգերին, որ ոչ ոք չար բան չխորհի նրանց նկատմամբ, պատերազմ չմղի նրանց քաղաքների ու երկրի դեմ և չմիանա նրանց դեմ պատերազմողների հետ։ 20 Մենք որոշեցինք նրանցից ընդունել վահանը։ 21 Արդ, եթե նրանց երկրից փախած անօրեն մարդիկ կան, հանձնե՛ք քահանայապետ Շմավոնին, որպեսզի կարողանա ըստ իրենց օրենքի պատժել նրանց»։
22 Նույնը գրեց նաև Դեմետրիոս արքային, Աթալային, Արիարեթին, Արշակին 23 և բոլոր երկրներին՝ Սամփսամ, Սպարտա, Դելոս, Մինդոս, Սիկիովն, Կարիա, Սամոս, Պամփիլիա, Լիկիա, Ալիկառնասոս, Ռոդոս, Փասելիդա, Սիդե, Արադոս, Գորտինա, Կնիդոս, Կիպրոս և Կյուրենե։ 24 Այս հրովարտակների պատճենը ուղարկեցին նաև քահանայապետ Շմավոնին։

Անտիոքոսը չեղյալ է հայտարարում իր հրամանագիրը

25 Անտիոքոս արքան եկավ ու վաղ առավոտյան պաշարեց Դովրան և դրան մարտական մեքենաներ մոտեցնելով՝ սկսեց հարձակումը։ Նա ներսում արգելափակված, պաշարված պահեց Տրիփոնին։ Ոչ ոք չէր կարողանում ներսից դուրս գալ, ոչ էլ դրսից ներս մտնել։ 26 Շմավոնը նրան օգնելու համար ուղարկեց երկու հազար ընտիր ռազմիկներ և նվերներ՝ ոսկի, արծաթ ու մեծաքանակ սպառազինություն, 27 բայց նա չկամեցավ ընդունել դրանք և դրժեց նրա հետ կնքած իր ուխտն ու օտարացավ նրանից։ 28 Նա իր բարեկամներից մեկին՝ Աթենոբիոսին, ուղարկեց նրա հետ բանակցելու և ասաց. «Դուք գրավել ու տիրացել եք իմ թագավորության քաղաքներին՝ Հոպպեին, Գազարային և Երուսաղեմի միջնաբերդին։ 29 Դուք ավերել եք դրանց սահմանները, մեծ հարվածներ հասցրել երկրին և շատ գավառներ գրավել ու անջատել եք իմ թագավորությունից։ 30 Արդ, վերադարձրե՛ք այդ քաղաքները, գավառներն ու շրջանները և դրանցից գանձվող հարկերը, ինչպես նաև Հուդայի երկրի սահմաններից դուրս գտնվող այն վայրերը, որ բռնազավթել եք մեզանից։ 31 Իսկ եթե ոչ, դրանց փոխարեն տվե՛ք հինգ հարյուր քանքար արծաթ, ևս հինգ հարյուր քանքար՝ այդ քաղաքների մինչև այսօր չվճարած հարկերի դիմաց։ Այլապես կգանք, կպատերազմենք, կհարվածենք ու կկոտորենք երկիրը»։
32 Երբ արքայի բարեկամ Աթենոբիոսը եկավ Երուսաղեմ և տեսավ Շմավոնի փառքը, ոսկե ու արծաթե սպասքը, մեծաթիվ զորքի սպառազինությունը, ապշեց և հարգանքով հաղորդեց թագավորի պատգամը։ 33 Շմավոնը պատասխանեց նրան ու ասաց. «Ո՛չ օտար երկիր ենք մտել, ո՛չ էլ որևէ մեկի բաժնին բռնությամբ ու հանիրավի տիրացել, այլ միայն մեր հայրերի ժառանգությանը, որ թշնամիների կողմից հանիրավի վտարանդի էր դարձել, 34 բայց քաջությամբ ժամանակի ընթացքում հետ վերցրինք։ 35 Ինչ վերաբերում է Հոպպեին ու Գազարային, որ դուք պահանջում եք, ապա դրանք մեծ վնասներ են հասցրել մեր երկրին, ուստի մենք վրեժ ենք լուծել նրանցից։ Դրանց դիմաց մենք կվճարենք հարյուր քանքար»։ Աթենոբիոսը պատասխան չտվեց։ 36 Նա զայրացած վերադարձավ թագավորի մոտ և նրան պատմեց Շմավոնի փառքի ու իր տեսած շքեղության մասին։ Թագավորը խիստ բարկացավ։

Կենդեբոսը ներխուժում է Հուդայի երկիր

37 Տրիփոնը փախավ Օրթոսիա։ 38 Թագավորը ծովեզերյա շրջանների սպարապետ նշանակեց Կենդեբոսին և նրան մեծաթիվ հեծյալ ու հետևակ զորքեր հանձնեց։ 39 Նա պատվիրեց նրան, որ բանակ դնի Հուդայի երկրի դեմ հանդիման և բերդեր շինի, որպես պատրաստություն Իսրայելի ժողովրդի դեմ պատերազմելու։ Իսկ թագավորն ինքը հետապնդեց Տրիփոնին։
40 Կենդեբոսը եկավ հասավ Յամնիայի կողմերը և սկսեց գրգռել ժողովրդին, ներխուժել Հուդայի երկիր, գերել ու սպանել։ 41 Նա կառուցեց Կեդրոնը և այնտեղ շատ հեծելազոր հավաքեց, որպեսզի ներխուժեն Հուդայի երկիր և պաշարեն դրա ճանապարհները, ինչպես թագավորն էր հրամայել։