Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մի՛ դատիր(Ղուկ. 6.37-38, 41-42, 11.9-13)1 «Մի՛ դատեք, որ չդատվեք, 2 ո…
Մի՛ դատիր
(Ղուկ. 6.37-38, 41-42, 11.9-13)
1 «Մի՛ դատեք, որ չդատվեք, 2 որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք։ 3 Ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։ 4 Կամ ինչպե՞ս ես ասում եղբորդ. “Թո՛ղ շյուղը հանեմ քո աչքի միջից”, երբ ահա քո աչքի մեջ գերան կա։ 5 Կեղծավո՛ր, նախ այդ գերանը հանի՛ր քո աչքից, որ կարողանաս հստակ տեսնել և ապա կհանես շյուղը եղբորդ աչքից։
6 Մի՛ տվեք սրբությունը շներին և մի՛ գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի ոտնակոխ չանեն դրանք և շրջվելով ձեզ պատառոտեն։
7 Խնդրե՛ք, և ձեզ կտրվի, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեր առաջ կբացվի, 8 որովհետև, ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, նրա առաջ կբացվի։ 9 Ձեզնից ո՞վ է այն մարդը, ումից եթե իր որդին հաց խնդրի, նրան քար կտա, 10 կամ ձուկ խնդրի, նրան օձ կտա։ 11 Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որքան ևս առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են Նրան»։
Ոսկե օրենք
12 «Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև հենց սա են Օրենքն ու մարգարեները»։
Նեղ դուռը
(Ղուկ. 13.24)
13 «Մտեք նե՛ղ դռնով. որքա՜ն ընդարձակ է այն դուռը և լայն՝ այն ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և շատ են նրանք, ովքեր մտնում են դրանով։ 14 Որքա՜ն անձուկ է այն դուռը և նեղ՝ այն ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, և քիչ են նրանք, ովքեր գտնում են այն»։
Ծառը և նրա պտուղը
(Ղուկ. 6.43-44)
15 «Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են։ 16 Իրենց պտղի՛ց կճանաչեք նրանց։ Մի՞թե փշից խաղող կքաղեն կամ տատասկից՝ թուզ։ 17 Այսպես ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, և վատ ծառ՝ վատ պտուղ։ 18 Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, և ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ։ 19 Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում։ 20 Ուրեմն՝ իրենց պտղի՛ց կճանաչեք նրանց»։
Ճշմարիտ աշակերտները
(Ղուկ. 13.25-27)
21 «Ոչ ամեն ոք, որ ինձ ասում է՝ “Տե՜ր, Տե՜ր”, երկնքի արքայություն կմտնի, այլ ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է։ 22 Այն օրը շատերն ինձ կասեն. «Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով բազում հրաշքներ գործեցինք»։ 23 Այն ժամանակ նրանց կասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռացե՛ք ինձնից ամենքդ, որ անօրենություն էիք գործում»։
Երկու տները
(Ղուկ. 6.47-49)
24 Ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերը և գործադրում դրանք, կնմանվի իմաստուն մարդուն, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։ 25 Անձրևները թափվեցին և գետերը հորդեցին, հողմերը փչեցին և զարկեցին տանը, բայց տունը չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված։ 26 Իսկ ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերը և չի գործադրում դրանք, կնմանվի հիմար մարդուն, որն իր տունը ավազի վրա կառուցեց։ 27 Անձրևները թափվեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին և հարվածեցին տանը, և տունը փլվեց, և նրա կործանումը ահավոր եղավ»։
28 Երբ Հիսուսն ավարտեց այս բոլոր խոսքերը, ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրա, 29 որովհետև ուսուցանում էր որպես մեկը, որ իշխանություն ունի, և ոչ թե դպիրների նման։