Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մուրթքեի աղոթքը8 Մուրթքեն թախանձանքով աղաչեց Տիրոջը՝ մտաբերելով և հի…
Մուրթքեի աղոթքը
8 Մուրթքեն թախանձանքով աղաչեց Տիրոջը՝ մտաբերելով և հիշելով նրա մեծամեծ գործերը, և ասաց. 9 «Տե՛ր, Աստվա՛ծ, թագավո՛ր ամենակալ, քո հրամանին է սպասում ամեն ոք, ոչ ոք չի կարող քեզ ընդդիմանալ, երբ ցանկանաս փրկել Իսրայելին՝ քո ժողովրդին։ 10 Որովհետև դու, Տե՛ր, ստեղծեցիր երկինքն ու երկիրը և բոլոր սքանչելիքները։ 11 Դու տիրում ես ամեն ինչի վրա, և ոչ ոք չի կարող քո տերությանը հակառակվել։ 12 Դու գիտես ամեն ինչ։ Գիտես, որ ոչ թե հպարտությունից, ամբարտավանությունից կամ թշնամանքից ելնելով չերկրպագեցի ամբարտավան Համանին, 13 այլ Իսրայելի տան փրկության համար հաճույքով կցանկանայի նույնիսկ նրա ոտքի գարշապարը համբուրել։ 14 Սակայն այդպես վարվեցի, որպեսզի փառք չտամ որևէ մարդու, այլ միայն քեզ՝ ճշմարիտ Աստծուդ, և բացի քեզանից՝ իմ Տիրոջից, չերկրպագեմ որևէ մեկին. դա ամբարտավանությամբ չարեցի։ 15 Արդ, Տե՛ր, Աստվա՛ծ Աբրահամի, խնայի՛ր քո ժողովրդին, որովհետև ապականիչները ելել են մեր դեմ և ցանկանում են ոչնչացնել ի սկզբանե հաստատված քո ժառանգությունը։ 16 Մի՛ անտեսիր քո բաժինը, որ քեզ համար փրկեցիր եգիպտացիների երկրից։ 17 Լսի՛ր, Տե՛ր, իմ աղոթքի ձայնը և ողորմի՛ր քո ժառանգությանը, մեր սուգը ուրախությա՛ն փոխիր, որպեսզի մենք՝ ապրողներս, օրհնենք քո մեծ անունը, Տե՛ր. մի՛ ոչնչացրու այն բերանը, որ քեզ է օրհնում»։
18 Եվ ամբողջ Իսրայելն իր ողջ կարողությամբ դիմեց Տիրոջը, քանի որ մահը նրանց աչքերի առջև էր։