Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տերը խոստանում է Փրկիչ Բեթղեհեմից1 «Եվ դու, Բեթղեհե՛մ,Եփրաթայի տո՛ւն,…
Տերը խոստանում է Փրկիչ Բեթղեհեմից
1 «Եվ դու, Բեթղեհե՛մ,
Եփրաթայի տո՛ւն,
Հուդայի հազարավորների մեջ սակավաթիվ ես լինելու.
ինձ համար քեզնից պիտի ելնի մեկը՝ Իսրայելի իշխան լինելու,
և նրա ելքն աշխարհի օրերի սկզբից է։
2 Դրա համար նրանց կտա մինչև ծննդկանի ժամանակը.
կծնի, և նրա եղբայրների մնացորդները կդառնան Իսրայելի որդիների մոտ։
3 Եվ կկանգնի, կտեսնի և կհովվի իր հոտը Տիրոջ զորությամբ,
և կհաստատվեն Տիրոջ՝ իրենց Աստծու անվան փառքի մեջ,
քանի որ այժմ մեծարվելու են մինչև երկրի ծայրերը,
4 և խաղաղություն կլինի նրա համար.
երբ ասորեստանցին գա ձեր երկիրը
և երբ հասնի ձեր աշխարհը,
նրա դեմ յոթ հովիվ և ութ առաջնորդ մարդիկ կելնեն։
5 Եվ սրով կհովվեն ասորեստանցուն և Նեբրովթի երկիրը՝ իր պատնեշի մեջ,
և կփրկի քեզ ասորեստանցուց,
երբ գա ձեր երկիրը և երբ հասնի ձեր սահմաններին։
Իսրայելի մնացորդներն ազգերի մեջ
6 «Հակոբի մնացորդները հեթանոսների՝
բազում ազգերի մեջ կլինեն Տիրոջից ընկած ցողի պես
և ինչպես գառները սիզախոտի վրա,
որպեսզի ո՛չ մեկը հավաքի, ո՛չ էլ մնա մարդկանց որդիների մեջ։
7 Հակոբի մնացորդները հեթանոսների՝ բազում ազգերի մեջ կլինեն
ինչպես առյուծը հոտի մեջ՝ անտառում,
և ինչպես առյուծի կորյունը՝ ոչխարների հոտի մեջ,
ինչպես օրինակ, երբ
անցնելով զատի և հափշտակի,
ոչ ոք չի լինի, որ ազատի։
8 Քո ձեռքը կբարձրանա քեզ նեղողների վրա,
և քո բոլոր թշնամիները կկործանվեն։
9 Եվ կլինի այն օրը,- ասում է Տերը,- քո միջից
կվերացնեմ քո երիվարները
և կորստյան կմատնեմ քո կառքերը,
10 կվերացնեմ քո երկրի քաղաքները
և կկործանեմ քո բոլոր ամրոցները,
11 քո ձեռքից կվերացնեմ քո բոլոր կախարդությունները,
և գուշակներ չեն լինի քո մեջ։
12 Քո միջից կջնջեմ քո քանդակներն ու քո արձանները,
և այլևս չես երկրպագի քո ձեռակերտներին։
13 Կոչնչացնեմ քո պաշտամունքային փայտե սյուները քո միջից
և կկործանեմ քո քաղաքները,
14 բարկությամբ ու ցասումով վրեժխնդիր կլինեմ ազգերից,
քանի որ չլսեցին»։