Հին Կտակարան
Նոր Կտակարան
Խրախճանքի մեջ իրեն պահելու մասին1 Եթե քեզ առաջնորդ են կարգել խրախճանք…
Խրախճանքի մեջ իրեն պահելու մասին
1 Եթե քեզ առաջնորդ են կարգել խրախճանքի մեջ, մի՛ հպարտացիր, նրանց մեջ եղի՛ր իբրև նրանցից մեկը։
2 Հո՛գ տար նրանց մասին և հետո՛ նստիր, նրանց բոլոր կարիքները կատարելուց հետո՛ բազմիր, որպեսզի ուրախանաս նրանց հետ 3 և լավ կառավարելու համար պսակ ստանաս։
4 Խոսի՛ր, երբ ավագը դու ես, քանզի քեզ է վայել խոսել ստույգ իմաստությամբ։
5 Մի՛ խանգարիր երաժիշտներին։
6 Երբ ունկնդրում են քեզ, խոսքդ մի՛ երկարիր և իզուր մի՛ իմաստախոսիր։
7 Ինչպես փայլուն ակն է ոսկե զարդի վրա, 8 և զմրուխտե ակը՝ ոսկու շրջանակի վրա, այնպես էլ երաժիշտների նվագը քաղցր է գինու վրա։
10 Եթե երիտասարդ ես, խոսի՛ր, եթե քեզ պետք է։ Հազիվ մեկ-երկու խո՛սք ասա, եթե հարցնեն։
11 Ասա՛ գլխավորը, քիչ խոսքով՝ շատը։
12 Եղի՛ր նրա նման, ով իմանում է, բայց լուռ է լինում։
13 Մեծամեծներին մի՛ հավասարվիր, և որտեղ նրանք խոսում են, մի՛ շաղակրատիր։
14 Որոտից առաջ փայլակն է շուտ երևում, իսկ ամոթխածից առաջ շնորհն է շտապում։
15 Զարթնի՛ր ժամանակին, մի՛ եղիր վերջինը, գնա՛ քո տունը և մի՛ ծուլացիր։
16 Այնտե՛ղ զվարճացիր և քո կա՛մքն արա, բայց ոչ մեղք գործելով և ամբարտավանությամբ։
17 Այս բաների համար օրհնի՛ր քո Արարչին, որ կերակրում է քեզ իր բարիքներով։
Ընթանալ ըստ Տիրոջ կամքի
18 Ով Տիրոջից երկնչում է, խրատ կստանա, և ովքեր առավոտ կանուխ դիմում են նրան, հաճություն կգտնեն։
19 Ով օրենք է փնտրում, կլցվի նրանով, և ով կեղծավորություն անի, նրանո՛վ կգայթակղվի։
20 Ովքեր երկնչում են Տիրոջից, իրավունք կգտնեն և արդարությունն իբրև լույս կվառեն։
21 Մեղավոր մարդը խորշում է հանդիմանությունից և ըստ իր հայեցողության՝ գտնում է արդարացման օրինակներ։
22 Առանց խորհրդածության ոչինչ մի՛ արա և անելուց էլ մի՛ զղջա։
23 Առանց մտածելու մի՛ անտեսիր իմացությունը։
24 Հպարտը և ամբարտավանը չեն զարհուրում Տիրոջ երկյուղից։