Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հովնաթանը վերահաստատում է դաշինքը հռոմեացիների հետ1 Երբ Հովնաթանը տես…
Հովնաթանը վերահաստատում է դաշինքը հռոմեացիների հետ
1 Երբ Հովնաթանը տեսավ, որ ժամանակը նպաստավոր է իր համար, մարդիկ ընտրեց և ուղարկեց Հռոմ, որպեսզի գնան ու նորոգեն նրանց հետ կնքված հաշտության դաշինքը։ 2 Նա սպարտացիներին և այլ վայրեր ևս նույն բովանդակությամբ նամակներ ուղարկեց։ 3 Բանագնացները գնացին, հասան Հռոմ, նրանց հանդիպեցին խորհրդարանի դահլիճում ու ասացին. «Հովնաթան քահանայապետն ու հրեա ազգը մեզ ուղարկեցին ձեզ մոտ, որպեսզի նորոգենք հաշտության նախկին դաշինքը և առաջվա նման միմյանց զինակից ու օգնական լինենք»։ 4 Հռոմեացիներն ընդունեցին, համաձայնվեցին և տարբեր վայրեր հրովարտակներ ուղարկեցին, որ նրանց խաղաղությամբ Հուդայի երկիր ուղեկցեն։ 5 Այս է այն հրովարտակների պատճենը, որ Հովնաթանը գրեց նրանց իշխաններին ու կուսակալներին.
6 «Հովնաթան քահանայապետը, ազգի ծերակույտը, քահանաներն ու մնացյալ հրեա ժողովուրդը ողջունում են իրենց սպարտացի եղբայրներին։ 7 Արդեն իսկ Արիոս արքան՝ ձեր թագավորը, Օնիա քահանայապետին անցյալում հրովարտակ էր ուղարկել, թե դուք մեր նիզակակիցներն եք, մեր եղբայրներն ու բարեկամները, ինչպես մեզ ցույց է տալիս այդ հրովարտակի պատճենը։ 8 Օնիան մեծ պատվով էր ընդունել ուղարկված մարդուն և ձեռքն առել հրովարտակը, որի մեջ նշվում էր, թե մենք նիզակակիցներ ու սիրելի բարեկամներ ենք։ 9 Արդ, թեև այս բաների կարիքը չենք զգում, քանի որ որպես մխիթարություն ունենք մեր ձեռքում եղած սուրբ գրքերը, 10 ձեռնարկեցինք ուղարկել և նորոգել ձեզ հետ ունեցած եղբայրությունն ու բարեկամությունը, որպեսզի չօտարանանք ձեզնից, որովհետև երկար ժամանակ է անցել նախկին համաձայնագրից հետո, որ դուք ուղարկել էիք մեզ։ 11 Արդ, մենք մշտապես ամեն առիթի՝ թե՛ տարեկան տոներին ու հիշարժան մյուս բոլոր օրերին, թե՛ զոհաբերությունների ժամանակ, որ մատուցում ենք, և թե՛ մեր աղոթքներում հիշում ենք ձեզ, ինչպես վայել ու արժան է հիշել մեր եղբայրներին։ 12 Մենք ուրախանում ենք ձեր փառքով։ 13 Արդ, մեզ պատեցին պատերազմների պատճառած նեղությունները. մեր շրջակայքում գտնվող թագավորները պատերազմեցին մեր դեմ։ 14 Բայց մենք առ այսօր չկամեցանք այս պատերազմներով որևէ նեղություն տալ ո՛չ ձեզ և ո՛չ էլ ձեզ սահմանակից մեր նիզակակից բարեկամներին, 15 որովհետև մեր օգնությունը գալիս էր երկնքից, և մենք ազատվեցինք մեր թշնամիների ձեռքից. նրանք մեր առաջ պարտության մատնվեցին։ 16 Արդ, մենք ընտրեցինք Անտիոքոսի որդի Նումենիոսին ու Յասոնի որդի Անտիպատրոսին և ուղարկեցինք հռոմեացիների մոտ, որպեսզի նորոգեն բարեկամության, եղբայրության ու օգնության նախկին դաշինքը։ 17 Նրանց նաև պատվիրել ենք, որ անցնեն ձեզ մոտ, ձեզ հաղորդեն մեր ողջույնը և ձեզ մատուցեն մեր եղբայրական սիրո նորոգման նամակը։ 18 Արդ, բարեհաճե՛ք հրամայել, որ պատասխանեն մեզ»։
19 Այս է այն հրովարտակի պատճենը, որ ուղարկել էին Օնիա քահանայապետին. 20 «Սպարտացիների արքայից ողջո՜ւյն Օնիա մեծ քահանայապետին։ 21 Սպարտացիներին ու հրեաստանցիներին վերաբերող հին մատյաններ են գտնվել, որոնցում գրված է, թե նրանք հավասար եղբայրներ են և սերել են Աբրահամից։ 22 Այն բանից հետո, երբ այս մասին տեղեկացանք, բարեհաճե՛ք ամեն անգամ գրել մեզ ձեր ողջության մասին, 23 մենք էլ ձեզ կգրենք։ Մեր ունեցած ինչքն ու հարստությունը, բոլոր անասունները նաև ձերն են, ինչպես և ձերը մերն է։ Արդ, պատվիրում ենք, որ բանագնացներն ըստ այսմ ձեզ հաղորդեն»։
Հովնաթանը փախուստի է մատնում Դեմետրիոսի բանակին
24 Հովնաթանը տեղեկացավ, որ Դեմետրիոսի իշխանները նախկինից ավելի շատ զինվորներով գալիս են իր դեմ պատերազմելու։ 25 Նա դուրս եկավ Երուսաղեմից, գնաց նրանց դեմ, հասավ ու բախվեց Ամաթիտի մոտ. թույլ չտվեց, որ հասցնեն ներխուժել իր երկիրը։ 26 Նա հետախոյզ ուղարկեց նրանց բանակը, որոնք հաղորդեցին, թե պատրաստվում են գիշերով հարձակվել իրենց վրա։ 27 Երբ արևը մայր մտավ, Հովնաթանը զորքին հրաման տվեց, որ մինչև առավոտ զինավառ, զգոն ու համախմբված լինեն՝ պատրաստ պատերազմի։ Պարեկներ նշանակեցին, փակեցին իրենց չորս կողմը ու պատրաստվում էին պատերազմի։ 28 Երբ թշնամիները տեղեկացան, որ նրանք գիշերով պատրաստվում են պատերազմի, սրտները վախ ընկավ, զարհուրեցին։ Բոլոր տեղերում մոտ-մոտ խարույկներ վառեցին, իսկ իրենք գիշերով փախան-գնացին։ 29 Հովնաթանն ու զորքը չիմացան նրանց փախուստի մասին, որովհետև տեսնելով այրվող խարույկները՝ կարծում էին, թե իրենց տեղում են։ 30 Դրանից հետո թեև հետապնդեցին նրանց, բայց հասնել չկարողացան, որովհետև նրանք արդեն անցել էին Ազատ գետը։
31 Դրանից հետո Հովնաթանը դարձավ ու հարձակվեց զաբդեցի կոչվող արաբների վրա։ Նա հարվածեց, կոտորեց, փախուստի մատնեց նրանց բանակը և ավար առավ նրանց ինչքն ու ունեցվածքը։ 32 Ապա շրջվեց Դամասկոսի կողմը, 33 իսկ Շմավոնը հասավ Ասկաղոն, գրավեց նրա շրջակայքում գտնվող բոլոր բերդերը և գնաց Հոպպե ու անսպասելի գրավեց այն, 34 քանի որ լսել էր, որ բերդի բնակիչները կամենում են այն հանձնել Դեմետրիոսի ձեռքը։ Նա այնտեղ պահապան ոստիկաններ նշանակեց։
Հովնաթանն ամրացնում է Երուսաղեմը
35 Հովնաթանը վերադարձավ, զորք հավաքեց և ծերակույտը խորհրդի կանչեց. ուզում էր Հուդայի երկրում բերդեր կառուցել, 36 միջնաբերդի ու քաղաքի միջև բարձր պարիսպ շինել ու միջնաբերդն անջրպետել քաղաքից, որպեսզի Դեմետրիոսի մարդիկ առանձին լինեն, ոչինչ չտան ու չառնեն, չգնեն ու չվաճառեն։ 37 Հավաքվեցին, որ վերակառուցեն քաղաքը և պարիսպի Քափենաթա կոչվող հատվածը, որը փլվել էր ջրառատ հեղեղատի արևելյան կողմից։ 38 Շմավոնն էլ Սեփիլայում կառուցեց Ադեդա քաղաքը, ամրացրեց այն, դարպասներ դրեց ու նիգերով հաստատուն դարձրեց դրանք։
Տրիփոնի խարդավանքը Հովնաթանի դեմ
39 Տրիփոնն ուզում էր թագավորել Ասիայում, թագ դնել և ձեռք բարձրացնել Անտիոքոս արքայի վրա, 40 բայց վախեցավ, թե գուցե Հովնաթանը չհամաձայնի ու պատերազմի գա իր վրա։ Ուստի հնար էր փնտրում, որ բռնի նրան ու սպանի։ Նա շարժվեց ու եկավ Բեթսանի կողմերը։ 41 Հովնաթանը նրան ընդառաջ ելավ քառասուն հազար պատերազմի պատրաստ զինավառ ընտիր զինվորներով և եկավ հասավ Բեթսան։ 42 Երբ Տրիփոնը տեսավ, որ Հովնաթանը եկել է մեծաթիվ զորքով, վախեցավ ձեռք բարձրացնել նրա վրա, 43 ուստի նրան ընդունեց պատվով, նրան ներկայացրեց իր բոլոր բարեկամներին և նվերներ տվեց, իսկ զորքին հրամայեց, որ հնազանդ լինեն նրան։ 44 Նա սկսեց խոսել Հովնաթանի հետ ու ասաց. «Ինչո՞ւ ես այսքան զորքին նեղություն տվել, երբ պատերազմի մեջ չենք։ 45 Արդ, զինվորներին ուղարկի՛ր իրենց տեղերը և ընտրի՛ր սակավաթիվ մարդկանց, որ միշտ քեզ հետ շրջեն, իսկ դու ինձ հետ ե՛կ Պտղոմայիս։ Ես այն կհանձնեմ քեզ, ինչպես նաև այլ բերդեր՝ դրանք հսկող զորքերով հանդերձ, և բոլոր պաշտոնյաներին, իսկ ես կվերադառնամ, որովհետև հենց դրա համար եմ եկել»։
46 Հովնաթանը հավատաց նրան ու արեց այնպես, ինչպես նա հրամայել էր. զինվորներին ուղարկեց իրենց տեղերը՝ Հուդայի երկիր, 47 իսկ իր մոտ թողեց շուրջ երեք հազար մարդ։ Սրանցից երկու հազարին էլ թողեց Գալիլեայում, իսկ ինքը նրա հետ գնաց հազար հոգով։ 48 Երբ Հովնաթանը մտավ Պտղոմայիս, քաղաքի բնակիչները փակեցին դարպասները, ներսում արգելափակեցին նրան և սրախողխող արեցին բոլոր նրանց, ովքեր նրա հետ ներս էին մտել։ 49 Տրիփոնը զորք ուղարկեց Գալիլեա ու մեծ դաշտը, որ գնան կոտորեն Հովնաթանի ամբողջ զորքը։ 50 Երբ նրանք իմացան, որ նա բանտարկված է, և նրա հետ եղած բոլոր մարդիկ սպանված են, քաջալերեցին միմյանց ու համախմբված գնացին պատերազմելու։ 51 Երբ հետապնդողները տեսան, որ նրանք անձնազոհաբար են մարտնչում, վախեցան և թողեցին վերադարձան, 52 իսկ նրանք ապահով եկան հասան Հուդայի երկիր։ Կոծեցին ու լաց եղան Հովնաթանի և նրա հետ եղած զորքի համար։ Նրանք սարսափի մեջ էին։ Ողջ Իսրայելը սգում ու ողբում էր Հովնաթանին։ 53 Շրջակայքում ապրող բոլոր հեթանոսներն ուզում էին կոտորել նրանց, որովհետև այսպես էին ասում. «Նրանք այլևս զորապետ չունեն, որ մեր դեմ պատերազմի։ Արդ, եկեք հարձակվենք ու երկրի երեսից ջնջենք նրանց հիշատակը»։