Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տովբիայի ամուսնությունը1 Նրանք եկան Եկբատան և մտան Հռագուելի տունը։ Ս…
Տովբիայի ամուսնությունը
1 Նրանք եկան Եկբատան և մտան Հռագուելի տունը։ Սառան ընդառաջ ելավ և ողջույն տվեց նրանց, նրանք էլ՝ նրան։ Սառան նրանց առաջնորդեց տուն։ 2 Հռագուելն իր կին Հեդնային ասաց. «Տեսնո՞ւմ ես, թե այս պատանին ինչքա՜ն նման է իմ եղբորորդի Տովբիթին»։ 3 Հռագուելը հարցրեց նրանց և ասաց. «Որտեղի՞ց եք, եղբայրնե՛ր»։ Նրան ասացին. «Նեփթաղիմի որդիներից ենք, որ գերի են տարված Նինվե»։ 4 Ապա ասաց. «Դուք ճանաչո՞ւմ եք մեր եղբայր Տովբիթին»։ Ասացին. «Ճանաչում ենք»։ Նրանց ասաց. «Ո՞ղջ է»։ 5 Նրանք պատասխանեցին. «Ողջ է և առողջ»։ Իսկ Տովբիան ասաց. «Նա իմ հայրն է»։ 6 Հռագուելն անմիջապես վեր կացավ, համբուրեց նրան ու լաց եղավ, ապա օրհնեց նրան և ասաց. «Բարի և բարերար մարդու որդի ես դու»։ Իսկ երբ լսեց, որ Տովբիթի աչքերը կուրացել են, լաց եղավ և տրտմեց։ 7 Տրտմեցին նաև իր կին Հեդնան ու նրանց դուստր Սառան։ Նրանք մեծ ուրախությամբ ընդունեցին ու հյուրընկալեցին նրանց։ 8 Ապա խաշներից մի խոյ մորթեցին նրանց համար և բազում խորտիկներ պատրաստեցին ու դրեցին նրանց առջև։ 9 Տովբիան ասաց Ռաֆայելին. «Եղբա՛յր Ազարիա, այժմ ասա՛ այն, ինչի մասին խոսում էիր ճանապարհին, որպեսզի քո ասածը լինի»։ 10 Ռաֆայելն այդ խոսքերը հաղորդեց Հռագուելին, և Հռագուելը Տովբիային ասաց. «Կե՛ր, խմի՛ր և ուրա՛խ եղիր, որովհետև քեզ է վիճակված առնել իմ աղջկան։ Բայց քեզ ճշմարիտն ասեմ. 11 ես իմ աղջկան տվել եմ յոթ մարդու, բայց երբ նրանք ցանկանում էին մերձենալ նրան, նույն գիշերը մեռնում էին։ Բայց դու, որդյա՛կ իմ, այժմ ուրա՛խ եղիր»։ 12 Տովբիան ասաց. «Ես ոչ մի բան չեմ ուտի, մինչև չվերջացնեք այս գործը»։ Հռագուելն ասաց. «Ըստ օրենքի նրան քեզ կնությա՛ն առ, որովհետև դու աղջկան եղբայր ես գալիս. թող նա քոնը լինի։ Թող ողորմածն Աստված ձեզ բարին հաջողեցնի»։
13 Նա կանչեց իր դուստր Սառային, բռնեց նրա ձեռքից, Տովբիային կնության տվեց և ասաց. «Ահա՛, ըստ Մովսեսի օրենքի դու վերցրո՛ւ նրան և տա՛ր քո հոր մոտ»։ Եվ օրհնեց նրանց։ 14 Ապա կանչեց իր կին Հեդնային, տան ամբողջ ունեցվածքը վերցրեց, տվեց աղջկան. մուրհակներով հաստատեց դրանք ու կնքեց։ Նրանք սկսեցին ուտել, խմել և ուրախանալ։ 15 Հռագուելը կանչեց իր կին Հեդնային ու ասաց նրան. «Քո՛ւյր, պատրաստի՛ր մյուս սենյակը և աղջկան տա՛ր այնտեղ»։ 16 Կինն արեց այնպես, ինչպես հրամայել էր իրեն, և նրան տարավ այնտեղ։ Աղջիկը լալիս էր, իսկ մայրը սրբում էր աղջկա արտասուքները և ասում նրան. 17 «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, երկնքի և երկրի Տերն այս տրտմության փոխարեն քեզ ուրախություն ու ցնծություն կտա, քաջալերվի՛ր, աղջի՛կս, քաջալերվի՛ր»։