Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ծույլի մասին1 Ծույլը նման է շաղախված կղանքի. ամեն ոք զզվանքով կթքի նր…
Ծույլի մասին
1 Ծույլը նման է շաղախված կղանքի. ամեն ոք զզվանքով կթքի նրա վրա։
2 Ծույլը հավասար է աղբի և թրիքի. ամեն ոք, ով այն վերցնի, զզվանքով թափ կտա իր ձեռքը։
Վատաբարո զավակների մասին
3 Անդաստիարակ որդու ծնունդը հոր ամոթն է, իսկ դստեր ծնունդը հոր նվազությունից է։
4 Ողջախոհ դուստրն իր ամուսինը կունենա, իսկ անամոթը տրտմություն է ծնողների համար։
5 Անառակը ամոթով կթողնի իր հորն ու մորը և երկուսից էլ կանարգվի։
6 Տարաժամ պատմությունը նույնն է, ինչ որ երաժշտությունը սգի ժամանակ, իսկ ծեծն ու խրատը իմաստություն են ամեն ժամանակ։
7 Հիմարին սովորեցնողը նման է կոտրված խեցի կպցնողի
8 և մեռածին խոր քնից արթնացնողի։
Հիմարն անուղղելի է
9 Ով պատմում է հիմարին, նույնն է, թե պատմում է նիրհողին, որը վերջում հարցնում է՝ «Ի՞նչ»։
10 Ննջեցյալի վրա լա՛ց եղիր, քանզի պակասեց լույսը։
Լա՛ց եղիր նաև տխմարի վրա, քանզի նրա համար չքացավ իմաստությունը։
11 Մեղմ լա՛ց եղիր մեռելի վրա, քանզի նա գտավ իր հանգիստը, իսկ հիմարի համար ապրելը մահից վատ է։
12 Մեռելի վրա սուգը յոթ օր է,
13 իսկ անմիտ և ամբարիշտ մարդու համար՝ իր կյանքի բոլոր օրերին։
14 Անզգամի հետ շատ մի՛ խոսիր և անմիտ մարդու մոտ մի՛ գնա։
15 Զգո՛ւյշ եղիր նրանից, որպեսզի տանջանք չկրես և նրանից հեռանալիս կեղտով չշաղախվես,
16 այլ խուսափի՛ր նրանից, և հանգիստ կգտնես ու չես ձանձրանա նրա անմտությունից։
17 Կապարից ավելի ծանր ի՞նչ կա, և ի՞նչ է նրա անունը, եթե ոչ հիմար։
18 Ավելի դյուրին է տանել ավազը, աղը և շիկացած երկաթը, քան անմիտ մարդուն։
19 Ինչպես պահանգակապ շինվածքը ցնցումներից չի խախտվում, այդպես էլ անխախտ է մնում իմացության խորհրդով հաստատված սիրտը։
20 Իմաստության խորհրդով հաստատված սիրտը վախի ժամանակ չի վհատվի։
21 Ինչպես բարձրավանդակի վրա գտնվող հարդը և ավազաշաղախ քարաշեն պատի խճաքարերը հողմերի առաջ չեն դիմանա,
22 այնպես էլ վախկոտ սիրտը տխմարի խորհուրդների պատճառով չի տոկա ամեն տեսակ երկյուղի առաջ։
Բարեկամի հավատարմության մասին
24 Ով աչքն է խոցում, արտասուք է բերում, և ով սիրտն է խոցում, զգացմունքներ է հարուցում։
25 Ով քար է նետում թռչուններին, քշում է նրանց. ով նախատում է բարեկամին, խզում է բարեկամությունը։
26 Թե սուր էլ քաշես բարեկամի վրա, անհույս մի՛ եղիր, քանզի դարձ կա։
27 Թե բարեկամի վրա բերան էլ բացես, մի՛ վախեցիր, քանզի հաշտություն կա, միայն թե դա չլինի նախատինք, ամբարտավանություն, գաղտնիք հայտնել և նենգ վիրավորանք։
28 Ամեն տեսակ բարեկամ փախչում է սրանցից։ Մերձավորի մոտ հավատարմությո՛ւն ունեցիր նրա աղքատության ժամանակ, որպեսզի նրա հարստության օրոք ուրախ լինես։
29 Նեղության ժամանակ մո՛տ եղիր նրան, որպեսզի դու էլ ժառանգես նրա ժառանգությունից։
30 Ինչպես հնոցում կրակից առաջ գոլորշի և ծուխ է դուրս գալիս, այդպես էլ արյունահեղությունից առաջ՝ բամբասանքը։
31 Ես չեմ ամաչի բարեկամիս պաշտպանել և նրա երեսից չեմ թաքնվի, թեկուզ ինձ չարիք պատահի նրա պատճառով,
32 մինչդեռ ամեն ոք, ով լսի այդ մասին, պիտի խորշի նրանից։
33 Ո՞վ ինձ պահապան կտար իմ բերանի վրա և խորագիտության կնիք՝ իմ շուրթերին, որպեսզի չխորտակվեմ, և իմ լեզուն չկործանի ինձ։