Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Դանիելի դատաստանը1 Մի մարդ էր բնակվում Բաբելոնում, և նրա անունը Հովակ…

Դանիելի դատաստանը

1 Մի մարդ էր բնակվում Բաբելոնում, և նրա անունը Հովակիմ էր։ 2 Եվ կին առավ իրեն Շուշան անունով. Քեղկիայի դուստրն էր՝ շատ գեղեցիկ, Տիրոջից երկյուղած։ 3 Նրա ծնողներն արդար էին և իրենց դստերը կրթել էին ըստ Մովսեսի օրենքների։ 4 Հովակիմը չափազանց հարուստ էր։ Նա մի պարտեզ ուներ իր ապարանքին մոտ, և հրեաները նրա մոտ էին հավաքվում, որովհետև բոլորից առավել անվանի էր։ 5 Եվ երևացին այդ ժողովրդից երկու ծերեր՝ այդ տարվա դատավորները, որոնց մասին Տերն ասել էր. «Անօրենությունը ելավ Բաբելոնից՝ ծեր դատավորներից, որոնք կարծում էին, թե առաջնորդում են ժողովրդին»։ 6 Նրանք մշտապես Հովակիմի տանն էին, և բոլորը նրանց մոտ էին գալիս դատաստանի։ 7 Եվ լինում էր, երբ ժողովուրդը կեսօրին հեռանում էր, Շուշանը մտնում ու զբոսնում էր իր ամուսնու պարտեզում։ 8 Այն երկու ծերերը միշտ տեսնում էին նրան, որ մտնում ու զբոսնում էր, և ցանկացան նրան. 9 շեղեցին իրենց միտքն ու խոտորեցրին իրենց աչքերը՝ չնայելու երկինք և չհիշելու արդար դատաստանը։ 10 Երկուսն էլ սիրահարվել էին նրան, բայց միմյանց չէին պատմում իրենց ցավերը, 11 որովհետև ամաչում էին պատմել իրենց ցանկությունը, քանի որ ուզում էին նրա հետ լինել։ 12 Եվ հաճախ էին սպասում նրան՝ մշտապես տեսնելու նրան։ 13 Եվ ասացին միմյանց. «Գնանք տուն, որովհետև ճաշի ժամ է»։ Ելան, բաժանվեցին իրարից 14 և դարձյալ նույն տեղը եկան՝ միմյանց մոտ, և իրար հարցնելով պատճառը՝ խոստովանեցին իրենց ցանկությունը։ Ապա իրար հետ ժամադրվեցին, թե ե՛րբ կարող են նրան մենակ գտնել։

15 Եվ այնպես եղավ, որ մի հարմար օր, երբ նրանք սպասում էին նրան, միայն երկու աղջիկների հետ նա եկավ, մտավ, ինչպես որ երեկ և նախորդ օրը, և ցանկացավ լողանալ այն պարտեզում, որովհետև տոթ էր։ 16 Ոչ ոք չկար այնտեղ, բացի միայն երկու թաքնված ծերերից, որ սպասում էին նրան։ 17 Եվ ասաց աղջիկներին. «Գնացե՛ք, յուղ և օճա՛ռ բերեք ինձ համար և փակե՛ք պարտեզի դռները, որպեսզի լողանամ»։ 18 Եվ արեցին, ինչպես ասաց իրենց. փակեցին պարտեզի դռները և ելան դռների կողմով՝ բերելու այն, ինչ հրամայեց իրենց, և չտեսան ծերերին, քանի որ թաքնված էին։ 19 Եվ այնպես եղավ, երբ աղջիկները դուրս ելան, երկու ծերերը վեր կացան, դիմեցին դեպի նա 20 և ասացին. «Ահա այս պարտեզի դռները փակված են, և չկա մեկը, որ տեսնի մեզ։ Մենք ցանկացել ենք քեզ։ Դրա համար էլ դու, մեզ հետ համաձայնվելով, եղի՛ր մեզ հետ, 21 այլապես կվկայենք քո մասին, թե մի պատանի կար քեզ հետ, որի համար էլ աղջիկներին հեռացրիր քեզնից»։ 22 Շուշանը հոգոց հանեց և ասաց. «Տագնապ է ինձ բոլոր կողմերից. եթե դա անեմ, մահ է ինձ համար, իսկ եթե չանեմ, չեմ ազատվելու ձեր ձեռքից։ 23 Բայց ավելի լավ է ես դա չանեմ և ընկնեմ ձեր ձեռքը, քան թե մեղք գործեմ Տիրոջ առաջ»։ 24 Եվ Շուշանը բարձրաձայն աղաղակեց. նրա հետ աղաղակեցին և երկու ծերերը։ 25 Ապա մեկը գնաց, բացեց պարտեզի դռները։ 26 Երբ ընտանիքը լսեց ճչի ձայնն այն պարտեզում, դռան կողմից ներս ընկավ՝ տեսնելու, թե ի՛նչ պատահեց նրա հետ։ 27 Երբ ծերերն ասացին իրենց խոսքը, ծառաները սաստիկ ամոթահար եղան, որովհետև երբեք այնպիսի բաներ չէին ասվել Շուշանի մասին։

28 Եվ այնպես եղավ, որ հաջորդ առավոտյան, երբ ժողովուրդը եկավ նրա ամուսնու՝ Հովակիմի մոտ, եկան նաև Շուշանի մասին անօրեն միտք ունեցող երկու ծերերը՝ սպանելու նրան, 29 և ասացին ժողովրդի առաջ. «Այստե՛ղ ուղարկեք Շուշանին՝ Քեղկիայի դստերը, որ Հովակիմի կինն է»։ Եվ նրանք ուղարկեցին։ 30 Եկան նա և նրա ծնողները, նրա որդիներն ու նրա բոլոր ազգականները։ 31 Շուշանը շատ քնքուշ էր ու տեսքով գեղեցիկ։ 32 Անօրենները հրամայեցին առանց քողի թողնել նրան, քանի որ ծածկված էր քողով, որպեսզի հագենան նրա գեղեցկությամբ։ 33 Լաց էին լինում յուրայինները և բոլոր նրանք, որ ճանաչում էին նրան։ 34 Վեր կացան երկու ծերերը ժողովրդի միջից և իրենց ձեռքերը դրեցին նրա գլխին։ 35 Նա լաց լինելով նայեց երկինք, որովհետև նրա սիրտը հույսը դրել էր Տիրոջ վրա։ 36 Երկու ծերերն ասացին. «Մինչ մենք մենակ զբոսնում էինք պարտեզում, նա այնտեղ մտավ երկու աղջիկների հետ, փակեց պարտեզի դռները և բաց թողեց աղջիկներին։ 37 Եվ մի պատանի, որ թաքնված էր, եկավ նրա մոտ ու եղավ նրա հետ։ 38 Մենք պարտեզի մի անկյունում էինք։ Երբ տեսանք անօրենությունը, ընթացանք նրանց մոտ 39 և տեսանք դրանց՝ իրար հետ լինելը։ Նրան չկարողացանք բռնել, որովհետև մեզանից ավելի ուժեղ էր. դռները բացեց ու դուրս փախավ։ 40 Սրան, որ բռնեցինք, հարցրինք, թե ո՛վ էր այն պատանին, 41 սակայն չկամեցավ մեզ պատմել. այս ենք վկայում»։ Եվ ատյանը հավատաց նրանց՝ որպես ժողովրդի ծերերի և դատավորների, և նրան դատապարտեցին մեռնելու։ 42 Շուշանը բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Ո՛վ հավիտենական ծածկագետ Աստված, որ գիտես ամեն ինչ, նախքան դրանց լինելը։ 43 Դու գիտես, որ սուտ են վկայում իմ մասին։ Ահա մեռնում եմ, որ ոչինչ չեմ արել, ինչ որ դրանք նյութում են իմ դեմ»։ 44 Եվ Տերը լսեց նրա ձայնը։

45 Եվ մինչ նրան տանում էին կորստյան մատնելու, Աստված արթնացրեց Սուրբ Հոգին մի մանուկ տղայի մեջ, որի անունը Դանիել էր։ 46 Եվ բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Ես անպարտ եմ դրա արյունից»։ 47 Ողջ ժողովուրդը շրջվեց դեպի նա և ասաց. «Ի՞նչ է այդ խոսքը, որ դու ասացիր»։ 48 Եվ նա կանգնեց նրանց մեջ և ասաց. «Այդպես անմի՞տ եք, Իսրայելի՛ որդիներ. ո՛չ քննեցիք, ո՛չ էլ իրավահասու եղաք և դատապարտեցի՞ք Իսրայելի այդ դստերը։ 49 Վերադարձե՛ք ատյան, որովհետև դրանք սուտ վկայեցին նրա մասին»։ 50 Ժողովուրդն անմիջապես վերադարձավ, և ծերերն ասացին նրան. «Ե՛կ, նստի՛ր մեր մեջ և պատմի՛ր մեզ, որովհետև Աստված քե՛զ տվեց ավագությունը»։ 51 Դանիելն ասաց նրանց. «Դրանց հեռացրե՛ք իրարից, և քննենք դրանց»։ 52 Երբ իրարից հեռացվեցին, կանչեց նրանցից մեկին և ասաց նրան. «Ա՛յ չարության օրերով ծերացած, քո մեղքերը, որ գործում էիր հնում, ահա այժմ եկան հասունացան, 53 քանի որ անիրավությամբ էիր դատաստան անում. դատապարտում էիր անմեղներին և ազատ արձակում վնասակարներին, ուր Աստված ասել էր, թե անմեղին և արդարին չսպանես։ 54 Բայց արդ, եթե տեսել ես դրանց, ասա՛, ո՞ր ծառի տակ բռնեցիր դրանց, մինչ խոսում էին իրար հետ»։ Եվ նա ասաց. «Հերձիի* տակ»։ 55 Դանիելն ասաց. «Բարվոք ստեցիր քո գլխով։ Ահա Աստծու հրեշտակը, հրաման առնելով, քեզ մեջտեղից կհերձի»։ 56 Եվ դուրս հանեց նրան։ Հրամայեց բերել մյուսին և ասաց նրան. «Զավա՛կ Քանանի և ո՛չ Հուդայի. նրա գեղեցկությունը խաբե՞ց քեզ, և ցանկությունը հեղաշրջե՞ց քո սիրտը։ 57 Այդպե՞ս էիք անում Իսրայելի դուստրերին, և նրանք վախից մերձենում էին ձեզ, սակայն Հուդայի այդ դուստրը հանձն չառավ ձեր անօրենությունները։ 58 Բայց լավ, արդ ասա՛, ո՞ր ծառի տակ բռնեցիր դրանց, մինչ խոսում էին իրար հետ»։ 59 Եվ նա ասաց. «Սղոցիի* տակ»։ Դանիելն ասաց նրան. «Դու էլ բարվոք ստեցիր քո գլխով, քանի որ ահա Աստծու հրեշտակը կանգնած է՝ մերկ սուրը ձեռքին՝ քեզ մեջտեղից սղոցելու, որպեսզի սատկեցնի քեզ»։ 60 Ամբողջ ժողովուրդը մեծաձայն աղաղակեց, և օրհնաբանեցին Աստծուն, որ փրկում է իրեն հուսացողներին։ 61 Եվ հարձակվեցին այն երկու ծերերի վրա, քանի որ Դանիելը նրանց հանդիմանեց իրենց բերանների սուտ վկայություններով, և վարվեցին նրանց հետ ըստ Մովսեսի օրենքի, ինչպես ընկերոջ դեմ չարության մտադրություն ունեցողների, 62 և սպանեցին նրանց։ Եվ այդ օրը մի արդար արյուն փրկվեց։ 63 Իսկ Քեղկիան և նրա կինն օրհնաբանեցին Աստծուն իրենց դստեր՝ Շուշանի համար, նրա ամուսնու՝ Հովակիմի և նրա բոլոր ազգականների հետ, քանի որ գարշելի բաներ չգտնվեցին նրա մեջ։ 64 Եվ Դանիելն այդ օրվանից և դրանից հետո մեծարվեց ժողովրդի առաջ։

 

*Պտղատու, մշտադալար ծառի տեսակ։