Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ոսկու կիրք1 Հարստության համար տքնությունը մաշում է մարմինը, և ծանր հի…
Ոսկու կիրք
1 Հարստության համար տքնությունը մաշում է մարմինը, և ծանր հիվանդությունը վանում է քունը։
2 Մտահոգ տքնությունը փախցնում է քունը։
3 Հարուստը տանջվում է ունեցվածք կուտակելու համար և հանգստանալիս հագենում է՝ շվայտորեն վատնելով այն։
4 Աղքատն աշխատում է զրկանքներով և հանգստանալիս էլ կարիքի մեջ է մնում։
5 Ով ոսկի է սիրում, չի արդարանա, և ով ապականություն է սիրում, նրանով կլցվի։
6 Շատերը կործանվեցին ոսկու պատճառով և կանգնեցին իրենց իսկ կորստի դեմ հանդիման։
7 Դա գայթակղության ծառ է նրանց համար, ովքեր զոհ են մատուցում նրան. բոլոր անմիտները կուլ են գնում դրան։
8 Երանելի է այն հարուստը, որ անարատ գտնվեց և չգնաց ոսկու հետևից։
9 Ո՞վ է նա. երանի տանք նրան, քանզի զարմանալի բաներ արեց իր ժողովրդի մեջ։
10 Ո՞վ փորձվեց դրանով և կատարյալ մնաց. այդ թող պարծանք համարվի նրան։
Ո՞վ կարող էր զանցառու լինել և չեղավ, չարիք գործել և չգործեց։
11 Թող նրա բարօրությունը հաստատուն լինի, և թող մարդիկ պատմեն նրա ողորմածության մասին։
Խրատ սեղան նստելու մասին
12 Երբ ճոխ սեղան ես նստում, քո կոկորդը բաց մի՛ արա ուտելու համար։
13 Մի՛ ասա. «Ինչքա՜ն շատ բան կա սրա վրա»։
14 Հիշի՛ր, որ վատ է չար աչքը. ի՞նչ կա չար աչքից ավելի չար։
15 Դրա համար ինչ էլ որ տեսնի, լաց կլինի։
16 Ուր որ նայես՝ ձեռքդ մի՛ երկարիր։ Մի՛ փութա ձեռքդ երկարել նրա ափսեի մեջ։
17 Մերձավորի մասին դատի՛ր քո մեջ և ամեն գործի մասին խորհի՛ր։
18 Մարդու պե՛ս կեր այն, ինչ կա քո առջև, 19 և մի՛ ծամծմիր, որպեսզի ատելի չլինես։
20 Ի սեր բարեկրթության առաջինը դո՛ւ դադարիր ուտելուց և ագահություն մի՛ արա, որպեսզի չգայթակղվես։
21 Եթե շատերի մեջ նստես, նրանցից առաջ ձեռքդ մի՛ երկարիր։
22 Բարեկիրթ մարդը բավարարվում է քչով և իր անկողնում ծանր չի քնում։
23 Առողջ քունը լինում է չափավոր ստամոքսի դեպքում. մարդ վեր է կենում արշալույսին, և նրա հոգին էլ թեթև է լինում։
24 Ժլատ մարդն ունենում է անքնության ցավեր, սրտխառնուք և որովայնի խիթեր։
25 Եթե ծանրացար կերակուրներով, կեսից վե՛ր կաց և հանգստացի՛ր։
26 Լսի՛ր ինձ, որդյա՛կ, մի՛ արհամարհիր ինձ և վերջում կհասկանաս իմ խոսքերը։
27 Քո ամեն գործի մեջ կայտա՛ռ եղիր, և ոչ մի հիվանդություն քեզ չի հանդիպի։
28 Շրթունքները կօրհնեն հաց ու խրախճանք տվողին, դա է նրա լավության ճշմարիտ վկայությունը։
29 Քաղաքը կտրտնջա հաց տալու մեջ ժլատ մարդուց, և դա է նրա վատության ճշմարիտ վկայությունը։
Խրատ գինու մասին
30 Գինու մոտ քեզ քաջ մի՛ ցույց տուր, քանզի գինին շատերին է կործանել։
31 Ինչպես քուրան է փորձում սրի սայրի ջրդեղված լինելը, այդպես էլ գինին հպարտների սիրտը փորձում է վեճով։
32 Գինին հավասար է մարդու կյանքին, եթե այն չափով ես խմում։
33 Ի՞նչ է կյանքն առանց գինու. այն ստեղծված է մարդկանց ուրախության համար։
36 Գինին սրտի ցնծություն և հոգու ուրախություն է, երբ այն չափավոր և ժամանակին են խմում։
38 Գինին հոգու դառնություն է, երբ այն շատ են խմում և ընկնում գրգռության և հակառակության մեջ։
39 Հարբեցողությունը շատացնում է անզգամի բարկությունը՝ դառնալով գայթակղություն, 40 թուլացնում է ուժը և վերք պատճառում։
41 Խրախճանքի մեջ, երբ գինի են խմում, մի՛ հանդիմանիր մերձավորիդ և մի՛ արհամարհիր նրան ուրախության պահին։
42 Նախատինքի խոսք մի՛ ասա նրան և քո պահանջներով մի՛ նեղիր նրան։