Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ազատագրման բարի լուրը1 Տիրոջ Հոգին ինձ վրա է,հենց դրա համար նա օծեց ի…
Ազատագրման բարի լուրը
1 Տիրոջ Հոգին ինձ վրա է,
հենց դրա համար նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին,
բժշկելու սրտով բեկվածներին,
գերիներին ազատություն քարոզելու
և կույրերին՝ տեսողություն,
2 հռչակելու Տիրոջ ընդունելի տարին
և մեր Աստծու կողմից հատուցման օրը,
մխիթարելու բոլոր սգավորներին,
3 փառավորելու Սիոնի սգավորներին,
որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան,
իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։
Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։
4 Պիտի վերաշինեն դարավոր ավերակները,
նախկինում ավերվածները պիտի վերականգնեն
և նորոգեն դարերից ի վեր փլատակված քաղաքները։
5 Օտարածինները պիտի գան ու լինեն քո ոչխարների հոտերի հովիվները,
այլազգիները՝ քո մաճկալներն ու այգեգործները։
6 Իսկ դուք Տիրոջ քահանաներ պիտի կոչվեք,
մեր Աստծու պաշտոնյաներ պիտի անվանվեք,
ազգերի հարստությունը պիտի ուտեք
և նրանց մեծությամբ պիտի փառավորվեք։
7 Ձեր ամոթի փոխարեն՝ կրկնակի ուրախություն,
ձեր անարգանքի փոխարեն ցնծություն պիտի վայելեք
և ապա դարձյալ պիտի ժառանգեք երկիրը,
և հավիտենական ուրախություն պիտի լինի ձեզ համար։
8 Ես՝ Տերս, սիրում եմ արդարությունը
և ատում անիրավ հափշտակությունը.
արդարներին պիտի տամ իրենց վաստակը
և հավիտենական ուխտ պիտի անեմ նրանց հետ։
9 Պիտի ճանաչվի նրանց սերունդը ազգերի մեջ
և նրանց զավակները՝ ժողովուրդների մեջ.
ամենքն էլ, երբ տեսնեն,
պիտի ճանաչեն նրանց և ասեն.
«Սրանք Աստծու օրհնյալ զավակներն են»,
ու ցնծությամբ պիտի ուրախ լինեն Տիրոջով։
10 Թող ցնծա իմ անձը Տիրոջով,
որովհետև նա ինձ փրկության զգեստ և ուրախության պատմուճան հագցրեց,
որպես փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին
և որպես հարսի՝ զուգեց ինձ զարդով։
11 Ինչպես երկիրն է աճեցնում իր ծաղիկները,
և ինչպես պարտեզն է ծլեցնում իր սերմերը,
այնպես էլ Տերն է ծագեցնելու
իր արդարությունն ու ցնծությունը բոլոր ազգերի առաջ։