Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իսահակի ծնունդը1 Տերը, ինչպես ասել էր, հոգ տարավ Սառային և նրա համար …
Իսահակի ծնունդը
1 Տերը, ինչպես ասել էր, հոգ տարավ Սառային և նրա համար արեց, ինչ խոստացել էր։ 2 Սառան հղիացավ ու Աբրահամի համար որդի ծնեց ծերության օրերին, այն ժամանակ, որ Աստված ասել էր Աբրահամին։ 3 Աբրահամն իր որդու անունը, որին Սառան ծնեց իր համար, Իսահակ դրեց։ 4 Աբրահամն ութերորդ օրը թլփատեց իր որդուն՝ Իսահակին, ինչպես պատվիրել էր նրան Տերը՝ Աստված։ 5 Աբրահամը հարյուր տարեկան էր, երբ ունեցավ իր որդի Իսահակին։ 6 Սառան ասաց. «Աստված ուրախություն պարգևեց ինձ, և ով լսի այդ մասին, ինձ հետ կուրախանա»։ 7 Եվ ասաց. «Ո՞վ կասեր Աբրահամին, թե Սառան երեխա է սնելու, քանի որ իմ ծերության ժամանակ որդի ծնեցի»։ 8 Մանուկն աճեց, կաթից կտրվեց, և Աբրահամն իր որդի Իսահակի՝ կրծքից կտրվելու առթիվ մեծ խնջույք արեց։
Ագարի և Իսմայելի արտաքսումը
9 Սառան, տեսնելով, որ եգիպտուհի Ագարից Աբրահամի ունեցած որդին խաղում է իր որդի Իսահակի հետ, 10 ասաց Աբրահամին. «Վռնդի՛ր այս աղախնին և նրա որդուն, որպեսզի այս աղախնի որդին իմ որդի Իսահակի հետ ժառանգակից չլինի»։ 11 Աբրահամին ծանր թվաց իր որդու մասին ասվածը։ 12 Եվ Աստված ասաց Աբրահամին. «Թող քեզ ծանր չթվա մանկան և աղախնու մասին ասվածը։ Լսի՛ր Սառային, ինչ էլ որ ասի քեզ, որովհետև Իսահակով ես սերունդդ շարունակելու, 13 բայց այս աղախնու որդուն էլ մեծ ազգ կդարձնեմ, որովհետև քո սերմից է»։ 14 Աբրահամը առավոտյան վեր կացավ, հաց ու մի տիկ ջուր վերցրեց, տվեց Ագարին, մանկանը դրեց նրա ուսերին և արձակեց նրան։ Հեռանալով՝ Ագարը մոլորված շրջում էր անապատում՝ Երդման ջրհորի [եբր․ Բեեր-Շավա] մոտակայքում։ 15 Տիկի ջուրն սպառվեց. մայրը մանկանը թողեց մի եղևնու տակ, 16 ապա գնաց նստեց նրա դիմաց՝ մի նետընկեց հեռավորության վրա, և ասաց. «Թող ես չտեսնեմ իմ որդու մահը»։ Մինչ նստել էր նրա դիմաց, մանուկը բարձրաձայն լաց էր լինում։ 17 Աստված լսեց երեխայի ձայնն այնտեղից, որտեղ նա գտնվում էր։ Աստված երկնքից Ագարին ձայն տվեց ու ասաց. «Ի՞նչ է պատահել, Ագա՛ր։ Մի՛ վախեցիր, որովհետև Աստված լսեց քո որդու ձայնն այնտեղից, որտեղ նա գտնվում է։ 18 Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մանկանը, ձե՛ռքդ առ նրան, որովհետև նրան մեծ ազգ եմ դարձնելու»։ 19 Աստված բացեց նրա աչքերը, և տեսավ կենդանի ջրի մի ջրհոր, գնաց, տիկը լցրեց ջրով ու խմեցրեց մանկանը։ 20 Աստված մանկան հետ էր. նա հասակ առավ, դարձավ աղեղնավոր 21 և բնակվեց Փառանի անապատում։ Եվ մայրը նրան եգիպտացիների երկրից կին առավ։
Աբրահամի և Աբիմելեքի համաձայնությունը
22 Այդ ժամանակներում Աբիմելեքը, նրա սենեկապետ Ոքոզաթն ու նրա զորքերի սպարապետ Փիքողը, խոսելով Աբրահամի հետ, ասացին. «Աստված քեզ հետ է բոլոր այն գործերում, ինչ դու անում ես։ 23 Արդ, երդվի՛ր ինձ Աստծու անունով, որ չես մեղանչի իմ, իմ ժառանգների և իմ անվան դեմ, այլ այն ուղիղ ձևով, որ
վարվեցի քեզ հետ, նույնպես և դու կվարվես իմ և այն երկրի նկատմամբ, որտեղ բնակվում ես»։ 24 Աբրահամն ասաց. «Երդվում եմ»։ 25 Ապա Աբրահամն Աբիմելեքին հանդիմանեց այն ջրհորի համար, որ խլել էին Աբիմելեքի ծառաները։ 26 Աբիմելեքը նրան ասաց. «Ես չեմ իմացել, թե ո՛վ է արել այդ, իսկ դու չես ասել։ Ես միայն այսօր եմ լսում այդ մասին»։ 27 Աբրահամն արջառներ ու ոչխարներ վերցրեց, տվեց Աբիմելեքին, և երկուսն իրար հետ ուխտ կնքեցին։ 28 Աբրահամը յոթ որոջ առանձնացրեց։ 29 Աբիմելեքը հարցրեց Աբրահամին. «Ի՞նչ են այս յոթ որոջները, որոնց առանձնացրիր»։ 30 Աբրահամը պատասխանեց. «Այս յոթ որոջներն ինձնից ստացի՛ր որպես վկայություն այն բանի, որ ես եմ փորել այդ ջրհորը»։ 31 Այդ պատճառով էլ այդ վայրը կոչվեց Երդման ջրհոր, որովհետև այնտեղ նրանք միմյանց երդում տվեցին։ 32 Եվ համաձայնություն կնքեցին Երդման ջրհորի մոտ։ Այնուհետև Աբիմելեքը, նրա սենեկապետ Ոքոզաթն ու նրա զորքերի սպարապետ Փիքողը վեր կացան ու վերադարձան փղշտացիների երկիրը։ 33 Աբրահամը Երդման ջրհորի մոտ ծառատունկ արեց և այնտեղ կանչեց Տիրոջ անունը՝ Աստված հավիտենական։ 34 Աբրահամը որպես պանդուխտ երկար ժամանակ փղշտացիների երկրում ապրեց։