Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ողջամիտ վարդապետություն1 Բայց դու խոսի՛ր այն, ինչ պատշաճ է ողջամիտ վա…

Ողջամիտ վարդապետություն

1 Բայց դու խոսի՛ր այն, ինչ պատշաճ է ողջամիտ վարդապետությանը։

2 Հորդորի՛ր, որ ծերերը զգաստ, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ լինեն հավատի, սիրո, համբերության, ժուժկալության մեջ։ 3 Նույնպես զառամյալ կանանց հորդորի՛ր, որ լինեն զգաստ և սրբերին վայել վարմունք ունենան. ո՛չ բանսարկու, ո՛չ գինեմոլ, այլ բարեխրատ, 4 որ խրատեն դեռատի կանանց՝ սիրելու իրենց մարդկանց, իրենց զավակներին, 5 լինելու խոհեմ, առաքինի, տնարար, բարեգործ, հնազանդ իրենց ամուսիններին, որպեսզի պատճառ չդառնան, որ Աստծու խոսքն անարգվի։

6 Հորդորի՛ր նաև երիտասարդներին, որ լինեն խոհեմ, 7 բարի գործերի մեջ իրենք իրենց օրինակ դարձնեն բոլորին, ուսուցման մեջ պահեն անեղծությունը, մաքրությունը, պարկեշտությունը, 8 ողջամիտ խոսքը, պարսավանքի տեղիք չտան, որպեսզի հակառակորդն ամոթով մնա և որևէ չար բան չունենա մեր մասին ասելու։

9 Հորդորի՛ր ծառաներին, որ ամեն ինչում հնազանդ լինեն իրենց տերերին և գոհացնեն նրանց, չհակառակվեն, 10 չգողանան, այլ բացարձակ հավատարմություն ցուցաբերեն, որպեսզի ամեն ինչով պատիվ բերեն մեր Փրկչի՝ Աստծու վարդապետությանը։

Փրկչական շնորհի հայտնությունը

11 Աստծու փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց, 12 Այն խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտությունը և աշխարհիկ ցանկությունները, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, աստվածապաշտությամբ 13 և սպասենք երանելի հույսին ու փառքի հայտնությանը մեր մեծն Աստծու և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի, 14 որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։ 15 Այս ամենը խոսի՛ր, հորդորի՛ր և հանդիմանի՛ր ամենայն խստությամբ, որպեսզի չլինի թե որևէ մեկը քեզ արհամարհի։