Հին Կտակարան
Նոր Կտակարան
Սրբարանը պատրաստող պաշտոնյաները(Ելք 35.30–36.1)1 Տերը խոսեց Մովսեսի հ…
Սրբարանը պատրաստող պաշտոնյաները
(Ելք 35.30–36.1)
1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2 «Ահա անվանապես ընտրեցի Բեսելիելին՝ Հուդայի ցեղից Ովրի որդի Ուրիի որդուն։ 3 Եվ լցրի նրան աստվածային իմաստության հոգով, հանճարով և գիտությամբ՝ ամեն մի գործի համար՝ 4 խելամուտ լինելու և ճարտարապետելու, մշակելու ոսկին, արծաթն ու պղինձը, մանելու կապույտ, ծիրանի ու կարմիր մանվածք, 5 կարող լինելու զբաղվելու ակնագործությամբ, նաև ատաղձագործությամբ և հաջողությամբ կատարելու ամեն մի գործ։ 6 Ահա ես նրան օգնական տվեցի Եղիաբին՝ Դանի ցեղից Աքիսամի որդուն, նաև շատերին տվեցի իմաստություն, որպեսզի անեն այն, ինչ պատվիրել եմ քեզ՝ 7 Վկայության խորանը, Ուխտի տապանակն ու նրա վրայի Քավությունը և խորանի ողջ սպասքը, 8 զոհարաններն ու սեղանը և ողջ սպասքը, սուրբ աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, խնկարկության սեղանը, ողջակեզների սեղանն ու նրա ողջ սպասքը, 9 ավազանն ու նրա պատվանդանը, 10 ծիսակատարության զգեստները, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների զգեստները՝ ինձ քահանայություն անելու, 11 օծության յուղն ու սրբարանի բաղադրյալ խունկը։ Այն ամենը, ինչ պատվիրել եմ քեզ, կանես»։
Շաբաթը՝ հանգստյան օր
(Ելք 35.1-3)
12 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 13 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Զգո՛ւյշ եղեք, պահե՛ք իմ շաբաթները, որովհետև դա իմ ու ձեր միջև դրված նշանն է սերնդեսերունդ, որպեսզի ճանաչեք, որ ես Տերն եմ՝ ձեզ սրբագործողը։ 14 Պահե՛ք շաբաթները, քանի որ շաբաթը սուրբ է ձեզ համար՝ ընծայված Տիրոջը։ Ով այն պղծի, թող մահվան դատապարտվի։ Ամեն ոք, ով այդ օրը գործ անի, թող վերանա իր ժողովրդի միջից։ 15 Վեց օր աշխատե՛ք, իսկ յոթերորդ օրը շաբաթ է՝ Տիրոջը նվիրված սուրբ հանգստյան օր։ Ով շաբաթ օրը գործ անի, թող մահվան դատապարտվի։ 16 Իսրայելի որդիները թող պահեն շաբաթները սերնդեսերունդ՝ որպես հավիտենական ուխտ։ 17 Իմ ու Իսրայելի որդիների միջև հավիտենական նշան է, որովհետև Տերը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ յոթերորդ օրը դադար առավ և հանգստացավ”»։
18 Եվ երբ Սինա լեռան վրա ավարտեց իր խոսքը, Մովսեսին տվեց Վկայության երկու տախտակները՝ քարեղեն տախտակներ՝ գրված Աստծու մատով։