Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Հիշի՛ր քեզ Ստեղծողին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել չ…
1 Հիշի՛ր քեզ Ստեղծողին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել չարության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կյանքից այլևս հաճույք չեմ զգում», 2 քանի դեռ չեն խավարել արեգակն ու լույսը, լուսինն ու աստղերը, քանի դեռ ամպերը չեն վերադարձել անձրևներից հետո։ 3 Այդ օրը քո տան պահապանները պիտի երերան, պիտի կքեն զորավոր այրերը, պիտի պակասեն և դատարկվեն աղորիքները, պիտի խավարեն անցքերից նայողները, 4 ու երբ աղորիքի ձայնը տկարանա, պիտի փակվեն փողոցների դռները, պիտի զարթնեն աքլորականչին, և պիտի նվաղի երգող աղջիկների ձայնը, 5 պիտի նայեն բարձունքներին և սարսափեն ճանապարհից։ Պիտի ծաղկի նշենին, մորեխը պիտի բազմանա, և փշոտ թուփը տարածվի, որովհետև մարդը գնաց իր հավիտենական տունը. հրապարակներում լացուկոծ անողնե՛րը պիտի շրջապատեն նրան, 6 քանի դեռ արծաթի լարը չի խզվել, և չի քանդվել ոսկի մանյակը, մինչ սափորը չի փշրվել աղբյուրի մոտ, և չի կոտրվել ջրհորի անիվը։ 7 Եվ փոշին, ինչպես որ էր, նորից հող պիտի դառնա, և հոգին, որ Աստված էր տվել, վերստին նրա մոտ պիտի գնա։
8 Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ամեն ինչ ունայն է։
Վերջաբան
9 Եվ այսպիսով, քանի որ Ժողովողը մյուսներից ավելի իմաստուն դարձավ, սկսեց գիտություն սովորեցնել ժողովրդին, ուսումնասիրեց ու մշակեց բազմաթիվ առակներ։ 10 Ժողովողը շատ որոնեց, որ ցանկալի խոսքեր գտնի ու գրի ճշմարիտ և ուղղամիտ խոսքերով գրություններ։
11 Իմաստունների խոսքերը նման են եզների խթանի ու ամուր խփված մեխերի, որոնք հավաքվել ու տրվել են նույն հովվի կողմից, և դրանցից միայն օգուտ կարելի է ստանալ։ 12 Մի խոսք ևս, որդյա՛կ իմ. զգուշացի՛ր շատ գրքեր ունենալուց, որովհետև դրան վերջ չկա, իսկ շատ կարդալն էլ մարմնի համար հոգնություն է։ 13 Եվ ահա լսի՛ր իմ բոլոր խոսքերի վերջաբանը. վախեցի՛ր Աստծուց և պահի՛ր նրա պատվիրանները, որովհետև այս է մարդն իր ամբողջությամբ։ 14 Որովհետև Աստված պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց բոլոր թաքուն գործերի համար, չար թե բարի։