Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ինչի՞ց չպետք է ամաչել1 Բայց այն բանի համար, որ պիտի ասեմ, դու չես ամա…

Ինչի՞ց չպետք է ամաչել

1 Բայց այն բանի համար, որ պիտի ասեմ, դու չես ամաչի, և մեղանչելու պատճառ չի լինի։
2 Մի՛ ամաչիր Աստծու օրենքը և ուխտը կատարելու և ամբարիշտին արդար դատաստան անելու համար։
3 Մի՛ ամաչիր գործընկերոջ և ուղեկցի հետ հաշիվները պահելու և ժառանգությունն ուրիշների հետ բաժանելու համար,
4 կշռի և չափի ճշգրտության, քիչ կամ շատ ունեցվածքի համար,
5 վաճառականներին ապրանքը թանկ վաճառելու համար, որդիներին շատ խրատելու և չար ծառաների կողերն արնոտելու համար։
6 Չար կնոջ հետ լավ է կնիք դնել բերանին, և որտեղ շատ ձեռքեր կան, ունեցվածքդ պահի՛ր փակի տակ։
7 Ինչ տալիս ես, հաշվով և կշռո՛վ տուր, իսկ առևտուրը գրանցի՛ր։
8 Մի՛ ամաչիր անմիտ մարդուն, հիմարին և պոռնկության պատճառով դատվող ծերունուն խրատելու համար. այդպիսով ցույց կտաս, որ դու ճշմարտապես խրատված մարդ ես, և բոլորի առջև փորձառու կերևաս։

Հոր մտահոգությունն իր դստեր համար

9 Դուստրը հոր գաղտնի հոգսն է, և նրա այդ հոգսը վանում է քունը. միգուցե աղջիկ ժամանակ նա թառամի, միգուցե, երբ ամուսնանա, ատելի դառնա,
10 միգուցե կուսության ժամանակ պղծվի և հղի լինի իր հայրական տանը, միգուցե, երբ ամուսնանա, դավաճանի ամուսնուն և երբ նրա հետ ապրի, միգուցե ամուլ մնա։
11 Անամոթ դստեր վրա հսկողությո՛ւն հաստատիր, որպեսզի քեզ ծաղրի չենթարկի թշնամիների առջև, որպեսզի զրույցի նյութ չդառնաս քաղաքում և նախատինք՝ ժողովրդի մեջ, որպեսզի քեզ ամոթահար չանի ամբոխի առջև։

Զգուշանալ կանանցից

12 Մի՛ նայիր ամեն մարդու գեղեցկությանը և մի՛ նստիր կանանց մեջ,
13 քանզի ինչպես շորից ծնվում է ցեցը, այնպես էլ կնոջից՝ չարությունը։
14 Լավ է տղամարդու չարությունը, քան կնոջ բարությունը և նրա ամոթը, որ պատճառ է դառնում նախատինքի։

Աստծու գործերի վեհությունը

15 Այժմ ես պիտի հիշեմ Տիրոջ գործերը և պիտի պատմեմ, ինչ որ տեսել եմ. Տիրոջ խոսքերով են կատարվում նրա գործերը։
16 Արեգակը բոլորին նայում է լուսավորելով, և Տիրոջ գործերը լի են նրա փառքով։
17 Տիրոջ սրբերին իսկ չտրվեց նրա բոլոր հրաշալի գործերը պատմելը, որ հաստատեց Ամենակալ Տերը, որպեսզի ամեն ինչ հաստատ մնա նրա փառքի մեջ։
18 Նա քննեց անդունդներն ու սրտերը, և դու հիշի՛ր նրա խորագիտությունը։
19 Բարձրյալն է, որ իմանում է բոլոր մեղքերը և նայում հավիտենության նշաններին, հայտնի է դարձնում անցյալն ու լինելիքը, բացահայտում գաղտնի բաների հետքերը։
20 Նրանից չի խուսափում և ոչ մի մտածություն, նրանից չի թաքնվում և ոչ մի բան։
21 Նա կարգավորեց իր իմաստուն մեծագործությունները. նա հավիտենությունից առաջ է և հավիտենական,
22 նա երբեք չավելացավ ու չնվազեց և որևէ խորհրդատուի կարիք չունեցավ։
23 Որքա՜ն ցանկալի են նրա գործերը, թեպետ դրանք երևում են սոսկ իբրև փայլակ։
24 Այս ամենը կենդանի է և հավիտյան մնում է բոլոր կարիքների համար, ամեն ինչ հնազանդ է նրան։
25 Ամեն ինչ զույգ է, մեկը մյուսին ներհակ չէ, և նա ոչ մի բան թերի չի ստեղծել։