Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մարգարեություն Բաբելոնի անկման մասին1 Ծովափնյա անապատի տեսիլք։Ինչպես …

Մարգարեություն Բաբելոնի անկման մասին

1 Ծովափնյա անապատի տեսիլք։

Ինչպես անապատով անցնող մրրիկ,

նա եկավ անապատային երկրից։

2 Ինձ մի ահավոր և խիստ տեսիլք հայտնվեց։

Անարգողն անարգում է,

անիրավը՝ անիրավություն գործում։

Ինձ վրա հարձակվեցին էլամացիները,

ինձ վրա եկան պարսից պատգամավորները։

Հեծեծում եմ ու ինքս ինձ քաջալերում։

3 Ահա թե ինչու մեջքս սարսուռով լցվեց,

ցավերը բռնեցին ինձ, ինչպես ծննդկան կնոջը։

Համառեցի, որպեսզի չլսեմ,

շտապեցի, որպեսզի չտեսնեմ։

4 Սիրտս մոլորվեց,

հանցանքի զգացումը պատեց ինձ,

մարմինս դող ընկավ։

Նայի՛ր, թե ի՛նչ դիտավորություն ունես.

5 սեղա՛ն պատրաստիր, կե՛ր, խմի՛ր։

Եկե՜ք, իշխաննե՛ր, պատրաստե՛ք ձեր վահանները,

6 քանզի այսպես ասաց ինձ Տերը.

«Ինքդ անձամբ գնա՛, հսկի՛չ եղիր,

ինչ որ տեսնես, կպատմես»։

7 Եվ ես տեսա երկու հեծյալ,

մի հեծյալը՝ էշի վրա, մյուս հեծյալը՝ ուղտի։

Մեծ ուշադրությամբ ականջ դրեցի։

«Ուրիային կանչի՛ր քո դիտանոցը»,-

ասաց Տերը։

8 Ամբողջ ցերեկը և ողջ գիշերը հետևեցի բանակին

9 ու տեսա, որ գալիս է նույն հեծյալը՝ երկձի կառքով,

ձայն տալով և ասելով.

«Ընկավ, կործանվեց Բաբելոնը,

նրա բոլոր արձաններն ու կուռքերը գետնին տապալվեցին»։

10 Լսե՛ք, կենդանի մնացածնե՛ր և տանջվածնե՛ր,

լսե՛ք այն, ինչ ես լսեցի Զորությունների Տիրոջից,

ինչ մեզ պատմեց Իսրայելի Աստվածը։

Պատգամ Եդովմի մասին

11 Տեսիլք եդովմացիների վրա։

Մի ձայն ինձ կանչում է Սեիր լեռան վրայից.

«Պահպանե՛ք աշտարակները»։

12 Ես կպահպանեմ առավոտ ու գիշեր։

Եթե դու ինձ հարցնես, հարցրո՛ւ և եկ ինձ մո՛տ բնակվիր»։

13 Պատգամ արաբացիների մասին։

Գիշերները կննջես անտառում՝

Դովդանիմի ճանապարհին։

14 Ընդառա՛ջ եկեք և ջո՛ւր բերեք ծարավածներին,

ո՛վ Թեմանի բնակիչներ,

հացո՛վ ընդառաջ ելեք փախստականներին,

15 որովհետև անթիվ են սպանվածները

և բազում՝ մոլորյալները,

անթիվ են սրերը

և բազում՝ լարված աղեղները,

որովհետև բազմաթիվ են պատերազմում ընկածները։

16 Այսպես ասաց ինձ Տերը. «Եվս մի տարի՝ նման վարձկանի տարվան, և կվերանա Կեդարի որդիների փառքը։ 17 Կեդարի աղեղնավոր ու զորավոր որդիներից մնացածները ևս սակավաթիվ կլինեն»,- քանզի Տերը՝ Իսրայելի Աստվա՛ծը, խոսեց։