Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ամուսինների մասին1 Երեք բանով գեղեցկացա և վայելուչ երևացի Տիրոջ և մար…

Ամուսինների մասին

1 Երեք բանով գեղեցկացա և վայելուչ երևացի Տիրոջ և մարդկանց առջև։
2 Դրանք են՝ եղբայրների միաբանությունը, մերձավորների սերը, և երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ։
3 Իմ հոգին ատեց երեք բան և խիստ գարշեց նրանց կյանքից։
4 Դրանք են՝ հպարտ աղքատը, ստախոս հարուստը և վավաշոտ ու պակասամիտ ծերը։
5 Եթե պատանեկությանդ ժամանակ չհավաքեցիր, ինչպե՞ս կգտնես ծերությանդ ժամանակ։
6 Ալեհեր մարդուն որքա՜ն պատշաճ է դատելը և ծերերին՝ խորհուրդ տալը։
7 Որքա՜ն գեղեցիկ է ծերերի իմաստությունը և պատվավոր մարդկանց իմացությունն ու խորհուրդը։
8 Ծերերի պսակը բազմահմտությունն է և նրանց պարծանքը՝ երկյուղը Տիրոջից։
9 Ինը խորհրդի եմ երանի տալիս իմ մտքում, իսկ տասներորդը կասեմ լեզվով։
10 Դա այն մարդն է, որ ուրախ է որդիներով և իր կենդանության ժամանակ տեսնում է թշնամիների կործանումը։
11 Երանի՜ նրան, ով ապրում է իմաստուն կնոջ հետ, իր լեզվով չի սխալվում և չի ծառայում մեկին, որ անարժան է իրեն։
12 Երանի՜ նրան, ով իմաստություն գտավ և այն կպատմի ունկնդիրներին։
13 Որքա՜ն մեծ է նա, ով իմաստություն է գտել, բայց նա ավելի մեծ չէ, քան նա, ով երկյուղ է կրում Տիրոջից։
14 Երկյուղը Տիրոջից գերազանցում է ամեն բան։
16 Եվ ով ունի այն, ո՞ւմ կարելի է նմանեցնել։
18 Կարելի է տանել ամեն տեսակ վերք, բայց ո՛չ սրտի վերքը,
19 ամեն տեսակ չարություն, բայց ո՛չ կնոջ չարությունը,
20 ամեն տեսակ հարված, բայց ո՛չ ատելիների հարվածը,
21 ամեն տեսակ վրեժ, բայց ո՛չ թշնամիների վրեժը։
22 Օձի գլխից չար գլուխ չկա և ոչ էլ թշնամու ցասումից ավելի մեծ ցասում։

Չար կնոջ մասին

23 Նախընտրեցի բնակվել առյուծի և վիշապի հետ, քան ապրել չար կնոջ հետ։
24 Կնոջ չարությունը այլափոխում է նրա տեսքը և քուրձի նման սևացնում նրա երեսը։
25 Նրա ամուսինը կնստի իր ընկերների հետ և լսելով հոգոց կհանի։
26 Ամեն տեսակ չարություն փոքր է կնոջ չարության համեմատ. թող նրան ընկնի մեղավորի վիճակը։
27 Ավազուտ զառիվերը ծերունու ոտքերի տակ նույնն է, ինչ հեզ ամուսնու համար լեզվանի կինը։
28 Մի՛ նայիր կնոջ գեղեցկությանը և մի՛ փափագիր։
29 Բարկություն է, լրբություն և մեծ ամոթ,
30 եթե կինն է ամուսնուն հրամայողը։
31 Թշվառացած սիրտ, խոժոռ դեմք և սրտի վերք է չար կինը։
32 Թուլացած ձեռք և ուժասպառ ծունկ է այն կինը, որ երանի չի տալիս իր ամուսնուն։
33 Մեղքի սկիզբը կնոջից է, և նրա պատճառով ենք մեռնում բոլորս։
34 Ելք մի՛ տուր ջրին և չար կնոջ համարձակությանը. եթե նա չի գնում ըստ քո ձեռքի ցույց տված ուղղության, կտրի՛ր քո մարմնից և հեռո՛ւ նետիր նրան։