Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հրեաների աղոթքն օգնության համար1 Հրեաներն սկսեցին աղաչել ու ասել. 2 «…
Հրեաների աղոթքն օգնության համար
1 Հրեաներն սկսեցին աղաչել ու ասել. 2 «Տե՜ր, Տե՜ր, թագավո՛ր երկնքի, բոլոր արարածների Տե՜ր Աստված, սրբերի՛ սուրբ, Ամենազո՛ր, Ամենակա՛լ, տե՛ս մեր այս ցավերը, որ կրում ենք անօրեն ու պիղծ, հանդուգն ու գոռոզ մարդուց։ 3 Դու ես ստեղծել ամեն ինչ, դու, որ ամեն ինչ ընդունում ես հեզությամբ ու արդարությամբ, արդար ես դու, Տե՜ր, բայց ովքեր գոռոզությամբ ու ամբարտավանությամբ են գործում, դատում ես նրանց։ 4 Նախկինում դու, ջրասույզ անելով, բնաջնջեցիր անօրենություններ կատարող հսկաներին, որ ապավինում էին իրենց ուժին ու քաջությանը։ 5 Դու ամբարտավան սոդոմացիներին իրենց բացահայտ չարիքների համար խայտառակեցիր, կրակի ու ծծմբի մատնեցիր նրանց, ծաղրուծանակի ենթարկեցիր հետագա սերունդների առաջ։ 6 Դու զանազան պատուհասներով պատժեցիր հանդուգն ու բռնակալ արքային՝ փարավոնին, որը քո սուրբ ժողովրդին՝ Իսրայելին, ստրկության էր մատնել, ցույց տվեցիր քո զորությունը, նրան ցույց տվեցիր քո զորության մեծությունը, 7 որովհետև սպառազինված, բազմաթիվ զորքով, մարտակառքերով ու ձիերով հետապնդում էր քո ժողովրդին, բայց դու նրան սուզեցիր Կարմիր ծովի մեջ, իսկ նրանց, ովքեր ապավինել էին քեզ՝ բոլոր արարածների վրա իշխանություն ունեցողիդ, անվնաս պահեցիր։ 8 Նրանք երբ տեսան քո ձեռքի գործերը, օրհնեցին քեզ, Տե՜ր Ամենակալ։ 9 Դու, Թագավո՛ր, որ ստեղծեցիր անչափելի ու անքննելի ողջ աշխարհը, քեզ համար ընտրեցիր այս քաղաքը և սրբագործեցիր այս վայրը քո անվան համար, թեև որևէ բանի կարիք չունես։ Դու սա կառուցեցիր ի փառս քո մեծության, ի պատիվ քո անվան։ 10 Դու սիրեցիր այս տաճարը և խոստացար Իսրայելի տանը, որ ինչ էլ պատահի, ինչ դժվարություններ էլ լինեն, գանք այս սուրբ տեղը խնդրանքներով, և կլսես մեր աղոթքները։ 11 Քո խոսքը վստահելի է ու ճշմարիտ, 12 որովհետև բազմիցս, երբ մեր հայրերը նեղության մեջ են եղել, դու օգնել ես նրանց իրենց թշվառության մեջ և փրկել նրանց մեծամեծ չարիքներից։ 13 Իսկ ահա մենք, սո՛ւրբ թագավոր, մեր մեծամեծ ու բազմաթիվ մեղքերի համար տանջվելով՝ մատնվել ենք մեր թշնամու ձեռքը և ուժասպառ ու հուսահատ դարձել։ 14 Մեր թուլության ու նեղության այս օրերին պիղծ, գոռոզ ու ամբարտավան այդ մարդն ուզում է ներս մտնել և անպատվել սրբարանը՝ ողջ աշխարհում հայտնի քո փառավոր անվանը նվիրված տաճարը։ 15 Թեև քո բնակավայրն աներևույթ ու մարդկանց ձեռքի համար անհասանելի երկինքների երկինքն է, 16 բայց քանի որ հաճեցար քո փառքով Իսրայելին վայելչություն պարգևել, սրբագործեցիր այս վայրը։ 17 Թեև հանցավոր ենք քո առաջ, բայց պիղծ հեթանոսների վրեժը մեզանից մի՛ լուծիր, որպեսզի անօրենները չպարծենան գոռոզամտությամբ և չցնծան իրենց ամբարտավան խոսքերով ու չասեն. 18 “Մենք ոտնակոխ արեցինք սուրբ տաճարը, ինչպես ոտնատակ են տալիս մեհյանների հատակը”։ 19 Ջնջի՛ր մեր մեղքերը, ների՛ր մեր բոլոր հանցանքները, այս պահին ցո՛ւյց տուր քո ողորմածությունը։ 20 Անմիջապես մեզ թող հասնի քո ողորմությունը, օրհնությո՛ւն դիր մեր՝ կործանվողներիս ու չարչարվողներիս բերանում և խաղաղությո՛ւն պարգևիր մեզ»։
21 Ամենազոր, Ամենակալ Աստվածը, որ սուրբ է և բնակվում է սրբերի մեջ, լսեց ժողովրդի այս օրինավոր խնդրանքն ու աղոթքը և ամբարտավան, մեծ գոռոզությամբ նրանց վրա հանդգնորեն հոխորտացող այդ մարդուն պատժեց սաստիկ հարվածներով։ 22 Շարժեց ու ցնցեց նրան, ինչպես եղեգն է տարուբերվում քամուց, ապա գետնին զարկեց նրան։ Նա այդպես ընկած էլ մնաց անզգա, թմրած, անմռունչ և բոլոր անդամները հոդերից խախտված, որովհետև գոռոզության պատճառով խիստ ու արագ դատաստանի ենթարկվեց։ 23 Նրա բարեկամներն ու նրան շրջապատող սպասավորները, տեսնելով, որ դատաստանն այդպես շուտ հասավ նրա վրա, վախեցան, որ կմեռնի։ Անմիջապես ներսից դուրս հանեցին նրան՝ վախեցած սաստիկ հարվածներից։ 24 Երբ բավական ժամանակ անցավ, այդ մարդը սթափվեց, բայց ոչ թե իր մտքում զղջաց այդ մեծ պատուհասից հետո, այլ սկսեց ավելի սաստիկ սպառնալ։
Նա հրամայեց վերադարձի ուղին բռնել։ 25 Երբ եկավ հասավ Եգիպտոս, չարությունն ավելի բորբոքվեց իր ու սեղանակից ընկերների մեջ, որոնք հեռու էին բոլոր տեսակի օրենքներից։ 26 Նա անթիվ չարագործություններ անելով ոչ միայն չհագեցավ, այլև այնպիսի հանդգնության հասավ, որ երկիրը հայհոյությամբ լցրեց։ Բարեկամներից շատերն էլ, նայելով թագավորին, նրա կամքին էին հետևում։
27 Նա նամակ գրեց ու հրամայեց, որ այն հրապարակեն քաղաքի փողոցներում։ Դա սադրանք էր ու հայհոյություն։ Նա հրամայեց իր պալատի շուրջը, աշտարակների վրա սյուներ կանգնեցնել՝ այսպիսի գրությամբ. 28 «Եթե որևէ մեկը զոհ չի մատուցում, թող երբեք չհամարձակվի տաճար մտնել։ Ամբողջ հրեա ազգը հաշվառման թող ենթարկվի, և հարկատու դառնան իբրև ծառաներ։ Ով ապստամբելով մի փոքր դիմադրի, մահվան պիտի դատապարտվի։ 29 Իսկ ում ողջ թողնեն, նրանց վրա կրակով Որմիզդ [Ο΄
Դիոնիսիոս
] աստծու նշանը թող խարանեն և նրա տոնին ստիպեն պարել՝ ճյուղերից հյուսած պսակներ ձեռքներին»։ 30 Բայց որպեսզի ինքը բոլորին թշնամի չերևա, հրամայեց, որ հրովարտակում սա ևս գրեն. «Եթե ոմանք համաձայնվեն ընդունել արքունի կրոնը, ապա նրանք թող համարվեն ալեքսանդրացիների համաքաղաքացիներ»։ 31 Հրեաների միջից բազմաթիվ թեթևամիտներ, որ առաջ էլ անհաստատ էին նախնիների օրենքների մեջ, հեշտությամբ տեղի տվեցին. կարծում էին, թե մեծ փառքի կարժանան, եթե հնազանդվեն թագավորի ասածին։ 32 Սակայն հրեաներից շատերը քաջասիրտ գտնվեցին և անդրդվելի էին իրենց սուրբ օրենքներից։ Նրանք իրենց ունեցած հարստությունը տվեցին իրենց կյանքը փրկելու համար՝ փորձելով հաստատապես ազատվել մարդահամարից։ 33 Նրանք լիահույս էին, որ օգնություն կգտնեն։ Նրանք խորշում, գարշում էին իրենցից հեռացածներից և պիղծ համարում նրանց։ Ազգի թշնամի էին համարում նրանց և զրկում ընկերակցությունից ու փոխադարձ օգնությունից։