Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երուսաղեմը՝ խաղաղության մայրաքաղաք1 Եվ կլինի, որ վերջին օրերին կհայտն…

Երուսաղեմը՝ խաղաղության մայրաքաղաք

1 Եվ կլինի, որ վերջին օրերին կհայտնվի Տիրոջ լեռը՝

հաստատված լեռների գագաթների վրա.

կբարձրանա բլուրների վրա,

և շատ ժողովուրդներ կշտապեն դեպի նա։

2 Եվ շատ ազգեր կգնան ու կասեն.

«Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռը և Հակոբի Աստծու տունը.

մեզ ցույց կտան նրա ճանապարհները,

և կգնանք նրա շավիղներով»։

Քանի որ Սիոնից կելնեն օրենքները,

և Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։

3 Դատաստան կանի բազում ժողովուրդների մեջ

և կհանդիմանի հզոր ազգերին

մինչև հեռավորները.

իրենց սրերից խոփեր կկոփեն, և իրենց գեղարդներից՝ մանգաղներ,

և այլևս ազգն ազգի վրա սուր չի բարձրացնի,

և այլևս չեն սովորի պատերազմել։

4 Յուրաքանչյուրը կհանգստանա իր որթատունկի տակ և իր թզենու ներքո,

և չի լինի մեկը, որ զարհուրեցնի,

քանի որ Ամենակալ Տիրոջ բերանը խոսեց սա։

5 Եթե բոլոր ժողովուրդներն ընթանան յուրաքանչյուրն իր ճանապարհներով, մենք,

սակայն, կընթանանք Տիրոջ՝ մեր Աստծու անունով հավիտյանս և մշտապես։

Աստված հավաքում է ցրվածներին

6 «Այն օրը,- ասում է Տերը,-

կհավաքեմ փշրվածին

և կընդունեմ հեռացածին ու նրանց, որոնց մերժեցին.

7 կոտրվածին կդարձնեմ որպես մնացորդ և փշրվածին՝ հզոր ազգ,

և Տերը նրանց կթագավորի Սիոն լեռան վրա այսուհետև մինչև հավիտյան։

8 Եվ դո՛ւ, հոտի՛ աշտարակ,

Սիոնի՛ խավար դուստր,

Բաբելոնից կգա քեզ վրա

Երուսաղեմի դստեր թագավորության առաջին իշխանությունը և ներս կմտնի»։

9 Եվ արդ, ինչո՞ւ ճանաչեցիր չարը,

մի՞թե դու թագավոր չունեիր,

կամ թե անհետացա՞վ քո խորհրդատուն,

քանի որ սաստկացավ քո երկունքը՝ ինչպես ծննդկանինը։

10 Երկնի՛ր,

զորացի՛ր և մոտեցի՛ր, Սիոնի՛ դուստր, ինչպես ծննդկան,

որովհետև հիմա պիտի ելնես քաղաքից,

և քեզ կբնակեցնեմ դաշտում.

կհասնես մինչև Բաբելոն,

և Տերը՝ քո Աստվածը, այնտեղից կփրկի քեզ

և այնտեղից կազատի քեզ քո թշնամիների ձեռքից։

11 Եվ արդ հավաքվեցին քո դեմ բազում ազգեր, որոնք ասում էին.

«Եկե՛ք ծաղրենք,

և մեր աչքերը թող տեսնեն Սիոնը»։

12 Նրանք չիմացան Տիրոջ միտքը և չհասկացան նրա կամքը,

քանի որ հավաքեց նրանց, ինչպես հասկը՝ կալի համար։

13 «Կանգնի՛ր և կալսի՛ր նրանց, Սիոնի՛ դուստր,

որովհետև քո եղջյուրները երկաթե կդարձնեմ, քո կճղակները՝ պղնձե,

և կխորտակես բազում ժողովուրդների,

դրանցով ազգեր կփշրես,

նրանց առատությունը կմատուցես Տիրոջը

և նրանց զորությունը՝ Ամենակալ Տիրոջը»։

14 Արդ, դուստրը կպաշարվի ցանկապատով,

քանի որ նեղություն բերեց ձեզ վրա.

գավազանով կհարվածեն Իսրայելի ցեղերի ծնոտներին։