Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ընդդեմ սուտ ուսուցիչների1 Ժողովրդի մեջ եղան նաև սուտ մարգարեներ, ինչպ…

Ընդդեմ սուտ ուսուցիչների

1 Ժողովրդի մեջ եղան նաև սուտ մարգարեներ, ինչպես որ այժմ էլ ձեր մեջ կլինեն սուտ ուսուցիչներ, որոնք կորստաբեր հերձվածներ են գաղտագողի մտցնելու և ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահաս կորուստ են բերելու։ 2 Եվ շատերը պիտի գնան նրանց անառակությունների հետևից, և այդ պատճառով ճշմարտության ճանապարհը պիտի անարգվի։ 3 Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունն սկզբից իսկ հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա։

4 Քանի որ Աստված նույնիսկ մեղանչած հրեշտակներին չխնայեց, այլ խավարի կապանքներով գցեց տարտարոսը, որպեսզի նրանք պահվեն դատաստանի օրվա համար։

5 Նա չխնայեց նաև հին աշխարհին, երբ ամբարիշտների աշխարհի վրա ջրհեղեղ բերեց՝ փրկելով միայն ութ հոգու, այդ թվում Նոյին՝ արդարության քարոզչին։ 6 Սոդոմացիների և գոմորացիների քաղաքները մոխրի վերածելով՝ դատապարտեց՝ օրինակ ծառայեցնելով նրանց ապագայի ամբարիշտների համար։

7 Փրկեց արդար Ղովտին, որ ձանձրացել էր նրանց անառակ, անկարգ ընթացքից 8 (որովհետև արդարը, բնակվելով նրանց մեջ, ականատես և ականջալուր էր լինում նրանց անօրեն ընթացքին՝ ամեն օր տանջելով իր արդար հոգին)։

9 Տերը գիտե աստվածապաշտներին փրկել փորձությունից, իսկ անիրավներին պահել դատաստանի օրվա համար, 10 մանավանդ մարմնի պիղծ ցանկությունների հետևից գնացողներին, Աստծու իշխանությունն արհամարհողներին, ինքնահավաններին, հանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառքերին հայհոյելուց, 11 այն դեպքում, երբ հրեշտակները, որոնք զորությամբ և կարողությամբ ավելի մեծ են իրենցից, նրանց դեմ հայհոյալից դատապարտություն չեն բերում Տիրոջ առաջ։

12 Բայց այս մարդիկ, անբան անասունների են նման և ի բնե բռնվելու ու սպանվելու համար են. իրենց չիմացած բաների դեմ են հայհոյում. և իրենց ապականության մեջ էլ պիտի կործանվեն տանջվելով՝ 13 որպես վարձատրություն իրենց անիրավության. սրանք ցերեկով ցանկությանը հագուրդ տալը հաճույք են համարում. կեղտոտներ և արատավորներ, որոնք հաճույք են ստանում իրենց խաբեբայությունների մեջ՝ ձեր խրախճանքներին մասնակցելով։ 14 Պոռնիկի աչքեր ունեն՝ մեղքերից անպակաս, խաբում են տատանվողների հոգիները, ունեն ագահությամբ բռնված սիրտ. անեծքի՜ որդիներ։

15 Մոլորվեցին՝ թողնելով ուղիղ ճանապարհը և ընթանալով Բեորի որդի Բաղաամի ճանապարհով, որ անիրավության վարձը սիրեց 16 և իր անօրենության համար հանդիմանություն ստացավ, երբ անխոս էշը, մարդկային լեզվով խոսելով, արգելք եղավ մարգարեին՝ չկատարելու այդ անօրենությունը։

17 Սրանք անջուր աղբյուրներ են և մրրիկից քշված մառախուղներ. խավարի աղջամուղջը հավիտյան նրանց համար է պահված. 18 քանզի մեծախոս և սնոտի բաներ բարբառելով՝ անառակություններով, մարմնի ցանկություններով խաբում են նրանց, ովքեր իսկապես փախել էին մոլորության մեջ թափառողներից։ 19 Իրենք ապականությանը ծառաներ են, նրանց ազատություն են խոստանում, քանի որ մարդ ինչից հաղթվում է, նույնին էլ ծառայում է։ 20 Որովհետև եթե մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին ճանաչելու շնորհիվ աշխարհի պղծություններից փախչելուց հետո դարձյալ նույն բաներով գայթակղվեն ու դրա մեջ հարատևեն, նրանց վախճանը նախկինից ավելի վատ կլինի. 21 քանի որ ավելի լավ էր նրանց համար, եթե բնավ ճանաչած չլինեին արդարության ճանապարհը, քանի որ ճանաչեցին և հետ կանգնեցին նրանց ավանդված սուրբ պատվիրանից։

22 Նրանց հարմար է գալիս այն ճշմարիտ առածը, թե՝ «Շունն իր փսխածին է վերադառնում» (Առկ. 26.11), կամ՝ «Լվացված խոզի աչքը միշտ տիղմի մեջ է»։