Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իսրայելի ժողովուրդը կռապաշտ չէ1 Բայց դու, մեր Աստվա՛ծ, քաղցր ես և ճշմ…
Իսրայելի ժողովուրդը կռապաշտ չէ
1 Բայց դու, մեր Աստվա՛ծ, քաղցր ես և ճշմարիտ, համբերատար ես և ողորմությամբ ղեկավարում ես բոլորին։ 2 Եթե մեղք էլ ենք գործում, քոնն ենք, որովհետև գիտենք քո զորությունը, բայց չենք մեղանչի, որովհետև գիտենք, որ քեզ ենք պատկանում։ 3 Չէ՞ որ քեզ ճանաչելն իսկ բովանդակ արդարություն է, և քո զորությունն իմանալը՝ արմատ անմահության։ 4 Մեզ չմոլորեցրեց մարդկային չարարվեստ հնարագիտությունը, ոչ էլ կարծեցյալ նկարիչների անպտուղ աշխատանքը՝ պես-պես գույներով ծեփված այն պատկերները, 5 որոնց տեսքը ցանկալի է անմիտներին, և որոնք փափագում են մեռյալ արձանի այդ անշունչ կերպարանքը։ 6 Չարիքի արվեստագետներ են նրանք՝ արժանի այդ հույսին. թե՛ նրանք, որ կերտում են այդ կուռքերը, թե՛ նրանք, որ փափագում են, և թե՛ նրանք, որ պաշտում են դրանք։
Կուռքեր պատրաստողի հիմարությունը
7 Քանզի բրուտն էլ, շաղելով փափուկ կավը, դնում է պտտվող գործիքի վրա և անոթ է շինում մեր բոլորի կարիքների համար. սակայն միևնույն կավից միանման շինված այդ անոթներից թե ո՛րն է ծառայելու սրբություններին, ո՛րը՝ բոլորովին հակառակ գործերի, թե ո՛րն ինչի հարկավոր կլինի, նույն կավագործն է որոշում։ 8 Նույն կավից աստված է կերտում, քանզի ինքն էլ ոչ շատ ժամանակ առաջ ստեղծվել է հողից և քիչ ժամանակ հետո, երբ իր հոգու պարտքը պահանջվի, նույն հողին է գնալու, որից իր սկիզբն է առել։ 9 Սակայն նրա հոգսն այն չէ, որ ինքը պետք է տքնի, և ոչ էլ այն, որ կարճատև է կյանքը, այլ այն, որ ձգտում է մրցել ոսկերիչների և արծաթագործների հետ, նմանվում է պղնձագործներին ու փառք է համարում գարշելի բաներ շինելը։ 10 Նրա սիրտը մոխիր է, հույսը՝ արհամարհելի հող, և նրա կյանքը կավից էլ անարգ է։ 11 Որովհետև չճանաչեց իր ստեղծողին և ոչ էլ նրան, որ ներգործող շունչ արարեց իր մեջ ու կենդանի հոգի փչեց։ 12 Այլ մեր գոյությունը խաղ համարեց, իսկ մեր կյանքը՝ շահութաբեր տոնավաճառ, քանի որ, ասում են, որտեղից ուզում է լինի, թեկուզ հենց չարիքից, հարկավոր է բան շահել։ 13 Եվ նա բոլորից լավ գիտի, որ ինքը մեղք է գործում՝ հողեղեն նյութից դյուրաբեկ անոթներ և կուռքեր շինելով։
Եգիպտացիների կռապաշտական հիմարությունը
14 Բայց քո ժողովրդի թշնամիները, որ ճնշում են նրան, մանուկներից անմիտ և խելապակաս են։ 15 Աստվածներ համարեցին հեթանոսների բոլոր կուռքերը, որոնց ո՛չ աչքերն են պիտանի տեսնելու համար, ո՛չ ականջները՝ լսելու համար, ո՛չ ռունգերը՝ օդ շնչելու համար, ո՛չ էլ ձեռքերի մատները՝ շոշափելու համար. ոտքերն էլ ընդունակ չեն քայլելու։ 16 Մարդն է արարել դրանք, Աստծուց ստացած ոգին է դրանք ստեղծել, որովհետև ոչ մի մարդ չի կարող ստեղծել Աստծու պատկերը, 17 քանի որ լինելով մահկանացու՝ իր անօրեն ձեռքով միայն մեռյալ գործ կարող է կերտել։ Կերտողն ինքն ավելի լավ է իր պաշտած կուռքերից, որովհետև ինքը կյանք է ունեցել, իսկ նրանք՝ երբեք։ 18 Այդ մարդիկ պաշտում են ամենագարշելի կենդանիներին, որոնք ստեղծված մյուս կենդանիների համեմատությամբ վատթար են։ 19 Դրանք մյուս կենդանիների համեմատ ավելի ներկայանալի չեն, որովհետև Աստծու ոչ դրվատանքն ունեն, ոչ էլ օրհնությունը։