Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Խրատներ փորձությունների մասին1 Շատերը մեղանչեցին ունեցվածք կուտակելու…

Խրատներ փորձությունների մասին

1 Շատերը մեղանչեցին ունեցվածք կուտակելու պատճառով։
2 Ինչպես իրար կից քարերի միջև ցից է խփվում,
3 այնպես էլ մեղքն է տեղ գտնում վաճառելու և գնելու միջև։
4 Եթե մեկը նախանձախնդրությամբ հաստատակամ չէ Տիրոջ երկյուղի մեջ, արագ կկործանվի նրա տունը։
5 Մաղելիս մաղի մեջ աղբն է մնում, ինչպես մարդու կղանքը՝ նրա մտքերի մեջ։
6 Բրուտի անոթները փորձվում են կրակի բովի մեջ, իսկ մարդու փորձը՝ իր խորհուրդների մեջ։
7 Ծառերի մշակությունը երևում է նրա պտղից, ինչպես խոսքից՝ մարդու սրտի խորհուրդները։
8 Մարդուն մի՛ գովիր նրա խոսելուց առաջ. այսպես են փորձում մարդկանց։
9 Եթե արդարության հետևից գնաս, կհասնես նրան, և այն կհագնես իբրև փառքի զգեստ։
10 Ամեն թռչուն իր նմանին է գտնում, իսկ ճշմարտությունը վերադառնում է արդարություն գործողների մոտ։
11 Ինչպես առյուծն է դարանակալ որսին, այնպես էլ մեղքը՝ անիրավություն անողին։
12 Բարեպաշտի մասին զրույցը հարատև իմաստություն է, իսկ անզգամը լուսնի պես այլափոխվում է։
13 Խնայի՛ր ժամանակդ, երբ անմիտների մեջ ես, բայց տևապես կամեցի՛ր մնալ խելացիների հետ։
14 Հիմարների զրույցները ձանձրալի են, և ծաղրելու համար նրանք պիտի մեղքեր գործեն։
15 Շատ երդվողի խոսքից ցցվում են լսողի մազերը, իսկ նրանց վեճը ականջ է խլացնում։
16 Ամբարտավանների վեճը արյունահեղությունն է, և նրանց բամբասանքը ձանձրալի է լսել։
17 Ով հայտնում է գաղտնիքները, կորցնում է հավատարմությունը և իր հոգու համար չի գտնի բարեկամ։
18 Երկա՛ր մնա բարեկամի մոտ և հավատարի՛մ եղիր նրան.
19 իսկ եթե հայտնես նրա գաղտնիքները, չես գնա նրա հետևից։
20 Ինչպես մարդ կորցնում է իր թշնամուն, այնպես կորցնում է մերձավորի սերը։
21 Քանզի ինչպես թռչունին, որ քո ձեռքից բաց ես թողնում և էլ չես կարող բռնել, այնպես էլ չես բռնի մերձավորին, որին բաց ես թողնում։
22 Մի՛ գնա նրա հետևից, քանզի նա հեռացավ և այծյամի պես փրկվեց որոգայթից։
23 Վերքը կարելի է կապել, և հայհոյանքից հետո հաշտություն կա։
24 Բայց ով հայտնում է գաղտնիքները, հուսահատության է մատնվում։

Երկակի լեզու

25 Ով ակնարկում է աչքով, չարիք է նյութում, և ով տեսնում է այն, թող հեռու մնա նրանից։
26 Քո աչքի առջև նա կքաղցրացնի իր բերանը, կզարմանա քո խոսքի վրա, իսկ հետո կծռի իր բերանը և քո խոսքը գայթակղության առարկա կդարձնի։
27 Շատ բան ատեցի, բայց ոչ մի բան այնպես չեմ ատել, ինչպես նրան. Տերը նույնպես ատելու է նրան։
28 Ով քարը երկինք է նետում, այն իր գլխին կընկնի. նենգավոր մարդու հարվածները բացում են վերքերը։
29 Ով հոր փորի, նրա մեջ կընկնի, և ով որոգայթ լարի, կբռնվի նրա մեջ։
30 Ով չարություն անի, կգլորվի նրա մեջ և չի էլ իմանա, թե այն որտեղից հասավ իրեն։
31 Ամբարտավանների ծաղրն ու նախատինքը, նաև վրեժխնդրությունը առյուծի նման դարանակալ է նրանց։
32 Որոգայթով կբռնվեն նրանք, ովքեր ուրախանում են բարեպաշտների անկումով. իրենց մահից առաջ հեծությունը պիտի մաշի նրանց։
33 Ոխը և բարկությունը նույնպես գարշելի են. մեղավոր մարդը ամուր կառչում է նրանցից։