Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ուղերձ և ողջույն1 Երեցիցս՝ ընտրյալ Տիրուհուն և նրա որդիներին, նրան, ո…
Ուղերձ և ողջույն
1 Երեցիցս՝ ընտրյալ Տիրուհուն և նրա որդիներին, նրան, որին սիրում եմ ճշմարտությամբ. ոչ թե միայն ես, այլ նաև ճշմարտությանը բոլոր հասու եղողները, 2 ճշմարտության շնորհիվ, որ հաստատված է մեր մեջ և հավիտենապես կմնա մեզ հետ։
3 Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից՝ Հոր Որդուց, շնո՜րհ, ողորմությո՜ւն, խաղաղությո՜ւն ձեզ՝ ճշմարտությամբ և սիրով։
Ճշմարտություն և սեր
4 Չափազանց ուրախացա, որ գտա քո որդիներից ոմանց, ովքեր ընթանում են ճշմարտությամբ, ըստ այն պատվիրանի, որն ստացանք Հորից։
5 Այժմ աղաչում եմ քեզ, ո՛վ Տիրուհի, որ սիրենք միմյանց. ոչ թե մի նոր պատվիրան եմ գրում քեզ, այլ այն, ինչ որ ի սկզբանե ունեինք։
6 Եվ այս է սերը, որ ընթանանք ըստ նրա պատվիրանների։ Եվ այս է պատվիրանը, որն ի սկզբանե լսեցիք, որպեսզի ըստ այնմ էլ ընթանաք։
7 Բազում մոլորեցնողներ են եկել աշխարհ, որոնք չեն խոստովանում Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած. դա մոլորեցնողն է ու Նեռը։
8 Զգո՛ւյշ եղեք ձեր հանդեպ, որպեսզի չկորցնեք այն, ինչ վաստակեցիք, այլ ստանաք բովանդակ վարձը։ 9 Ամեն ոք, ով առաջ է անցնում և չի մնում Քրիստոսի վարդապետության մեջ, չի ճանաչում Աստծուն։ Իսկ ով մնում է վարդապետության մեջ, նա ընդունում է և՛ Որդուն, և՛ Հորը։ 10 Եթե մեկը գա ձեզ մոտ և այս վարդապետությունը չունենա, նրան տուն մի՛ ընդունեք և մի՛ ողջունեք։ 11 Եթե մեկը նրան բարև ասի, մասնակից կլինի նրա չար գործերին։
Վերջաբան
12 Շատ բան ունեի ձեզ գրելու, բայց չուզեցի գրել թղթով և թանաքով, քանի որ հույս ունեմ անձամբ գալու ձեզ մոտ և դեմ առ դեմ խոսելու, որպեսզի մեր ուրախությունը կատարյալ լինի։
13 Քեզ ողջունում են քո ընտրյալ քրոջ որդիները։ Շնորհը ձեզ հետ։