Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

դ. Քահանայապետի տեսիլքը1 Եվ Տերն ինձ ցույց տվեց Հեսու քահանայապետին, …

դ. Քահանայապետի տեսիլքը

1 Եվ Տերն ինձ ցույց տվեց Հեսու քահանայապետին, որ կանգնած էր Տիրոջ հրեշտակի առաջ, իսկ սատանան կանգնած էր նրա աջ կողմում՝ նրան հակառակվելու համար։ 2 Եվ Տերն ասաց սատանային. «Տերը կսաստի քեզ, սատանա՛, կսաստի քեզ Տերը, որն ընտրեց Երուսաղեմը. արդ մի՞թե այն կրակից ազատված մի խանձափայտ չէ»։ 3 Եվ Հեսուն կեղտոտ հագուստներ էր հագել ու կանգնած էր Տիրոջ հրեշտակի առաջ։ 4 Պատասխան տվեց և ասաց նրանց, որ կանգնած էին իր առաջ. «Նրա վրայից հանե՛ք կեղտոտ հագուստները»։ Եվ ասաց նրան. «Ահա վերացրի քեզնից քո անօրենությունները։ Երկար պատմուճա՛ն հագցրեք դրան 5 և մաքուր խո՛ւյր դրեք դրա գլխին»։ Եվ մաքուր խույր դրեցին նրա գլխին ու հագուստներ հագցրին նրան։ Տիրոջ հրեշտակը կանգնած էր, 6 և Տիրոջ հրեշտակը վկայություն տվեց Հեսուին և ասաց.

7 «Այսպես է ասում Ամենակալ Տերը.

“Եթե իմ ճանապարհներով գնաս

և իմ հրամանները պահես,

դու կդատես իմ տունը,

և եթե պահես իմ գավիթները,

քեզ կտամ,

որ շրջեն դրանց մեջ,

որ կանգնած են ահա։

8 Բայց լսի՛ր, Հեսու քահանայապե՛տ,

դու և քո մերձավորները, որ նստում են քո առաջ,

որովհետև կախարդ մարդիկ են։

Ահա ես բերում եմ իմ ծառա Ծագումին։

9 Քանի որ այն քարը, որ դրեցի Հեսուի երեսի առջև,

այն քարի վրա յոթ աչքեր կան.

ահա ես խորխորատ կփորեմ,-

ասում է Ամենակալ Տերը,-

և կշոշափեմ այդ երկրի բոլոր անօրենությունները մի օրում։

10 Այն օրը,- ասում է Ամենակալ Տերը,- բոլորդ կկանչեք,

յուրաքանչյուրն իր ընկերոջը,

որթատունկի տակ և թզենու տակ”»։