Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 ԱլելուիաԵրբ Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից,Հակոբի տունը՝ օտար ժողովր…

1 Ալելուիա

Երբ Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից,

Հակոբի տունը՝ օտար ժողովրդից,

2 Նրա սրբությունը Հուդայի երկիրը եղավ,

Եվ Իսրայելը՝ նրա իշխանությունը։

3 Ծովը տեսավ ու փախավ,

Եվ Հորդանանը հետ դարձավ։

4 Լեռները ցնծացին խոյերի նման,

Բլուրները՝ մաքիների գառների պես։

5 Ի՞նչ եղավ քեզ, ծո՛վ, ո՞ւմ տեսար ու փախար,

Կամ դու, Հորդանա՛ն, ինչո՞ւ հետ դարձար։

6 Լեռնե՛ր, ցնծացիք խոյերի նման,

Բլուրները՝ մաքիի գառների պես։

7 Տիրոջ երեսից երկիրը սարսեց,

Հակոբի Աստծու երեսից,

8 Որ ժայռը ջրի վտակ դարձրեց

Եվ ապառաժը՝ աղբյուրի ակունք։

 

9 Ոչ թե մեզ, Տե՛ր, ոչ թե մեզ,

Այլ քո անվա՛նը փառք տուր

Քո ողորմության և ճշմարտության համար։

10 Թող երբեք չասեն հեթանոսների մեջ,

Թե՝ «Ո՞ւր է նրանց Աստվածը»։

11 Մեր Աստվածը երկնքում և երկրում է.

Այն, ինչ կամեցավ, կատարեց։

12 Հեթանոսների կուռքերը ոսկի և արծաթ են,

Ձեռագործերն են մարդկանց որդիների։

13 Բերան ունեն, բայց չեն խոսում,

Աչքեր ունեն, բայց չեն տեսնում։

14 Ականջներ ունեն, բայց չեն լսում,

Քիթ ունեն, բայց չեն հոտոտում։

15 Ձեռքեր ունեն, բայց չեն շոշափում,

Ոտքեր ունեն, բայց չեն քայլում,

Եվ նրանց կոկորդում ձայն չկա։

16 Նրանց նման կլինեն նրանք, ովքեր ստեղծեցին նրանց,

Եվ բոլոր նրանց հուսացողները։

17 Իսրայելի տունը Տիրոջը հուսաց.

Օգնական և ապավեն է նրանց։

18 Ահարոնի տունը Տիրոջը հուսաց.

Օգնական և ընկերակից է նրանց։

19 Տիրոջից երկյուղածները հուսացին Տիրոջը.

Օգնական և փրկիչ է նրանց։

20 Տերը հիշեց մեզ և օրհնեց մեզ,

Տերն օրհնեց Իսրայելի տունը,

Տերն օրհնեց Ահարոնի տունը։

21 Տերն օրհնեց իրենից երկյուղածներին,

Փոքրերին ու մեծերին.

22 Տերը պիտի ավելացնի ձեզ,

Ձեզ և ձեր որդիներին։

23 Օրհնված եք դուք Տիրոջից,

Որ երկինքն ու երկիրը ստեղծեց։

24 Տիրոջն է երկինքների երկինքը,

Եվ երկիրը տվեց մարդկանց որդիներին։

25 Ոչ թե մեռելները պիտի օրհնեն քեզ,

Եվ ոչ էլ բոլոր դժոխք իջնողները,

26 Այլ ողջերս պիտի օրհնենք Տիրոջը

Այսուհետև մինչև հավիտյան։