Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Խրատ որդիներին2 Լսե՛ք ինձ՝ ձեր հորը, որդինե՛ր, և արե՛ք այնպես, որ փրկ…

Խրատ որդիներին

2 Լսե՛ք ինձ՝ ձեր հորը, որդինե՛ր, և արե՛ք այնպես, որ փրկվեք.
3 քանզի Տերը փառավորում է հորն իր զավակների նկատմամբ և հաստատում մոր իրավունքները որդիների վրա։
4 Ով պատվում է հորը, քավում է իր մեղքերը, և ով հարգում է իր մորը, նման է գանձ դիզողի։
5 Ով պատվում է հորը, ինքն էլ կուրախանա իր որդիներով, և նրա աղոթքը լսելի կլինի։
6 Ով փառավորում է հորը, երկարակյաց կլինի։
8 Ով լսում է Տիրոջը, կհանգստացնի իր մորը և իր ծնողներին կծառայի այնպես, ինչպես տերերին։
9 Գործով և խոսքով պատվի՛ր քո հորը, որպեսզի նրա կողմից օրհնություն գա քեզ վրա։
11 Հոր օրհնությունն ամրացնում է որդիների տները, իսկ մոր անեծքը խարխլում է հիմքերը։
12 Քո հոր անարգանքի մեջ փառք մի՛ փնտրիր, որովհետև քո հոր անարգանքը փառք չէ քեզ համար։
13 Որովհետև մարդու փառքը իր հոր պատվից է գալիս, որդիների նախատինքը՝ մոր անպատվությունից։
14 Որդյա՛կ, զորավի՛գ եղիր քո հորը ծերության ժամանակ և իր կյանքի ընթացքում նրան մի՛ տրտմեցրու։
15 Եվ եթե պակասի նրա խելքը, ների՛ր նրան, մի՛ անարգիր նրան քո ամբողջ ուժով։
16 Ով հոգատար է հոր հանդեպ, Աստված չի մոռանա նրան։
17 Դրա փոխարեն չարը կներվի քեզ, քո նեղության օրը Տերը կհիշի քեզ, և ինչպես սառույցն է հալվում ջերմությունից, այնպես էլ կհալվեն քո մեղքերը։
18 Ով լքում է հորը, նման է Աստծուն անարգողի, ով բարկացնում է իր մորը, անիծված է Տիրոջից։

Համեստության առավելությունները

19 Որդյա՛կ, քո գործը հեզությա՛մբ կատարիր և կսիրվես ընտրյալ մարդկանցից։
20 Ինչքան մեծ լինես, այնքան խոնարհեցրո՛ւ քո անձը, և շնորհ կգտնես Տիրոջ առաջ, քանզի մեծ է Տիրոջ զորությունը, և նա փառավորում է իր կամքը կատարող խոնարհներին։
22 Քո ուժերից վեր բաներ մի՛ ձեռնարկիր, և այն, ինչ հզոր է քեզանից, մի՛ քննիր։ Մտքիդ մեջ պահի՛ր այն, ինչ հրամայվեց քեզ,
23 քանզի քեզ պետք չեն գաղտնի բաներ։
24 Ավելորդ գործեր քննող մի՛ եղիր, որովհետև ավելի իմաստություն է տրված քեզ, քան շատ մարդկանց։
26 Արդարև, շատերին մոլորեցրեց իրենց մասին մեծ կարծիք ունենալը, և դրանով չար մտածումը գայթակղեցրեց նրանց միտքը։
27 Ով սիրում է տագնապը, նրա մեջ էլ պիտի կորչի։
28 Համառ սիրտն ի վերջո չարաչար պիտի կործանվի,
29 քանզի դաժան սիրտը ցավերով կծանրանա, և մեղավորը մեղքերի վրա մեղքեր կավելացնի։
30 Ամբարտավանի հարվածներից բժշկություն չկա, որովհետև չարության բույսը արմատավորվեց իր մեջ։
31 Իմաստունի սիրտը իր միտքն է բերում առակը. իմաստունի ցանկությունն է, որ լսող ականջ լինի։
33 Ջուրը հանգցնում է բորբոքված կրակը, և ողորմածությունը քավում է մեղքերը։
34 Ով բարիք է հատուցում, պիտի հիշվի հետագայում, իսկ սայթաքելիս նեցուկ պիտի գտնի։