Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տեղին խոսելու և լռելու մասին1 Որքա՜ն ավելի լավ է հանդիմանել, քան ինքն…

Տեղին խոսելու և լռելու մասին

1 Որքա՜ն ավելի լավ է հանդիմանել, քան ինքն իր մեջ զայրանալ։
2 Ով բռնությամբ է դատ անում, նման է այն ներքինուն, որ բռնանում է կույսի կուսությանը։
3 Ինչքա՜ն լավ է բացահայտել հանդիմանվողի ապաշխարանքը, որովհետև այդպես կփախչես մեղքին հավանություն տալուց։
5 Մարդ կա, որ շատախոսության պատճառով ատելի է դառնում բոլորին, մարդիկ էլ կան, որոնց բերանում խոսք չկա։
6 Կան, որ լուռ են, քանզի չգիտեն խոսելու ժամանակը։
7 Իմաստուն մարդը լռում է մինչև խոսելու պահը, բայց ով անզգամ և ամբարիշտ է, առաջ է վազում։
8 Ով շատախոսում է, կարհամարհվի, և ով անչափ սաստում է իր խոսքով, ատելի կլինի։

Հակադրություններ

9 Կա հաջողություն, որ չարիք է մարդուն, գյուտ էլ կա, որ կորուստ է։
10 Կա ողորմություն, որ չի օգնում, բայց ողորմություն էլ կա, որ կրկնակի հատուցում ունի։
11 Նվաստություն կա, որ փառքից է գալիս, փառք էլ կա, որ խոնարհություն է տալիս։
12 Կան, որ փոքր բանի համար գլուխ են բարձրացնում, և կան, որ մեծ բանը փոքր բանի տեղ են դնում, բայց կան, որ յոթնապատիկ տուժում են։
13 Ով խոսքով իմաստուն է, իր անձը սիրելի է դարձնում, բայց տխմարների շնորհներն ամաչեցնում են իրենց։
14 Անզգամների ողորմությունը օգուտ չի բերի, քանզի նրանց աչքը մեկի փոխարեն շատն է ակնկալում։
15 Քիչ է տալիս, բայց շատ է նախատում, և իր բերանը բացում է իբրև քարոզիչ։
16 Հիմա փոխ կտա, իսկ վաղը հետ կպահանջի. այդպիսին Տիրոջ և մարդկանց համար ատելի է։
17 Տխմարն այսպես է ասում. «Ես բարեկամ չունեմ, և իմ բարի գործերի համար հատուցում չկա։
18 Իմ հացն ուտողները կեղծավոր են»։
19 Որքա՜ն հաճախ և ինչքա՜ն շատերը պետք է ծիծաղեն նրանց վրա։
20 Լավ է ոտքից սայթաքել, քան լեզվից. այդպես էլ չարերի կործանումը շուտ կհասնի։
21 Ապաշնորհ մարդը նման է տարաժամ առասպելի։
22 Անմիտ մարդու շուրթերին առակներն անարժեք են դառնում, քանզի նա ժամանակին չի ասում։
23 Մարդ կա, որ անընչության պատճառով անկարող է մեղք գործել. նա իր հանգստության մեջ խղճի խայթ չի զգում։
24 Մարդ կա, որ ամոթի պատճառով է հոգին կորցնում. նա կկորչի իր մարդահաճության համար։
25 Մարդ էլ կա, որ բարեկամի պատճառով է ամոթը հանձն առնում և նրան իզուր թշնամի դարձնում իրեն։
26 Մարդու մեջ սուտը չար բիծ է։
27 Այլ բան է գողությունը և այլ բան՝ ստությունը, սակայն երկուսից էլ կորուստ են ժառանգում։
28 Մարդու հոգուն անարգանք են իր սրտի վատ խոսքերը, և նրա ամոթը միշտ մնում է իր հետ։

Հետևել նախնիների բարի օրինակին

Որդյա՛կ, պահի՛ր իմ խոսքերը և իբրև հարազատ որդի և ազնիվ ժառանգ՝ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր, իսկ նա, ով չի նորոգում և բարձրացնում նախնիների առաքինությունը, նա ամոթ և նախատինք է իր պապերի համար և մի նոր անեծք։
29 Ով խոսքով իմաստուն է, առաջ կտանի իրեն, և իմաստուն մարդը հաճելի կլինի մեծամեծներին։
30 Ով մշակի հողը, կբարձրացնի իր ցորենի դեզը, որով արդարություն գործողն էլ կբարձրանա, և ով հաճելի լինի մեծամեծներին, կքավի իր անիրավությունը։
31 Նվերներն ու կաշառքը կուրացնում են իմաստունների աչքը և բերանի կապի նման կաշկանդում են հանդիմանությունը։
32 Ծածկված իմաստությունն աներևույթ գանձ է. երկուսից էլ ի՞նչ օգուտ։
33 Լավ է այն մարդը, որ թաքցնում է իր հիմարությունը, քան այն մարդը, որ թաքցնում է իր իմաստությունը։