Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Ահա սրանք են այն խոսքերը, որ Բարուքը՝ Քեղկիայի որդու՝ Ասադայի որդու…
1 Ահա սրանք են այն խոսքերը, որ Բարուքը՝ Քեղկիայի որդու՝ Ասադայի որդու՝ Սեդեկիայի որդու՝ Մաասայի որդու՝ Ներիայի որդին, գրեց Բաբելոնում, 2 հինգերորդ տարում՝ ամսվա յոթերորդ օրը, այն ժամանակ, երբ քաղդեացիները վերցրին Երուսաղեմը և հրով այրեցին այն։ 3 Բարուքն այս թղթի խոսքերն ընթերցեց ի լուր Հուդայի արքա Հովակիմի որդու՝ Հեքոնիայի և ի լուր համայն ժողովրդի, որ գալիս էին դեպի մատյանը, 4 նաև ի լուր զորքերի ու թագավորների որդիների, ի լուր ծերերի և ի լուր ամբողջ ժողովրդի՝ փոքրից մինչև մեծերը, բոլորի, որ բնակվում էին Բաբելոնում՝ Սուդ գետի մոտերքը։ 5 Եվ լալիս ու պահք էին պահում և աղոթքի էին կանգնում Տիրոջ առաջ։ 6 Ապա արծաթ հավաքեցին՝ յուրաքանչյուրն ըստ իր կարողության, 7 և ուղարկեցին Երուսաղեմ՝ Սաղովմի որդու՝ Քեղկիայի որդի Հովակիմ քահանային և Երուսաղեմում նրա հետ գտնվող ուրիշ քահանաների։ 8 Երբ նա վերցրեց Տիրոջ տաճարի սպասքը, որ հանվել էր տաճարից, վերադարձնելու Հուդայի երկիրը սիվան ամսվա տասին, արծաթե այն սպասքը, որ պատրաստել էր Հուդայի արքա Հովսիայի որդի Սեդեկիան, 9 երբ բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորը Հեքոնիային, իշխաններին, բանտապետներին, հզորներին ու երկրի ժողովրդին Երուսաղեմում գերեվարելուց հետո նրանց Բաբելոն տարավ։ 10 Եվ ասացին. «Ահա ուղարկեցինք ձեզ արծաթ. այդ արծաթով գնե՛ք ողջակեզներ, մեղքերի համար զոհաբերություններ ու կնդրուկ և ընծա՛ պատրաստեք ու հանե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու սեղանը։ 11 Եվ աղո՛թք արեք բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորի կյանքի համար և նրա որդու՝ Բաղդասարի կյանքի համար, որպեսզի նրանց օրերը լինեն ինչպես երկնքի օրեր երկրի վրա։ 12 Եվ Տերը մեզ զորություն կտա և լուսավոր կդարձնի մեր աչքերը, և կապրենք բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորի հովանու ներքո և նրա որդու՝ Բաղդասարի հովանու ներքո, բազում օրեր կծառայենք նրանց և շնորհ կգտնենք նրանց առաջ։ 13 Աղո՛թք արեք և մեզ համար Տիրոջը՝ մեր Աստծուն, որովհետև մեղանչեցինք Տիրոջ՝ մեր Աստծու հանդեպ, և Տիրոջ ցասումն ու նրա բարկությունը չդարձան մեզնից մինչև այսօր։ 14 Կարդացե՛ք այդ թուղթը, որն ուղարկեցինք ձեզ, դնելով Տիրոջ տաճարում տոնի օրերին և առիթի օրերին։
Ապաշխարության աղոթք.
Խոստովանություն
15 Եվ կասեք. «Տիրոջը՝ մեր Աստծունն է արդարությունը, իսկ մերը՝ երեսի ամոթը, ինչպես այս օրերին Հուդայի մարդու և Երուսաղեմի բնակիչների համար, 16 մեր թագավորներինն ու մեր իշխաններինը, մեր քահանաներինը, մեր մարգարեներինն ու մեր հայրերինը՝ Տիրոջ առաջ, 17 մեղանչեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ և չհավատացինք՝ ապստամբելով նրանից, 18 որովհետև անհնազանդ եղանք նրան և չլսեցինք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնը՝ ընթանալու ըստ Տիրոջ հրամանների, որ դրեց մեր առաջ»։ 19 Այն օրվանից, երբ Տերը մեր հայրերին հանեց եգիպտացիների երկրից, մինչև այսօր անհնազանդ եղանք Տիրոջը՝ մեր Աստծուն, և մերժեցինք լսել նրա ձայնը։ 20 Եվ մեզ շրջապատեցին չարիքներն ու նզովքը, որ Տերը կարգեց իր ծառա Մովսեսի միջոցով այն օրը, երբ մեր հայրերին հանեց եգիպտացիների երկրից՝ տալով մեզ այն երկիրը, որ կաթ ու մեղր է բխեցնում, ինչպես և այսօր։ 21 Եվ չլսեցինք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնն ըստ բոլոր խոսքերի այն մարգարեների, որոնց ուղարկեց մեզ մոտ, 22 և ընթացանք յուրաքանչյուրն ըստ իր չար սրտի խորհուրդների՝ հարելով օտար աստվածների, չարիք գործելով Տիրոջ՝ մեր Աստծու առաջ»։