Հին Կտակարան
Նոր Կտակարան
Երջանիկ ամուսնության մասին1 Երանելի է բարի կնոջ ամուսինը, և կրկնակի է…
Երջանիկ ամուսնության մասին
1 Երանելի է բարի կնոջ ամուսինը, և կրկնակի է նրա օրերի թիվը։
2 Բարեգործ կինն ուրախացնում է իր ամուսնուն և նրա տարիները լցնում խաղաղությամբ։
3 Բարի կինը մի բարի բաժին է, որ Տերը տալիս է իրենից երկնչողներին. հարուստ թե աղքատ՝
4 նրանց սիրտը գոհ է նրանից, և նրանց դեմքը միշտ ուրախ է։
Զգուշանալ չար կանանցից
5 Երեք բանի վրա կասկածեց իմ սիրտը, բայց կա մի չորրորդը, որի դեպքում աղոթում եմ։
6 Դրանք են՝ քաղաքի բանսարկությունը, ժողովարանի վրդովմունքը
7 և սուտ չարախոսությունը, որոնք մահից ավելի դաժան են։
8 Բայց սրտի ցավ և սուգ է այն կինը, որ չարանախանձ է մեկ այլ կնոջ,
9 լեզվանի գազան է, որ խոցում է բոլորին։
10 Չար կինը եզան երերացող լուծի պես է. ով բռնի այն իժ կբռնի։
11 Մեծ խայտառակություն է հարբեցող կինը, որ չի ծածկում իր ամոթը։
12 Կնոջ պոռնկությունը իմացվում է նրա շարժուձևերից, նրա աչքերի հայացքից և նրա արտևանունքներից։
13 Անամոթ դստեր վրա հսկողությո՛ւն հաստատիր, որ չլինի թե համարձակություն ստանալով՝ ինքնագլուխ լինի։
14 Լիրբ աչքի հանդեպ զգո՛ւյշ եղիր և մի՛ զարմացիր, եթե քո դեմ էլ հանցանք գործի։
15 Ինչպես ծարաված ճանապարհորդը, նա բերանը բացում և խմում է ամեն տեսակ մոտիկ ջրերից, նստում է ամեն տեսակ վրանի առջև և կապարճի պես բացվում առաջին իսկ նետի դեմ։
Գովք կատարյալ կնոջ
16 Կնոջ շնորհը հրճվանք է նրա ամուսնուն, և նրա ողջախոհությունը զորացնում է նրա ոսկորները։
17 Խոնարհ կինը Տիրոջ պարգևն է. անփոխարինելի է առաքինի հոգին։
18 Շնորհների վրա շնորհ է ամոթխած կինը,
19 և համարժեք կշիռ չկա նրա զուսպ հոգու համար։
20 Տիրոջ բարձունքներում ծագող արեգակ է
21 բարի կնոջ գեղեցկությունն իր տան հարդարանքի մեջ։
22 Ինչպես լուսատու ճրագն է մաքուր աշտանակի վրա, այնպես էլ երեսի գեղեցկությունն է հանդարտ հասակի վրա։
23 Ինչպես ոսկեղեն սյուներն են արծաթեղեն խարիսխների վրա, այնպես էլ գեղեցիկ ոտքերն են խոնարհ գարշապարների վրա։
25 Սիրտս տխուր է երկու բանի համար, և կա մի երրորդ բան, որից իմ մեջ ցասում առաջացավ։
26 Դրանք են՝ պատերազմող մարդը, որն աղքատության պատճառով է թշվառ, և իմաստուն մարդիկ, որոնք արհամարհված են։
27 Բայց ով արդարությունից դառնում է դեպի մեղքը, Տերը նրա համար սուր է պատրաստում։
28 Դժվար թե վաճառականը խուսափի հանցանքներից, և պանդոկապանը արդարանա մեղքերից։