Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Եվ այն օրը լսեց Հուդիթը՝ Իսրայելի որդի Սարասադեի որդի Սալամիելի որդ…

1 Եվ այն օրը լսեց Հուդիթը՝ Իսրայելի որդի Սարասադեի որդի Սալամիելի որդի Նաթանայելի որդի Եղիաբի որդի Քեղկեի որդի Եղիայի որդի Եղկիայի որդի Ոզիելի որդի Հովսեփի որդի Ոքոզիայի որդի Մերարիի դուստրը, 2 որի ամուսինը՝ Մանասեն՝ իր իսկ ցեղից և ընտանիքից, մահացել էր գարու հնձի ժամանակ։ 3 Երբ դաշտում հսկում էր հնձվորներին, խորշակը հարվածեց նրա գլխին, որից և մահացավ իր քաղաքում՝ Բետիղուայում, և թաղվեց իր հայրերի մոտ այն ագարակում, որը Դովթայիմի և Բաղսովնի միջև է։ 4 Իսկ նրա այրի Հուդիթը երեք տարի և չորս ամիս նստած էր իր տանը։ 5 Նա իր տան տանիքին տաղավար պատրաստեց, իր մեջքին քուրձ գցեց և այրիության զգեստ հագավ։ 6 Եվ նա իր այրիության բոլոր օրերին պաս էր պահում՝ բացի շաբաթ, ամսամուտի, տարեմուտի և Իսրայելի տան այլ ուրախության օրերից։
7 Նա շատ գեղեցիկ էր, և Մանասեն՝ իր ամուսինը, նրան շատ ոսկի և արծաթ, ծառաներ և աղախիններ, ագարակներ և անասուններ էր թողել, և Հուդիթը տիրում էր այդ ամենին։ 8 Ոչ ոք նրա մասին վատ բան չէր խոսում, քանի որ աստվածահաճո կյանք էր վարում։ 9 Եվ լսեց, թե ինչպես է ժողովուրդն ապիրատությամբ խոսում իշխանի հետ, քանի որ ծարավից տանջվում էին։ Հուդիթը լսեց ժողովրդին Ոզիայի ասած խոսքերը և նրանց տված խոստումը, թե հինգ օր հետո քաղաքը կհանձնեն ասորեստանցիների ձեռքը։ 10 Եվ ուղարկեց իր ունեցվածքի կառավարչին՝ կանչելու Ոզիային, Քաբրիին, Քարմիին և իր քաղաքի բոլոր ծերերին։ 11 Երբ եկան նրա մոտ, ասաց նրանց. «Լսե՛ք ինձ, Բետիղուայի՛ բնակիչներ, քանի որ ուղիղ չեն այն խոսքերը, որ այսօր ասացիք ժողովրդի առջև և խոսելով Աստծու առաջ և ձեր մեջ՝ երդումով վճռեցիք մատնել քաղաքը մեր թշնամիների ձեռքը՝ Տիրոջ կողմից մեզ օգնություն չուղարկելու դեպքում։ 12 Արդ դուք, որ այսօր փորձում եք Աստծուն և ձեզ դնում եք Նրա տեղը մարդկանց որդիների մեջ, 13 ամենակալ Տիրոջը չհարցրիք իր ծրագրերի մասին և ի վիճակի չեք իմանալու դրանք։ 14 Եվ եթե նույնիսկ մի մարդու սրտի խորքը հնարավոր չէ մտնել ու նրա սրտի մտածումներն իմանալ, ինչպե՞ս համարձակվեցիք քննել Աստծուն, որ այս ամենը ստեղծեց։ Կարծում եք՝ կիմանա՞ք նրա կամքը, նրա խորհուրդները, երբե՛ք, եղբայրնե՛ր, մի՛ բարկացրեք Տիրոջը՝ մեր Աստծուն։ 15 Եթե այդ հինգ օրերի ընթացքում չցանկանա մեզ օգնել, իր կամքն է, նա իրավունք ունի պաշտպանելու մեզ, երբ ցանկանա, և կամ ոչնչացնելու մեզ մեր թշնամիների առաջ։ 16 Արդ, դուք գրավ մի՛ դրեք Տիրոջ՝ մեր Աստծու կամքը, որովհետև Աստծու սպառնալիքը մարդու սպառնալիքի նման չէ, ոչ էլ տանջանքն է նման մարդու տանջանքին։ 17 Ուստի այժմ ողորմություն ակնկալենք, աղաչենք և խնդրենք մեզ օգնություն, և եթե հաճո է իրեն, կլսի մեր աղոթքի ձայնը, 18 որովհետև մինչև այսօր մեր ազգի ու մեր տոհմի ոչ մի համայնքի և ոչ մի քաղաքի կողմից նման բան չի եղել. չեն երկրպագել ձեռագործների, ինչպես որ առաջին օրերին եղավ, 19 և որի պատճառով էլ մեր հայրերը մատնվեցին սրի, հափշտակության՝ իրենց թշնամիների առաջ կործանվելով։ 20 Բայց մենք իրենից բացի այլ Աստծու չընդունեցինք, և այժմ էլ նրան ենք ապավինում, որ մեզ չանտեսի, և ոչ էլ մեր սերնդին։ 21 Եվ եթե ձեր խոստման համաձայն մատնեք, կպղծվեն մեր սրբությունները, և մենք պատասխանատու կլինենք 22 մեր եղբայրների մահվան, երկրի գերության, մեր ժառանգության ավերման, գերի տարված վայրերում հեթանոսներին ծառայելու համար, մենք անոթի ու նախատինքի առարկա կլինենք բոլոր նրանց առաջ, ում կհանձնվենք։ 23 Մեր գերությունը ուրախություն չի լինի, այլ Աստված այն կօգտագործի մեր անարգության և կործանման համար։ 24 Արդ, եղբայրնե՛ր, ցույց տանք մեր եղբայրներին, քանի որ նրանց անձերը մեզնից են կախված, ինչպես սրբությունները, զոհասեղանն ու տաճարը, 25 և արդ, այս ամենով հանդերձ, գոհություն տանք մեր Աստծուն, որ փորձում է մեզ, ինչպես մեր հայրերին փորձեց։ 26 Հիշե՛ք, թե ի՛նչ արեց Աբրահամի հետ, ինչպե՛ս վարվեց Սահակի հետ և կամ Ասորիքի Միջագետքում՝ Հակոբի հետ, իր մորեղբայր Լաբանի խաշները հովվելիս։ 27 Որովհետև ինչպես որ նրանց սրտի խորհուրդներն իմանալու համար նրանց փորձեց, այնպես էլ մեզ. ոչ թե մեր մեղքերն է պատժում, այլ տանջանքներով խրատում է իր մերձավորներին»։
28 Եվ Ոզիան ասաց. «Այն ամենը, ինչ ասացիր, մաքուր սրտով ասացիր, և ոչ ոք քո խոսքերին հակառակ չի կանգնի, 29 որովհետև այսօր չէ, որ հայտնի դարձավ քո իմաստությունը, այլ ի սկզբանե ողջ ժողովուրդը ծանոթ է հանճարիդ, որովհետև այն ամենը, ինչ բխում է քո սրտից, բարի է։ 30 Բայց քանի որ ժողովուրդը շատ ծարավեց, հարկադրվեցինք այդպես խոսելով՝ մեզ վրա երդում դնել, և այն դրժել չենք կարող։ 31 Արդ, քանզի արդար կին ես, խնդրանքներով աղաչի՛ր դու Աստծուն, որ Տերը անձրև տա, հորերը լցվեն, ու մենք չսպառվենք»։
32 Եվ Հուդիթը ասաց նրանց. «Լսե՛ք դուք ինձ, և ես այնպիսի մի բան կանեմ, որ սերնդեսերունդ և որդուց որդի պատմվի։ 33 Դուք այս գիշեր կանգնեք քաղաքի դռների մոտ, իսկ ես իմ նաժիշտի հետ դուրս կգամ, և այն օրը, երբ ուխտել եք մատնել այս քաղաքը թշնամիների ձեռքը, Տերը կայցելի Իսրայելին իմ միջոցով։ 34 Դուք մի՛ քննարկեք այս գործը, որ պիտի անեմ, քանի որ չեմ ասելու ձեզ այնքան ժամանակ, քանի դեռ չեմ կատարել»։
35 Ոզիան ու իշխաններն ասացին նրան. «Գնա՛ դու խաղաղությամբ, և Տերը՝ Իսրայելի Աստվածը, թող քեզ հետ լինի մեր թշնամիներից վրեժ լուծելիս»։ 36 Եվ նրանք Հուդիթի տաղավարից վերադարձան պարիսպների պահպանության իրենց տեղերը։