Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տովբիթի կտակը1 Այն օրը Տովբիթը հիշեց այն արծաթի մասին, որ Մարաց երկրի…

Տովբիթի կտակը

1 Այն օրը Տովբիթը հիշեց այն արծաթի մասին, որ Մարաց երկրի Հռագիս քաղաքում պահ էր տվել Գաբայելին, 2 և ասաց իր մտքում. «Ես մահ խնդրեցի։ Ինչո՞ւ չկանչեմ իմ Տովբիա որդուն և նախքան մահանալս նրան չհայտնեմ ամեն ինչ»։ 3 Կանչեց նրան ու ասաց. «Զավա՛կս, եթե ես մեռնեմ, թաղի՛ր ինձ. քո մորը չանարգես ու չանտեսես, այլ պատվի՛ր նրան քո կյանքի բոլոր օրերին, արա՛ նրա համար այն ամենը, ինչ հաճելի է նրան և մի՛ տրտմեցրու նրան։ 4 Հիշի՛ր, որ նա քեզ համար շատ չարչարանքներ կրեց, երբ դու նրա որովայնում էիր։ Իսկ երբ մահանա, թաղի՛ր նրան ինձ հետ նույն շիրիմում։ 5 Նաև քո կյանքի բոլոր օրերին դու հիշի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, և մի՛ մեղանչիր ու մի՛ անտեսիր նրա պատվիրանները, այլ քո ողջ կյանքի ընթացքում արդարությո՛ւն արա ու մի՛ գնա անիրավության ճանապարհով, 6 քանի որ երբ դու ճշմարտությամբ գործես, քո բոլոր գործերը կհաջողվեն, ինչպես նաև բոլորինը, որոնք արդարությամբ են գործում։ 7 Քո ունեցվածքից ողորմությո՛ւն արա, և երբ ողորմություն տաս, քո աչքը թող չափսոսա։ Աղքատներից երես մի՛ թեքիր, և Աստված էլ քեզանից երես չի թեքի։ 8 Քո ունեցվածքի համապատասխան արա՛ քո ողորմությունը։ Եթե քիչ ունենաս, չհապաղես այդ քչից էլ ողորմություն անել, 9 քանի որ քո կյանքի օրերին բարի գանձեր պիտի հավաքես, 10 որովհետև ողորմությունները փրկում են մահվանից ու թույլ չեն տալիս խավարը մտնել։ 11 Ողորմությունը բարիք է բոլոր նրանց համար, ովքեր այն կատարում են Աստծու առաջ։
12 Պոռնկությունից քեզ հեռո՛ւ պահիր։ Քո հայրերի սերնդից քեզ կին կառնես և օտար ազգից քեզ կին չառնես, քանի որ մենք մարգարեների՝ Նոյի, Աբրահամի, Իսահակի և Հակոբի՝ մեր նախահայրերի որդիներն ենք։ Դու, որդյա՛կ, հիշի՛ր, որ սրանք բոլորը կին առան իրենց ազգականներից ու օրհնվեցին իրենց զավակներով, և նրանց սերունդը պիտի ժառանգի երկիրը։ 13 Դու էլ, որդյա՛կ, սիրի՛ր քո եղբայրներին, երես մի՛ թեքիր և սրտումդ մի՛ ամբարտավանացիր քո եղբայրների և քո ժողովրդի որդիների ու դուստրերի հանդեպ. նրանցի՛ց քեզ կին առ։ Որովհետև ամբարտավանությունից առաջ է գալիս կորուստ ու մեծ խռովություն, իսկ ցոփությունից՝ մեծ պակասություն ու կարոտություն, քանի որ սովի մայրը ցոփությունն է։
14 Քո աշխատողի վարձը թող չմնա քեզ մոտ մինչև հաջորդ օրը, այլ ժամանակի՛ն վճարիր նրան. եթե ծառայում ես Աստծուն, քեզ բարիքներով կհատուցի։ Դու զգո՛ւյշ եղիր, որդյա՛կ, քո բոլոր գործերում և բարեկի՛րթ եղիր քո ողջ կյանքում։ 15 Եվ այն, ինչ դու ատում ես, ոչ մեկին մի՛ արա։ Այնքան գինի մի՛ խմիր, որ հարբես, և հարբած ճանապարհ մի՛ գնա։ 16 Քո հացից տո՛ւր քաղցածին, քո հանդերձից՝ մերկին և քեզ անհրաժեշտից ավելին ողորմությո՛ւն արա։ 17 Արդարների հուղարկավորության ժամանակ հա՛ց բաշխիր, սակայն մեղավորներին չտաս։ 18 Բոլոր մարդկանցից խորհո՛ւրդ խնդրիր և օգտակար խորհուրդները մի՛ արհամարհիր։
19 Ամեն ժամ օրհնի՛ր դու Տիրոջը՝ քո Աստծուն, և խնդրի՛ր նրանից, որ ուղիղ լինեն քո ճանապարհները, հաջողվեն քո ընթացքն ու քո ծրագրերը, քանի որ մարդկանց խորհուրդը ոչինչ է. Տերն ինքն է բարի խորհուրդ շնորհում և խոնարհեցնում նրան, ում կամենում է։ Արդ, որդյա՛կ, դու հիշի՛ր իմ բոլոր պատվիրանները, որ տվեցի քեզ, և դրանք քո սրտից թող չջնջվեն։
20 Եվ այժմ ես հայտնում եմ քեզ այն տասը քանքար արծաթի մասին, որ պահ եմ տվել Գաբրիայի որդի Գաբայելի մոտ՝ Մարաց երկրի Հռագիս քաղաքում։ 21 Մի՛ վախեցիր, որդյա՛կ, որ շատ աղքատացանք. դեռ շատ հարստություն կունենաս, եթե հեռու մնաս մեղքերից, երկյուղած լինես Աստծու նկատմամբ և հաճելի բաներ անես նրա առաջ։