Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ճառ Ժ1 Որդյա՛կ, պահի՛ր իմ խոսքերը և իմ պատվիրանները պահի՛ր քո մեջ։ 1ա…

Ճառ Ժ

1 Որդյա՛կ, պահի՛ր իմ խոսքերը և իմ պատվիրանները պահի՛ր քո մեջ։ 1ա Որդյա՛կ, պատվի՛ր Տիրոջը ու զորացի՛ր, և բացի նրանից ուրիշ ոչ մեկից մի՛ երկնչիր։ 2 Որդյա՛կ, պահի՛ր իմ պատվիրանները և կապրես, նաև իմ խոսքերը, ինչպես աչքի բիբը։ 3 Կապի՛ր նրանք քո մատներին և գրի՛ր սրտիդ ամբողջ երկայնքով։ 4 Ասա՛ իմաստությանը քեզ քույր լինի, և հանճարը քեզ մտերի՛մ դարձրու, 5 որպեսզի քեզ պաշտպանեն օտար և չար կնոջից, երբ խոսքերի պատրանքներով նա քեզ հրապուրի։

6 Իր տան պատուհանից աչքը հառած հրապարակին՝ 7 նայում է անմիտ պատանիներին և ընտրում մի երիտասարդի, 8 որ անցում է հրապարակով, նրա տան անկյան մոտով։ 9 Երբ իջնում է երեկոյան խավարը, երբ մտնում է գիշերը, և դադարում շարժումը, 10 այդ կինը ընդառաջ է ելնում նրան պոռնկի կերպարանքով, 11 որ խելքահան անի հրայրքով ու պագշոտությամբ։ Նա տանը չի մնում, 12 թափառում է մերթ դրսում, մերթ դարանակալ լինում հրապարակի անկյուններում։ 13 Ապա տենչանքով համբուրում է մեկին և լրբենի տեսքով ասում նրան. 14 «Ես խաղաղության ուխտ էի արել, այսօր աղոթքս կատարեցի, 15 դրա համար ընդառաջ ելա քեզ. ցանկացա երեսդ տեսնել, և ահա գտա քեզ։ 16 Գահավորակս պատել եմ ծածկոցներով, եգիպտական պաստառներով զարդարել, 17 անկողինս կրոկոս ծաղիկով պատրաստել, և բնակարանս կինամոնով խնկել։ 18 Արի՛ մինչև առավոտ սիրով վայելենք և ցանկությանը տրվենք. 19 քանի որ ամուսինս տանը չէ, այլ հեռու ճանապարհ է գնացել, 20 փողի քսակն իր ձեռքն է առել և շատ օրեր անց թերևս տուն գա»։ 21 Եվ մոլորեցնելով նրան բազում խոսքերով, խեղդող շուրթերով գայթակղելով նրան, 22 և նա հիմարացած գնալով կնոջ հետևից, ինչպես արջառը՝ կառափնարան, կամ ինչպես շունը՝ թոկը վզին, 23 կամ ինչպես եղջերուն՝ լյարդից նետահարված, և թռչնի նման շտապում է դեպի ծուղակը ու չի գիտակցում, որ կորստի է մատնում իր հոգին։ 24 Արդ, որդյա՛կ, լսի՛ր ինձ, և անսա՛ իմ բերանի խոսքերին։ 25 Մի՛ շեղիր սիրտդ դեպի նրա ճանապարհները և մի՛ մոլորվիր նրա շավիղներում, 26 որովհետև շատերին խոցոտելով՝ տապալել է, և բազում են նրա կողմից սպանվածները։ 27 Նրա տունը դժոխքի ճանապարհներ են, որոնք իջեցնում են մահվան շտեմարանները։