Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Դանիելն առյուծների գբի մեջ1 Դարեհի աչքին հաճելի թվաց, և թագավորության…

Դանիելն առյուծների գբի մեջ

1 Դարեհի աչքին հաճելի թվաց, և թագավորության վրա հարյուր քսան նախարար կարգեց, որպեսզի լինեն իր ողջ թագավորության մեջ, 2 և նրանց վրա՝ երեք հրամանատար,- և նրանցից մեկը Դանիելն էր,- որ նրանք նախարարներին հրաման տան, որպեսզի արքան չհոգնի։ 3 Դանիելը նրանցից առավել էր, որովհետև նրա մեջ առավել հոգի կար, և թագավորը նրան կարգեց իր ողջ թագավորության վրա։ 4 Հրամանատարներն ու նախարարները նախանձում և պատճառներ էին փնտրում Դանիելի դեմ, բայց ամենևին պատճառներ, հանցանքներ ու մեղքեր չէին գտնում նրա դեմ, որովհետև հավատարիմ էր։ 5 Եվ հրամանատարներն ասացին. «Որևէ տեղից պատճառներ չենք գտնում Դանիելի դեմ, բացի նրա Աստծու օրենքներից»։ 6 Այն ժամանակ հրամանատարներն ու նախարարները կանգնեցին թագավորի առաջ և ասացին նրան. «Դարե՛հ արքա, հավիտյա՛ն ապրիր։ 7 Բոլորը, որ քո թագավորության մեջ են, զորավարները, նախարարները, իշխաններն ու կուսակալները, խորհրդակցեցին՝ արքունական զորությամբ հաստատելու և ամրագրելու մի ուխտ, որ եթե մեկը մինչև երեսուն օր որևէ բան խնդրի որևէ աստծուց կամ մարդուց, բացի քեզնից, արքա՛, նետվի առյուծների գուբը։ 8 Արդ, արքա՛, հաստատի՛ր ուխտը և հրամա՛ն գրիր, որպեսզի չեղծվի մարերի և պարսիկների օրենքը»։ 9 Այն ժամանակ Դարեհ արքան հրամանը գրելու պատվեր տվեց։ 10 Դանիելը երբ իմացավ, որ հրամանը հաստատվել է, մտավ իր տունը, և իր վերնահարկերում պատուհանները բաց էին նրա համար Երուսաղեմի դիմաց։ Օրվա մեջ երեք անգամ ծնրադրում և աղոթքի էր կանգնում, գոհություն էր հայտնում իր Աստծու առաջ, ինչպես առաջ էր անում։ 11 Այնժամ այն մարդիկ հետևեցին և գտան Դանիելին, որ աղոթքի էր կանգնել և աղաչում էր իր Աստծուն։ 12 Մոտեցան և ասացին թագավորին. «Արքա՛, դու մի ուխտ չհաստատեցի՞ր, թե ամեն մարդ, որ մինչև երեսուն օր որևէ բան խնդրի որևէ աստծուց կամ մարդուց, բացի քեզնից՝ արքայիցդ, կնետվի առյուծների գուբը»։ Արքան ասաց. «Ճշմարիտ է այդ բանը, և օրինավոր չէ մարերի և պարսիկների հրամանը շրջանցել»։ 13 Այն ժամանակ պատասխան տվեցին արքային և ասացին. «Դանիելը, որ Հուդայի երկրի գերության որդիներից է, չհնազանդվեց քո հրամանին, արքա՛, և երեք անգամ ինչ-որ բան է խնդրում իր Աստծուց»։ 14 Այն ժամանակ թագավորը, երբ լսեց այդ բանը, շատ տրտմեց Դանիելի համար և ջանում էր փրկել նրան և մինչև ընթրիք ջանաց փրկել նրան։ 15 Այնժամ այն մարդիկ ասացին թագավորին. «Իմացի՛ր, արքա՛, որ մարերի և պարսիկների հրամանը և ամեն ուխտ ու հաստատագիր, որ արքան է հաստատում, օրինավոր չէ շրջանցել»։

16 Այն ժամանակ թագավորը հրաման տվեց, և Դանիելին բերեցին ու նրան նետեցին առյուծների գուբը։ Եվ արքան ասաց Դանիելին. «Այն Աստվածը, որին դու հաճախ պաշտում ես, նա կփրկի քեզ»։ 17 Եվ մի վեմ բերեցին ու դրեցին գբի վրա. թագավորը կնքեց իր մատանիով և մեծամեծների մատանիներով, որպեսզի ուրիշ տեսակ բաներ չփոփոխվեն Դանիելի համար։ 18 Թագավորը գնաց իր տունը, ննջեց առանց ընթրիքի, և խորտիկ չմատուցեցին նրան, և քունը փախավ նրանից։ Աստված խցանեց առյուծների բերանները, և չվնասեցին Դանիելին։ 19 Առավոտ լույսով արքան վեր կացավ և շտապ եկավ առյուծների գուբը։ 20 Եվ երբ մոտեցավ գբին, բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Դանիե՛լ, կենդանի Աստծու ծառա՛, քո Աստվածը, որին դու հաճախ պաշտում էիր, կարողացա՞վ քեզ փրկել այդ առյուծների բերանից»։ 21 Եվ Դանիելն ասաց արքային. «Արքա՛, հավիտյա՛ն ապրիր. 22 իմ Աստվածն ուղարկեց իր հրեշտակին և խցանեց այս առյուծների բերանները, և չվերացրին ինձ, որովհետև ես արդարություն գտա նրա առաջ, իսկ քո առաջ, արքա՛, ոչ մի մեղք չեմ գործել»։ 23 Այն ժամանակ թագավորն ուրախացավ նրա անձի համար և հրաման տվեց՝ հանելու Դանիելին այն գբից։ Դանիելը հանվեց այն գբից, և բոլորովին վնասվածք չգտնվեց նրա վրա, որովհետև հավատաց իր Աստծուն։ 24 Եվ թագավորը հրաման տվեց, և բերեցին Դանիելի դեմ չարախոսող այն մարդկանց, և նրանք, նրանց որդիներն ու նրանց կանայք գցվեցին առյուծների գուբը. դեռ չէին հասել գբի հատակին, առյուծները նրանց հափշտակեցին և մանրեցին նրանց բոլոր ոսկորները։ 25 Այն ժամանակ Դարեհ արքան գրեց բոլոր ազգերին, ժողովուրդներին ու լեզուներին, որ բնակվում էին ողջ երկրում. «Թող խաղաղությունն առատանա ձեզ համար. 26 իմ կողմից դրվեց այս հրամանն իմ թագավորության բոլոր իշխանություններին, որպեսզի երկնչեն և դողան Դանիելի Աստծու երեսից, որովհետև նա է կենդանի Աստվածը և կա հավիտյան. նրա արքայությունը չի եղծվում, և նրա տերությունն անվախճան է։ 27 Օգնական է լինում և փրկում է, հրաշքներ է գործում երկնքում և երկրի վրա, նա, ով փրկեց Դանիելին առյուծների բերանից»։ 28 Եվ Դանիելը հաջողություն էր գտնում Դարեհի և պարսիկ Կյուրոսի թագավորության ժամանակ։