Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Լեռան քարոզը1 Հիսուսը, տեսնելով ժողովրդի բազմությունը, բարձրացավ լեռը…

Լեռան քարոզը

1 Հիսուսը, տեսնելով ժողովրդի բազմությունը, բարձրացավ լեռը։ Երբ նստեց այնտեղ, նրան մոտեցան իր աշակերտները։ 2 Եվ բացելով բերանը՝ սկսեց ուսուցանել նրանց ու ասել.

Երանիներ

(Ղուկ. 6.20-23)

3 Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։

4 Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն։

5 Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը կժառանգեն։

6 Երանի՜ արդարության քաղցն ու ծարավն ունեցողներին, որովհետև նրանք կհագենան։

7 Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։

8 Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։

9 Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդի կկոչվեն։

10 Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։

11 Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և ստելով ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն իմ պատճառով։ 12 Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձը երկնքում։ Հիրավի, այդպես հալածեցին ձեզնից առաջ ապրած մարգարեներին։

Երկրի աղը և աշխարհի լույսը

(Մրկ. 9.49-50, Ղուկ. 14.34-35)

13 «Դո՛ւք եք երկրի աղը։ Եթե աղն անհամանա, ինչո՞վ կաղվի։ Այլևս ոչ մի բանի վրա չի ազդի, այլ դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի։ 14 Դո՛ւք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։ 15 Ճրագը չեն վառում և դնում ամանի տակ, այլ աշտանակի վրա, և այն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր տանն են։ 16 Այդպես էլ թող ձեր լույսը փայլի մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»։

Օրենքի ճշմարիտ ուսուցումը

17 «Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա, չեկա ջնջելու, այլ լրացնելու։ 18 Ճշմարիտ եմ ասում ձեզ, մինչև երկինքն ու երկիրն անցնեն, Օրենքից ու մարգարեներից մի հովտ անգամ, որ մի փոքրիկ գրանշան է, չի անցնի, մինչև որ ամեն ինչ չիրականանա։ 19 Ով այս պատվիրաններից՝ փոքրերից անգամ մեկը զանց առնի և մարդկանց այդպես ուսուցանի, երկնքի արքայության մեջ փոքր կկոչվի։ Իսկ ով գործադրի և ուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ կկոչվի։ 20 Բայց ասում եմ ձեզ, որ եթե ձեր արդարությունը չգերազանցի դպիրների ու փարիսեցիների արդարությանը, երկնքի արքայություն չեք մտնի։

21 Լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. «Մի՛ սպանիր» (Ելք 20.13, Բ Օր. 5.18), որովհետև ով սպանի, դատաստանի կենթարկվի։ 22 Բայց ես ձեզ ասում եմ. ով անտեղի բարկանա իր եղբոր վրա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորն ասի՝ հիմա՛ր, ենթակա կլինի ատյանի, և ով իր եղբորն ասի՝ անմի՛տ, կդատապարտվի գեհենի կրակին։ 23 Եթե զոհասեղանին քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե եղբայրդ քո դեմ ոխ ունի, 24 թո՛ղ քո ընծան, գնա՛, նախ հաշտվի՛ր եղբորդ հետ և ապա ե՛կ, քո ընծան մատուցի՛ր։ 25 Եթե մեկը քեզ հետ խնդիր ունենա և քեզ դատի կանչի, նախապես հաշտությա՛ն եկ նրա հետ, մինչ նրա հետ ճանապարհին ես. գուցե նա քեզ դատավորին հանձնի, դատավորն էլ՝ դահճին, և դու բանտ նետվես։ 26 Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև չվճարես վերջին լուման։

27 Լսել եք, թե ի՛նչ ասվեց. «Մի՛ շնանա» (Ելք 20.14, Բ Օր. 5.17)։ 28 Բայց ես ձեզ ասում եմ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում շնացած կլինի նրա հետ։ 29 Եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար ավելի լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ ընկնի գեհեն։ 30 Եթե քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար ավելի լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ ընկնի գեհեն։ 31 Արդարև ասվել է. «Ով արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթ տա» (Բ Օր. 24.1-4, Մտթ. 19.7)։ 32 Բայց ես ձեզ ասում եմ. ով իր կնոջն արձակում է առանց պոռնկության պատճառի, ինքն է պատճառ դառնում, որ նա շնանա։ Եվ ով արձակված կնոջ հետ ամուսնանա, շնություն արած կլինի։

33 Լսել եք դարձյալ, թե ի՛նչ ասվեց նախնիներին. «Սուտ մի՛ երդվիր, այլ կատարի՛ր այն, ինչ երդվել ես Տիրոջը» (Ղևտ. 19.12)։ 34 Բայց ես ձեզ ասում եմ. ընդհանրապես մի՛ երդվիր, ո՛չ երկնքի վրա, որովհետև Աստծու գահն է, 35 ո՛չ երկրի վրա, որովհետև Նրա ոտքի պատվանդանն է, ո՛չ Երուսաղեմի վրա, որովհետև մեծ Արքայի քաղաքն է։ 36 Ոչ էլ քո գլխով երդվիր, որովհետև չես կարող մի մազ անգամ սպիտակ կամ սև դարձնել։ 37 Ձեր խոսքը պարզապես թող լինի՝ այոն՝ այո՛, և ոչը՝ ո՛չ, որովհետև դրանից ավելին չարից է։

Սեր թշնամիների հանդեպ

(Ղուկ. 6.27-36)

38 Լսել եք, թե ի՛նչ ասվեց. «Աչքի դիմաց՝ աչք և ատամի դիմաց՝ ատամ» (Ելք 21.24, Ղևտ. 24.20, Բ Օր. 19.21)։ 39 Բայց ես ձեզ ասում եմ. չարին հակառակ մի՛ կանգնիր։ Եթե մեկը քո ծնոտի աջ կողմին ապտակ տա, նրան մյուս կո՛ղմն էլ դարձրու։ 40 Եթե մեկն ուզենա քեզ դատի կանչել և քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող։ 41 Եթե մեկը քեզ հարկադրի իր հետ մեկ մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ մղոն էլ գնա։ 42 Ով քեզնից խնդրում է, տո՛ւր, և ով քեզնից ուզում է փոխ առնել, երես մի՛ դարձրու։

43 Լսել եք արդարև, թե ի՛նչ ասվեց. «Պիտի սիրես քո ընկերոջը (Ղևտ. 19.18, Մտթ. 22.39) և պիտի ատես քո թշնամուն»։ 44 Բայց ես ձեզ ասում եմ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ, 45 որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է, որովհետև Նա իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է բերում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա։ 46 Այնպես որ, եթե սիրեք միայն նրանց, ովքեր ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ կլինի. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ 47 Եվ եթե ողջույն տաք միայն ձեզ բարիք կամեցողներին, ի՞նչ ավել բան արած կլինեք. չէ՞ որ մաքսավորներն ու մեղավորներն էլ նույնն են անում։ 48 Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»։