Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տիրոջ դատն Իսրայելի դեմ1 Լսե՛ք սա, որ Տերն ասաց.«Վե՛ր կաց և դա՛տ արա …
Տիրոջ դատն Իսրայելի դեմ
1 Լսե՛ք սա, որ Տերն ասաց.
«Վե՛ր կաց և դա՛տ արա լեռների հետ,
և բլուրները թող լսեն քո ձայնը։
2 Լսե՛ք Տիրոջ դատաստանը, բլուրնե՛ր, ձորե՛ր և երկրի՛ հիմքեր,
որովհետև Տիրոջ դատաստանն իր ժողովրդի հետ է, և Իսրայելի հետ կհանդիմանվի։
3 «Իմ ժողովո՛ւրդ, ի՞նչ եմ արել քեզ
կամ ինչո՞վ եմ տրտմեցրել քեզ կամ ինչո՞վ եմ նեղացրել քեզ,
ինձ պատասխա՛ն տուր։
4 Քանի որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից,
փրկեցի քեզ ծառայության տնից
և քո առջև ուղարկեցի Մովսեսին, Ահարոնին և Մարիամին։
5 Իմ ժողովո՛ւրդ, հիշի՛ր՝ ի՛նչ խորհեց քո մասին մովաբացիների Բաղակ թագավորը,
և ի՛նչ պատասխան տվեց նրան Բեովրի որդի Բաղաամը, այն եղեգներից մինչև Գաղգաղ,
որպեսզի ճանաչվի Տիրոջ արդարությունը»։
6 Ինչո՞վ շտապեմ Տիրոջ մոտ.
կապավինեմ իմ բարձրյալ Աստծուն.
թե՞ շտապեմ նրա մոտ ողջակեզներով և տարեկան հորթերով։
7 Եթե այդպես լինի, Տերը կընդունի՞ հազարավոր խոյեր
կամ բյուրավոր պարարտ նոխազներ,
թե՞ ամբարշտությունների պատճառով տամ իմ անդրանիկները
և իմ միջի պտուղը՝ իմ անձի մեղքերի համար։
8 Ցույց տրվեց քեզ, ո՛վ մարդ,
ի՛նչ է բարին, կամ ի՛նչ է պահանջում քեզնից Տերը,
բայց արդարություն գործել, ողորմություն սիրել
և պատրաստ լինել Տիրոջ՝ քո Աստծու հետևից գնալու։
9 Տիրոջ ձայնը կհնչի քաղաքի վրա և կփրկի նրա անունից երկյուղածներին։
«Լսի՛ր, ա՛զգ, ո՞վ է հանդերձավորելու քաղաքը,
10 եթե ոչ հուրը և անօրենի տունը,
որ գանձում է անօրեն գանձեր անիրավության հպարտությամբ։
11 Եվ կլինի՞, որ անօրենն արդարանա կաշառքով
ու նենգության կշեռքի պայուսակով.
12 ուստի իրենց տները լցրին ամբարշտություններով,
նրա բնակիչներն անիրավություն խոսեցին,
և նրանց լեզուները մեծախոսեցին իրենց բերաններում։
13 Ես կործանումով հարվածեցի քեզ քո մեղքերի համար։
14 Դու կուտես և չես հագենա.
մերժեցի քեզ.
կբռնվես և չես ազատվի,
և ովքեր որ ազատվեն, սրի կմատնվեն։
15 Դու կսերմանես, բայց չես հնձի,
ձեթ կքամես, բայց չես օծվի յուղով,
և գինի, բայց գինի չես խմի։
Կվերանան իմ ժողովրդի անօրենները
16 և Աքաաբի տան բոլոր գործերը.
ըստ նրա խորհուրդների գնացիք,
որ ձեզ մատնեմ կորստյան
և քո բնակիչներին՝ սուլոցի.
ժողովուրդների նախատինքները կընդունեք»։