Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մանանան և լորամարգիները1 Իսրայելի որդիների ողջ ժողովուրդը Եղիմից չվեց…

Մանանան և լորամարգիները

1 Իսրայելի որդիների ողջ ժողովուրդը Եղիմից չվեց ու եկավ Սին անապատը, որը գտնվում է Եղիմի ու Սինայի միջև, եգիպտացիների երկրից դուրս գալու երկրորդ ամսվա տասնհինգերորդ օրը։

2 Իսրայելի որդիների ողջ ժողովուրդը անապատում դժգոհեց Մովսեսից ու Ահարոնից։ 3 Եվ Իսրայելի որդիները նրանց ասացին. «Ավելի լավ կլիներ՝ Տիրոջ հարվածներից մահանայինք եգիպտացիների երկրում, երբ մսով լի կաթսաների մոտ էինք նստում ու կուշտ հաց ուտում, քան բերեիք մեզ այս անապատը, որ ողջ ժողովրդին սովամահ անեք»։ 4 Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես ձեզ համար հաց եմ տեղացնելու երկնքից։ Ժողովուրդը թող ելնի ու հավաքի այն, ինչքան անհրաժեշտ է յուրաքանչյուր օրվա համար։ Եվ կփորձեմ, թե կապրե՞ն իմ օրենքներով, թե՞ ոչ։ 5 Իսկ վեցերորդ օրը ինչ որ պիտի հավաքեն և բերեն, թող նախորդ յուրաքանչյուր օրվա համար հավաքածի կրկնապատիկը լինի»։ 6 Եվ Մովսեսն ու Ահարոնն ասացին Իսրայելի բոլոր որդիներին. «Երեկոյան կիմանաք, որ Տերն է հանել ձեզ եգիպտացիների երկրից, 7 իսկ առավոտյան ականատես կլինեք Տիրոջ փառքին, որովհետև նա լսել է ձեր տրտունջը Աստծու դեմ։ Մենք ո՞վ ենք, որ տրտնջում եք մեր դեմ»։ 8 Եվ Մովսեսն ասաց. «Տերը լսեց մեր դեմ ուղղված ձեր տրտունջը, դրա համար էլ նա երեկոները ձեզ ուտելու միս, իսկ առավոտները հագենալու չափ հաց պիտի տա։ Մենք ո՞վ ենք, որ ձեր տրտունջը մեր դեմ եք ուղղում. ձեր տրտունջը Աստծու դեմ է ուղղված»։ 9 Եվ Մովսեսն ասաց Ահարոնին. «Ասա՛ Իսրայելի որդիների ողջ ժողովրդին. “Եկե՛ք Տիրոջ առաջ, որովհետև լսեց ձեր տրտունջը”»։

10 Մինչ Ահարոնը խոսում էր Իսրայելի որդիների ողջ ժողովրդի հետ, դարձան դեպի անապատը, և ահա Տիրոջ փառքը երևաց ամպի մեջ։ 11 Եվ Տերը Մովսեսին ասաց. 12 «Լսեցի Իսրայելի որդիների տրտունջը։ Արդ, խոսի՛ր նրանց հետ ու ասա՛. “Երեկոները միս կուտեք, իսկ առավոտները հացով կհագենաք։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։

13 Երեկոյան լորամարգիներ ելան ու ծածկեցին բանակատեղին։ Առավոտյան, երբ ցողը վերանում էր բանակատեղիի շրջապատից, 14 անապատի երեսին գինձի սերմի նման մանր, սպիտակ, եղյամի նման մի բան եղավ։ 15 Երբ Իսրայելի որդիները տեսան այն, իրար ասացին. «Ի՞նչ է սա»։ Որովհետև չգիտեին, թե դա ի՛նչ է։ Եվ Մովսեսն ասաց նրանց. «Դա այն հացն է, որ Տերը տվեց ձեզ՝ ուտելու։ 16 Եվ այս է Տիրոջ պատվերը. “Յուրաքանչյուր ոք դրանցից թող հավաքի այնքան, որքան անհրաժեշտ է՝ ըստ ձեր ընտանիքների շնչերի թվի։ Հավաքե՛ք ըստ յուրաքանչյուր վրանում գտնվող մարդկանց թվի”»։ 17 Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին. հավաքեցին ըստ իրենց կարիքի. որը՝ շատ, որը՝ քիչ։ 18 Չափեցին և տեսան՝ ումը որ շատ էր սահմանված չափից, չավելացավ, իսկ ումը՝ քիչ սահմանված չափից, չպակասեց։ Յուրաքանչյուրն իր կարիքի չափով էր հավաքել։ 19 Եվ Մովսեսն ասաց նրանց. «Ոչ ոք մինչև առավոտ դրանից ավելցուկ չթողնի»։ 20 Սակայն ոմանք Մովսեսին չլսեցին. դրանից ավելցուկ մնաց առավոտյան։ Դա որդնոտեց ու նեխեց։ Եվ Մովսեսը զայրացավ նրանց վրա։ 21 Դրանից հետո ամեն առավոտ յուրաքանչյուրը հավաքում էր իրեն պետք եղածի չափ։ Եվ երբ արևը տաքացնում էր, այն հալվում էր։ 22 Իսկ վեցերորդ օրը հավաքեցին պետք եղածի կրկնապատիկը՝ ամեն մեկի համար երկուական բաժին։ Եվ ժողովրդի բոլոր առաջնորդները գնացին ու պատմեցին Մովսեսին։

23 Մովսեսն ասաց նրանց. «Տիրոջ հրահանգն այս է. “Վաղը շաբաթ է, հանգիստ է, Տիրոջը նվիրված սուրբ օր։ Ինչ որ եփելու եք, եփե՛ք, և ինչ որ թխելու եք, թխե՛ք. ինչ որ ավելանա, թող ձեր ամաններում մնա մինչև առավոտ”»։ 24 Եվ դա թողեցին մինչև առավոտ, ինչպես որ հրամայել էր Մովսեսը, և այն չնեխեց ու չորդնոտեց։ 25 Մովսեսն ասաց. «Այդ կերե՛ք այսօր, քանի որ այսօր Տիրոջ շաբաթն է. դրանից այսօր դաշտում չեք գտնի։ 26 Վեց օր կհավաքեք դա, իսկ յոթերորդ օրը՝ շաբաթ օրը, դրանից չի լինի»։ 27 Եվ յոթերորդ օրը ժողովրդի միջից ոմանք ելան դրանից հավաքելու, բայց չգտան։ 28 Եվ Տերն ասաց Մովսեսին. «Մինչև ե՞րբ պիտի չանսաք իմ պատվիրաններին ու օրենքներին։ 29 Տեսե՛ք, Տերը այս օրը ձեզ շաբաթ՝ հանգիստ տվեց։ Դրա համար էլ նա վեցերորդ օրը ձեզ երկու օրվա հաց տվեց՝ ասելով. “Ձեզնից յուրաքանչյուրը յոթերորդ օրը թող նստի իր տանը, և թող ոչ ոք չելնի իր տեղից”»։ 30 Եվ ժողովուրդը յոթերորդ օրը հանգստացավ։ 31 Եվ Իսրայելի որդիները դրա անունը դրեցին մանանա։ Դա գինձի սերմի նման սպիտակ էր ու մեղրախորիսխի համ ուներ։

32 Մովսեսն ասաց. «Ահա թե ի՛նչ հրամայեց Աստված. “Մի ամանի մեջ մեկ չափ մանանա՛ լցրեք և այն պահե՛ք ձեր սերունդների համար, որպեսզի աչքի առաջ ունենաք այն հացը, որ դուք կերաք անապատում, երբ Տերը ձեզ հանեց եգիպտացիների երկրից”»։ 33 Մովսեսն ասաց Ահարոնին. «Մի ոսկե սափո՛ր վերցրու, դրա մեջ մեկ չափ մանանա՛ լցրու և դի՛ր Աստծու առաջ՝ ձեր սերունդների համար պահելու»։ 34 Ինչպես Տերը հրամայեց Մովսեսին, Ահարոնն այն ի պահ դրեց Վկայության* առաջ։ 35 Իսրայելի որդիները քառասուն տարի մանանա կերան, մինչև որ հասան շեն երկիր։ Նրանք մանանա էին ուտում, մինչև որ հասան փյունիկեցիների կողմերը։ 36 Մեկ չափը հավասար է երեք գրիվի մեկ տասներորդ մասի։