Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Պատերազմ Պարսկաստանի և Հունաստանի միջև1 «Ես Կյուրոսի առաջին տարում ամ…

Պատերազմ Պարսկաստանի և Հունաստանի միջև

1 «Ես Կյուրոսի առաջին տարում ամուր և զորեղ էի։ 2 Արդ քեզ կպատմեմ ճշմարտությունը։ Ահա երեք թագավորներ կբարձրանան պարսից երկրի վրա, և չորրորդը մեծ հարստությամբ բոլորից ավելի հարուստ կլինի, և նա իր հարստությամբ հզորանալուց հետո կհարձակվի հույների թագավորությունների վրա։

3 Հզոր թագավոր կբարձրանա, կտիրի մի մեծ տերության և կգործի ըստ իր կամքի։ 4 Եվ երբ բարձրանա, նրա թագավորությունը կփշրվի ու կբաժանվի երկնքի չորս հողմերին, բայց ո՛չ ըստ նրա վախճանի, ո՛չ էլ ըստ նրա տերության, որին տիրեց, քանի որ նրա թագավորությունը կխլվի, և կլինի ուրիշներինը, բացի իրենցից։ 5 Հարավի թագավորը կզորանա, իսկ իշխաններից մեկը կհզորանա նրա դեմ և կտիրի մի մեծ տերության։ 6 Իրենց տարիներից հետո կխառնակվեն միմյանց հետ, և հարավի արքայի դուստրը կմտնի հյուսիսի արքայի մոտ՝ նրա հետ դաշինք կնքելու, բայց չի դիմանա բազկի զորությանը, և նրա սերունդը չի մնա, և կմատնվեն ինքն ու իրեն բերողները և օրիորդն ու նա, ով ժամանակին զորացնում էր իրեն։ 7 Նրա արմատի ծաղկից մեկը նրա պատրաստության վրա կելնի. կգա զորքի դեմ, կմտնի հյուսիսի թագավորության ամրությունները, կգործի նրանց դեմ և կզորանա։ 8 Եվ կկործանի նրանց աստվածներին՝ նրանց ձուլածուներով հանդերձ, և նրանց ոսկե և արծաթե ողջ ցանկալի սպասքն ավար առնելով կբերի Եգիպտոս, և ինքն առավել հզոր կլինի, քան հյուսիսի թագավորը։ 9 Եվ կմտնի հարավի արքայի թագավորությունը և կվերադառնա իր երկիրը։ 10 Նրա որդիները մեծաթիվ զորքերի բազմություն կհավաքեն. հարձակվելով կմտնի, հեղեղ կբերի, կանցնի ու դադար կառնի և կգրգռի մինչև իսկ իր զորքին։ 11 Հարավի թագավորը կկատաղի և կելնի ու պատերազմ կտա հյուսիսի թագավորի դեմ. մեծաթիվ զորք կհավաքի, բայց զորքը կմատնվի նրա ձեռքը։ 12 Կվերցնի բազմությունը, և նրա սիրտը կհպարտանա, բյուրավորների կկործանի, բայց չի զորանա։ 13 Հյուսիսի արքան կդառնա և նախկինից ավելի շատ զորք կբերի և ժամանակների վախճանին մեծ զորքով ու շատ ունեցվածքով կգա կմտնի։ 14 Այդ ժամանակներում շատերը կելնեն հարավի թագավորի դեմ։ Քո ժողովրդի մնացած որդիները կբարձրանան՝ հաստատելու տեսիլքը, և կտկարանան։ 15 Հարավի թագավորը կմտնի, ցեխ կկուտակի և կվերցնի ամուր քաղաքները, բայց արքայի բազուկները չեն դիմանա։ Եվ կելնեն նրա ընտրյալները, բայց պահելու զորություն չի լինի։ 16 Եվ ով մտնի նրա մոտ, նրա կամքը կկատարի, և չի լինի մեկը, որ նրա դեմ կկանգնի։ Փառքի երկրում կմնա ու նրա ձեռքով կվախճանվի։ 17 Նա իր երեսը կուղղի՝ իր ուժով մտնելու նրա ողջ թագավորությունը և բոլոր ուղղությունները կվերցնի նրա դեմ։ Կանանց դստերը նրան կտա կորստյան համար, բայց թող չդանդաղի, և նա թող չլինի նրանը։ 18 Իր երեսը դեպի կղզիները կդարձնի, կվերցնի շատերը և կայրի այն իշխաններին, որ նախատեցին նրանց, և նրանց նախատինքը իրենց երեսին կդարձնի։ 19 Ապա նա զորությամբ կդառնա իր երկիրը, բայց կտկարանա, կընկնի և չի գտնվի։ 20 Նրա արմատից թագավորության տունկ կելնի նրա պատրաստության վրա և կբռնադատի՝ թագավորության փառքը վերցնելու, և այդ օրերին կխորտակվի, և բացեիբաց ու պատերազմով 21 չի մնա իր պատրաստության վրա, քանի որ արհամարհվեց, և նրան չտվեցին թագավորության փառքը, բայց հաջողությամբ կգա ու գայթակղություններով կբռնադատի թագավորություններին։ 22 Այն բազուկները, որ հեղեղ կբերեն, նրա երեսից էլ կհեղեղվեն, ուխտի առաջնորդն էլ կխորտակվի։ 23 Եվ նրանց, որ խառնվեն, նրանով նենգություն կանի և կելնի ու քիչ ազգով կզորանա նրանց դեմ։ 24 Հաջողությամբ, բազում շրջաններով կգա և կանի այն, ինչ չարեցին ո՛չ նրա հայրերը, ո՛չ էլ նրա հայրերի հայրերը, և ավարը, կողոպուտը և ունեցվածքը նրանց կբաշխի և մինչև որոշ ժամանակ եգիպտացիների դեմ դավեր կխորհի. 25 նրա զորությունն ու նրա սիրտը մեծ զորությամբ կարթնանան հարավի թագավորի դեմ։ Եվ հարավի թագավորը չափազանց հզոր ու մեծ զորքով պատերազմ կգումարի, բայց չի դիմանա, որովհետև նրա դեմ դավեր կխորհեն։ 26 Եվ կուտեն, ինչ որ նրան կհասնի. նրան կխորտակեն ու զորքերը կայրեն, և բազում վիրավորներ կընկնեն։ 27 Երկու թագավորների համար էլ նրանց սրտերը կմնան չարության մեջ. մի սեղանի վրա սուտ կխոսեն, բայց չի հաջողվի, որովհետև վախճանը ժամանակների համար է։ 28 Բազում մեծությամբ կվերադառնա իր երկիրը, և նրա սիրտը սուրբ ուխտի դեմ կլինի, և գործի կանցնի ու կվերադառնա իր երկիրը։ 29 Ժամանակին կդառնա ու կգա հարավի դեմ, բայց վերջինն առաջինի նման չի լինի։ 30 Եվ կիտացիների բանակները նրա մոտ կմտնեն ու կխոնարհվեն. կդառնա ու կբարկանա սուրբ ուխտի վրա, գործի կանցնի, կդառնա ու կհավաքվի նրանց դեմ, որոնք թողեցին սուրբ ուխտը։ 31 Նրանից սերունդներ կելնեն և բռնությամբ կպղծեն սրբարանը, կփոխեն պաշտամունքի շարունակությունը և “ավերածության պղծությունը” կդնեն։ 32 Ուխտն ապականողներն իրենց վրա գայթակղություն կբերեն։ Եվ ժողովուրդը, որ ճանաչում է իր Աստծուն, կզորանա և գործի կանցնի։ 33 Ժողովրդի հանճարեղ մարդիկ շատ բաների խելամուտ կլինեն, բայց օրերով կտկարանան սրով ու հրով, գերությամբ ու հափշտակությամբ։ 34 Իրենց տկարանալու ժամանակ փոքր-ինչ օգնականություն կգտնեն, և շատերը գայթակղություններով կավելանան նրանց վրա։ 35 Եվ հանճարեղներից կտկարանան՝ նրանց փորձելու, ընտրելու և հայտնելու համար մինչև ժամանակի վախճանը, որովհետև դեռ ժամանակ կա։ 36 Կգործի ըստ իր կամքի։ Եվ թագավորը կբարձրանա ու կհպարտանա բոլոր աստվածների դեմ, ամբարտավան բաներ կխոսի աստվածների Աստծու դեմ և կհաջողվի, մինչև բարկությունն անցնի, որովհետև վախճանվելու է։ 37 Կմտածի իր հայրերի աստվածների և կանանց ցանկության մասին, միտքը որևէ աստծու չի բերի և ամեն ինչի հանդեպ կհպարտանա։ 38 Իր տեղից կփառավորի հզոր աստծուն. և աստծուն, որին նրա հայրերը չճանաչեցին, կփառավորի ոսկով, արծաթով և թանկարժեք ու ցանկալի քարերով։ 39 Ըստ օտար աստծու կանցնի փախստականների օրերով և փառք կավելացնի, շատերին կհնազանդեցնի իրեն և երկիրը պարգևով կբաժանի։ 40 Եվ վախճանի ժամանակ գազանաբար կկռվի հարավի արքայի դեմ։ Հյուսիսի արքան նրա դեմ կառքերով, հեծյալներով ու բազում նավերով զորաժողով կանի, կմտնի երկիրը և կխորտակի. 41 կանցնի և կմտնի Սաբայիմ երկիրը, և շատերը կտկարանան։

Եվ սրանք են, որ նրա ձեռքից կփրկվեն՝ Եդովմը, Մովաբը և Ամովնի որդիների իշխանությունը։ 42 Իր ձեռքը դեպի երկիրը կմեկնի, և եգիպտացիների երկրին փրկություն չի լինի։ 43 Կտիրի ոսկու և արծաթի գաղտնիքներին և եգիպտացիների, լիբիացիների և եթովպացիների ամրոցներում եղող բոլոր ցանկալի բաներին։ 44 Ապա լուրերն ու տագնապներն արևելքից կստիպեն նրան, և հյուսիսից կգա՝ մեծ բարկությամբ կործանելու շատերին։ 45 Եվ իր վրանը կխփի Եփագնոնում՝ ծովերի միջև, սուրբ Սաբային լեռան վրա, և կգա մինչև նրա մի կողմը, և ոչ ոք չի լինի, որ փրկի»։