Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Փեսան այսպես է ասում դուստրերին և թագուհիներին.1 Ի՞նչ եք տեսնում սուլ…

Փեսան այսպես է ասում դուստրերին և թագուհիներին.

1 Ի՞նչ եք տեսնում սուլամացու վրա,

որ դեպի մեզ է գալիս բանակների գնդերի պես։

Ինչպե՜ս կոշիկներով գեղեցկացավ քայլվածքը քո,

դո՛ւստր Ամինադաբի։

Քո ազդրերը նման են

ճարտար վարպետի ընդելուզած ուլունքների։

2 Պորտը քո սափոր է վարպետորեն կատարված՝

անպակաս խառնուրդի գինուց։

Որովայնդ նման է շուշանով ծածկած ցորենի դեզի,

3 Ստինքներդ նման են այծյամի երկվորյակ ձագերի։

4 Պարանոցդ՝ փղոսկրյա աշտարակի,

աչքերդ՝ Եսեբոնի ծովակներին՝

Բաթ-Րաբիմի դարպասների մոտ։

Ռունգերդ նման են

Դամասկոս նայող Լիբանանի աշտարակին։

5 Գլուխդ քեզ վրա է, ինչպես Կարմելոսը,

իսկ գլխիդ հյուսքերը՝ ծիրանիի նման,

թագակիր թագավորի պես ասպարեզներում։

6 Որքա՜ն գեղեցկացար և որքա՜ն քաղցրացար,

և ի՜նչ հեշտալի դարձավ, օ սե՜ր իմ, քո փափկության մեջ։

7 Հասակդ՝ արմավենու պես,

իսկ ստինքներդ էլ՝ իբրև ողկույզներ։

8 Ասացի՝ ելնեմ արմավենու վրա,

մինչև գագաթ հասնեմ,

և քո ստինքները խաղողի ողկույզի պես կլինեն,

Ռունգերիդ շունչը՝ խնձորի բույրի պես,

իսկ քո բերանը՝ իբրև ազնիվ գինի։

Հարսը դուստրերի և թագուհիների առաջ ասում է.

9 Ուղղությունը թող եղբորորդուս հետևից գնա,

բավականանա թող իմ շուրթերով ու ատամներով։

10 Ես եղբորորդունս եմ, և դեպի ինձ է դառնալու նա։

11 Արի՛, եղբորորդի՛ իմ, ելնենք ագարակները,

գիշերենք գյուղերում ու պարտեզներում։

12 Առավոտ կանուխ ելնենք այգիները,

տեսնենք, թե ծաղկե՞լ է որթը,

ծաղկե՞լ է նոճին, ծաղկե՞լ նռնենին։

Այնտե՛ղ կտամ քեզ իմ ստինքները։

13 Մանրագորներն իրենց հոտն արձակեցին։

Մեր դռների մոտ ամեն տեսակ մրգատու ծառեր կան՝

նորը հնի կողքին, որ մայրս տվեց ինձ.

այն քե՛զ համար պահեցի, եղբորորդի՛ իմ։