Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աղոթքի տուն բոլոր ժողովուրդների համար1 Այսպես է ասում Տերը.«Պահպանե՛ք…
Աղոթքի տուն բոլոր ժողովուրդների համար
1 Այսպես է ասում Տերը.
«Պահպանե՛ք իրավունքը և կատարե՛ք արդարությունը,
քանզի եկել հասել է իմ փրկությունը,
և հայտնվելու է իմ ողորմությունը։
2 Երանի՜ այն մարդուն, որ կանի այդ,
և նրան, որ հավատարիմ կմնա դրան,
կպահի իմ շաբաթներն ու չի պղծի
և իր ձեռքը հետ կքաշի անիրավություն անելուց»։
3 Օտարազգին, որ եկել հարել է Տիրոջը, թող չասի.
«Տերը մերժեց ու վանեց ինձ իր ժողովրդից»,
և ներքինին էլ թող չասի.
«Ես չոր փայտ եմ»։
4 Այսպես է ասում Տերը ներքինիներին.
«Ովքեր կպահեն իմ պատվիրանները,
կնախընտրեն այն, ինչ ես եմ կամենում,
և իմ ուխտի մեջ կմնան,
5 նրանց իմ Տան մեջ և իմ պարսպի ներսում ավելի պատվավոր տեղ կտամ,
քան որդիներին ու դուստրերին,
նրանց հավիտենական մի անուն կտամ, որ չի կորչելու։
6 Իսկ այն օտարազգիներին, որոնք եկել հարել են Տիրոջը,
որպեսզի ծառայեն նրան և սիրեն նրա անունը,
նրա համար ծառաներ և աղախիններ լինեն,
ու բոլոր նրանց, որոնք կպահեն իմ շաբաթները և չեն պղծի,
ու կմնան իմ ուխտի մեջ,
7 նրանց կտանեմ իմ սուրբ լեռը,
կուրախացնեմ նրանց իմ աղոթքի տան մեջ,
նրանց ողջակեզներն ու ընծաներն ընդունելի կլինեն իմ սեղանի վրա,
քանզի իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պիտի կոչվի»։
8 Այսպես ասաց Տերը,
որ հավաքում է Իսրայելի բոլոր ցրվածներին.
«Նրանց վրա ես պիտի հավաքեմ վայրի բոլոր գազաններին»։
Կույր պահապաններ
9 Եկեք կերե՛ք, վայրի բոլո՛ր գազաններ։
10 Տեսե՛ք, ամենքն էլ կուրացել են
և չգիտեն, թե ի՛նչ է իմաստությունը.
ամենքն էլ կարծես համրացած շներ են, որ չեն կարողանում հաչել,
իրենց անկողիններում երազներով են տարված,
սիրում են նիրհել։
11 Իրենց հոգով լիրբ եղան շների նման,
որ անկուշտ են, չար են և չգիտեն, թե ի՛նչ է իմաստությունը.
ամենքն իրենց ճանապարհներով գնացին։
12 «Եկե՛ք,- ասում են,-
գինի առնենք և հարբենք գինով.
այդպիսի օրը մեզ համար ամենամեծ զոհաբերությունը կլինի»։